ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՉՕԳՆԵՑ ԱՆԳԱՄ ԴԱՏԱՐԱՆԸ
ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` «Բուռնաշը», «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ում կառավարական օթյակում խոհանոցային եւ հավաքարարների աշխատանքները կառավարող Լիանա Շահբազյանից իր գումարը ստանալու նպատակով դիմել է դատարան, սակայն դեռ հաջողության չի հասել:
Նախ հիշեցնենք, որ 2013թ. «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդում էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դեմ` նշելով, թե վերջինս սպառնացել է վերացնել իրեն եւ աղջկան, իսկ փեսան էլ առեւանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Լիանա Շահբազյանը Աշոտ Աղաբաբյանին պարտք է շուրջ 20.200 ԱՄՆ դոլար: Նա ոստիկանությունում հայտարարել էր, որ Աշոտ Աղաբաբյանի աշխատասենյակում պարտքի վերադարձման հետ կապված խոսակցություն է եղել, եւ պատգամավորը սպառնացել էր, թե 2.000 ԱՄՆ դոլար կտա մեկին, որ իրեն ու աղջկան` Դիանա Շահբազյանին, վերացնեն: Ուստի տիկինն էլ, վտանգ զգալով եւ վախենալով սպառնալիքներից, դիմել էր իրավապահներին:
Այս գործը սկզբում գտնվում էր հատուկ քննչական ծառայության վարույթում, սակայն ավելի ուշ ՀՔԾ-ն գործը վերադարձրել էր ոստիկանության քննչական մարմիններին, քանի որ քաղաքացի Լիանա Շահբազյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար հիմքեր ձեռք չէին բերվել պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից դիմումատուի հասցեին սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ:
Ու մինչ ոստիկանությունն էլ կհասցներ գործը կարճել, Աշոտ Աղաբաբյանը ժամանակ չէր կորցրել քաղաքացիական հայցով դիմել դատարան, որպեսզի օրինական ճանապարհով հետ ստանար իր գումարը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս աղմկալի պատմությունից կարճ ժամանակ անց Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 2013թ սեպտեմբերի 5-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Լիանա Շահբազյանից գանձել 20.200 ԱՄՆ դոլար: Բացի այդ՝ պատգամավորը պահանջել էր արգելանքի տակ դնել Լիանա Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը՝ Երեւանի Պարոնյան փողոցի 9-րդ շենքի թիվ 40 հասցեում գտնվող նկուղը, որպեսզի այն բռնագանձելու միջոցով հնարավոր լիներ տիկնոջից ետ ստանալ պարտքը:
Նշենք, որ Լիանա Շահբազյանն այդպես էլ չէր ներկայացել դատական նիստերին: Ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով դատարանը գործը քննել էր առանց նրա ներկայության:
Արդյունքում՝ 2013թ. դեկտեմբերի 27-ին Ռուբեն Ափինյանը վճռել է Աշոտ Աղաբաբյանի ներկայացրած հայցը բավարարել մասնակիորեն: Բավարարվել է Աշոտ Աղաբաբյանի պահանջը՝ Լիանա Շահբազյանից 20.200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասով, սակայն Լիանա Շահբազյանի գույքի վրա արգելանք դնելու պահանջը մերժվել է՝ դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
Նշենք, որ այս վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2014թ-ին:
«Ժողովուրդ»-ը Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեց, թե ի վերջո նա կարողացավ իր գումարը հետ վերադարձնել. «Ո՛չ, չեմ ստացել ու չեմ էլ կարող ստանալ»: Հարցին, թե ինչո՞ւ չի կարող ստանալ, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Քանի որ պետությունը պաշտպանում է նման արարքագործներին, այսինքն՝ օրենքը թույլ չի տալիս իմ իրավունքներն օգտագործել ու պաշտպանել»:
Ասել է թե՝ Աշոտ Աղաբաբյանը դժգոհ է, որ դատարանը արգելանք չի դրել Լիանա Շահբազյանին պատկանող գույքի վրա՝ այդպիսով անհնար դարձնելով օրինական ճանապարհով գումարի վերադարձման շանսերը:
Հիշեցնենք, որ Աղաբաբյանը Հանրապետական կուսակցության հնաբնակներից է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աներորդին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԱՐՏԱՌՈՑ ԴԵՊՔ
Երեկ հանրապետությունում գրանցվել է հերթական արտառոց դեպքը: Armlur.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գերեզմանատնից գողություն է կատարվել: Ոստիկանության Մարալիկի բաժնի ծառայողները ծաղկեպսակներ գողանալու պահին բռնել են ամուսինների: Վերջիններս խոստովանել են, թե ծաղկեպսակները պատրաստվում էին գողանալ՝ վաճառելու նպատակով: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատել են այս տեղեկությունը՝ հայտնելով, որ ամուսինները ստորագրությամբ բաց են թողնվել: Կատարվում է հետաքննություն՝ պարզելու, թե ինչու էին դիմել նման սրբապիղծ քայլի:
ՏՂԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ Երեւանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին տղա ուսանող է մահացել: Armlur.am-ի հետ զրույցում ԵՊՀ լրատվության բաժնի վարչության պետ Կարեն Գրիգորյանը հայտնել է, որ մահացած ուսանողը ԵՊՀ ինֆորմատիկայի ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի երկրորդ կուրսի ուսանող էր, ով ֆիզկուլտուրայի դասաժամին ասել է, թե սիրտս ծակում է, ապա կտրուկ վայր է ընկել եւ տեղում մահացել: Կարեն Գրիգորյանը հավելել է, որ կանչված շտապ օգնությանը չի հաջողվել փրկել ուսանողի կյանքը:
Լեւոն Հայրապետյանը 19 տարեկան էր, ապրում էր Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրում՝ Օշական համայնքում: Իսկ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Էդվարդ Դանոյանը Armlur.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենց հայտնի չէ՝ արդյոք ուսանողը նախկինում բողոքե՞լ է սրտից կամ նրա մոտ առկա այլ հիվանդությունների մասին ինչ է ասել: Փոխդեկանը միայն հայտնել է, որ ականատես համակուրսեցիները պատմել են, որ ուսանողը ֆուտբոլ խաղալիս եղել է դարպասապահ եւ անսպասելիորեն ընկել է գետնին:
Հ.Գ. Նշենք, որ յուրաքանչյուր ուսանող առաջին կուրսում համալսարանում բուժզննում է անցնում: Թե ինչպես է ստացվել, որ հանկարծամահ եղած ուսանողի մոտ որեւէ հիվանդություն չի հայտնաբերվել, թերեւս այլ քննության առարկա է:
ԾԵԾԿՌՏՈՒՔ
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում ծեծկռտուք է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նշված օրը գյուղի բնակիչներ Արամը եւ Էդգարը սկզբում վիճել են, ապա՝ դիմել բռունցքների օգնությանը: Մեր տեղեկություններով՝ տղաների միջեւ հակասության պատճառը եղել է պարտքի շուրջ ծագած տարաձայնությունը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ընթանում է քննություն:
ԵՎՍ ՉՈՐՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող դատական դեպարտամենտի 13 աշխատակիցների դատավարարությանը զուգահեռ՝ նույն քրգործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է: Խոսքը դատական դեպարտամենտի նախկին գլխավոր հաշվապահին եւ աուդիտի վարչության պետին յուրացումների մեջ մեղադրելու դրվագի մասին է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել դատական դեպարտամենտի նախկին գլխավոր հաշվապահ Գեղամ Հարությունյանին, հաշվապահության նախկին աշխատակիցներ Հովակիմ Բադանյանին, Շուշանիկ Բանտիկյանին, ինչպես նաեւ՝ ներքին աուդիտի վարչության նախկին պետ Սուսաննա Սեդրակյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ վերը նշված անձինք մեղադրվում են ավել աշխատավարձ ձեւակերպելու արդյունքում գլխավոր հաշվապահին 2 միլիոն 800 հազար դրամ, ներքին աուդիտ վարչության նախկին պետին 2 միլիոն 400 հազար դրամ, իսկ մյուս աշխատակիցներին համեմատաբար ավելի քիչ գումարներ փոխանցելու մեջ: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետի հատկանիշներով: «Ժողովուրդ»-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ այս գործով, ինչպես նաեւ դատական կարգադրիչների ծառայության առանձին ստորաբաժանումների կողմից պաշտոնական կեղծիքներ կատարելու քրգործով նախաքննությունը շարունակվում է:
ԱՄՆ-Ն ԼԱՎ ՉԻ ՊԱՀՈՒՄ
Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունները, ի դեմս ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, տարածած հայտարարությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության գործունեության կապակցությամբ: «Մեզ համար անհայտ պատճառներով վերջին շրջանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության քմահաճության հետեւանքով մենք ԱՄՆ մուտքի արտոնագիր չենք ստանում: Հարյուրավոր դեպքեր են գրանցվել, երբ դրական պատասխան ստանալու նպատակով ՏՏ ընկերությունների աշխատակիցները ԱՄՆ հյուպատոսական ծառայությանը ստիպված են դիմել 3 անգամ, որը ոչ միայն նյութական լրացուցիչ ծախս է ենթադրում (յուրաքանչյուր դիմումի արժեքը 160 $), այլեւ անտեղի վատնվում է մասնագետների թանկարժեք աշխատաժամանակը: Մեր տեղեկություններով՝ չնայած հայաստանյան տեխնոլոգիական մասնագետների հաճախակի գործուղումներին, ԱՄՆ միգրացիոն օրենքների խախտումներ չեն գրանցվել»,- հայտարարել է Կ. Վարդանյանը:
ՏԱՊԱԼՎԵՑ
ՀՀ ԱԺ հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի «Հայաստան. աշխարհաքաղաքական հարաբերություններ» թեմայով քննարկումը երեկ տապալվել է: Հյուրն էր քաղաքագետ, ՌԴ հանրային պալատի առաջին եւ երկրորդ կազմի անդամ Անդրանիկ Միհրանյանը, եւ նախատեսված էր, որ հանդիպմանը պետք է մասնակցեին նաեւ ՀՀ պատգամավորները՝ Վարդան Այվազյանը, Կորյուն Նահապետյանը, Ռուզաննա Մուրադյանը, Վահե Էնֆիաջյանը, Հայկ Բաբուխանյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ այլք: Սակայն «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ նրանցից ոչ մեկը չէր ներկայացել: Ներկա չէր նաեւ ըստ միջոցառման ծրագրի՝ մոդերատոր Հերմինե Նաղդալյանը: Սակայն ԱԺ փոխխոսնակի անունը, չգիտես ինչու, գրված էր «Հեղինե»: Այս «վշտից» Ա. Միհրանյանը լրագրողների վրա է հարձակվել. «Դուք եթե տեղյակ չեք, ուրեմն սխալ տեղ եք եկել, պետք է իմանայիք, թե ուր եք գալիս եւ ում հետ եք հանդիպում»: