Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում առանձնազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մոտ կես ժամ տևած հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը:
“Այդ հարցում մեր տեսակետը գիտեք, բազմաթիվ անգամներ ենք խոսել այդ մասին, այդ երկու հարցերը մեզ համար շատ կարեւոր են: Առաջիկայում պետք է այս խնդիրների շուրջ առաջընթաց գրանցենք: ԱՄՆ նախագահն ասաց, որ իրենք կարևորում են այդ երկու խնդիրների լուծումը”,- հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է Գյուլը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Սիրիայում ստեղծված ճգնաժամը: Կողմերն իրենց մտահոգությունն են հայտնել հարցի կապակցությամբ: “Ցանկանում են ավելի լուրջ դերակատարում ունենալ այդ հարցում: Սիրիայի հարցը երկու երկրների հարց չէ, եւ այն հետաքրքրում է ողջ միջազգային հանրությանը”,- ասել է Գյուլը: Նա նաև պահանջել է հեշտացնել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային անօդաչու ինքնաթիռներ վաճառելու գործընթացը: Նա հիշեցրել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիան ԱՄՆ-ի գործընկերն է, սակայն անօդաչու ինքնաթիռներ գնելու գործընթացի ընթացքում հաճախ խոչընդոտների է հանդիպում: