Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԿՈՆԿՐԵ՞Տ Է
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ փողը միշտ էլ չի հերիքում, եւ 2015 թվականի բյուջեի հատկացումները որքան էլ շատ լինեն, միեւնույնն է՝ ամբողջությամբ չեն կարող բավարարել՝ մարզային բոլոր ծախսերը հոգալու համար:
-Պարո՛ն Նալբանդյան, 2015 թվականի բյուջեի հատկացումներից գո՞հ եք: Որոշ նախարարներ դժգոհություն են հայտնում այն առիթով, որ բենզինի, հեռախոսային, ինտերնետային ծախսերի համար նախատեսված հատկացումները կրճատվել են: Դուք ի՞նչ դժգոհություններ ունեք:
-Մենք, բնականաբար, ըմբռնումով ենք մոտենում այս ամենին, հաշվի ենք առնում այն հանգամանքը, թե այսօր Հայաստանի բյուջեն ինչ հնարավորություններ ունի եւ հասկանում ենք` ինչ համամասնությամբ են մարզերին բաշխումներ արվում: Անկեղծ ասած՝ փորձում ենք գումարի մեջ տեղավորվել, ըստ արժանվույն օգտագործել:
-Ընթացիկ տարում քանի՞ համայնք եք այցելել:
-Շաբաթվա երկու օրը մենք մեզ համար հայտարարում ենք համայնքների այցելության օր եւ, բնականաբար, փորձում ենք յուրաքանչյուր շաբաթվա մեջ գոնե երկու օր լինել մեր գյուղերում: Լինում են դեպքեր, երբ մի այցելության ժամանակ մինչեւ 3-4 համայնք ենք այցելում եւ տվյալ համայնքում հանդիպումներ կազմակերպում բնակիչների հետ:
-Պարո՛ն Նալբանդյան, Տիգրան Սարգսյանի եւ իր կառավարության հե՞տ էիք կարողանում հեշտությամբ աշխատել, թե՞ ներկայիս վարչապետի հետ:
-Մեզ համար երբեք էլ դժվար չի եղել աշխատել ՀՀ կառավարության հետ: Դա վերաբերում է թե՛ ներկայիս կառավարությանը, թե՛ նախորդ կառավարությանը: Մեր աշխատելաոճը նույնն է մնացել, եւ ես կարող եմ մեր աշխատելաոճի մասին ասել՝ մեզ մոտ ոչինչ չի փոխվել:
-Արմեն Գեւորգյանի հրաժարականի մասին ի՞նչ կարող եք ասել: Ինչո՞ւ նա գնաց:
-Արմեն Գեւորգյանի հետ աշխատելը շատ հեշտ էր, նրա մասին կարող եմ միայն դրական բաներ ասել: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ բավականին փորձառու եւ պատրաստված քաղաքական գործիչ էր: Մարդը չի ցանկացել այդ բնագավառում շարունակել իր գործունեությունը: Նա իր գիտելիքներն այլ բնագավառում կկիրառի: Ինքը եւս բառացի մեկնաբանել է, ասել է, որ չի ուզում շարունակել աշխատանքը, այլ աշխատանքի է անցնում: Միայն այդքանը կարող եմ ասել: Այլ մեկնաբանության կարիք չկա:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւս փորձեց հավաստիացնել, որ բյուջեի այս տարվա հատկացումներից դժգոհ չէ, բայց միաժամանակ ընդգծեց, որ ավել հատկացումները չէին խանգարի:
-Պարո՛ն Ղահրամանյան, դժգո՞հ եք, որ Ձեզ էլ են քիչ փող հատկացրել:
-Նախորդ տարվա համեմատ այս տարի 400 միլիոնով ավել դոտացիա կա, 190 միլիոն ավել գումար էլ հատկացվել է կրթության ոլորտին: Ինչ վերաբերում է բենզինի հատկացումներին, պետք է ասեմ, որ եղած պաշարներով աշխատում ենք բավարարվել: Կարելի է ասել, որ ամբողջությամբ չենք կարողանում հերիքացնել գործուղումներ իրականացնելուն եւ համայնքներ այցելելուն:
-Ե՞րբ եք վերջին անգամ այցելել ձեր մարզի համայնքներ:
-Մեր մարզն ունի 97 համայնք, եւ այնպես չի լինում, որ տարին առնվազն չորս անգամ համայնքներ չայցելենք: Համայնքներ էլ լինում են, որ տարվա ընթացքում 10-20 անգամ ենք այցելում:
-ՀՀ կառավարության փոփոխությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ Ձեր գործունեության վրա: Տիգրան Սարգսյանի հե՞տ էր հեշտ աշխատելը, թե՞ Հովիկ Աբրահամյանի:
-Երկու վարչապետների հետ էլ կարողացել ենք նորմալ աշխատել: Կառավարության կազմում փոփոխությունները մեր գործունեության վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ: Տիգրան Սարգսյանի հետ նորմալ աշխատում էինք: Հիմա էլ շարունակում ենք նույն կերպ աշխատել Հովիկ Աբրահամյանի հետ: Տարբերության մասով կարող եմ ասել միայն, որ Հովիկ Աբրահամյանի հետ ավելի կոնկրետ հարցերի շուրջ ենք աշխատում:
-Արմեն Գեւորգյանի հրաժարականի վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել:
-Տարածքային կառավարման արդեն նախկին նախարար Արմեն Գեւորգյանը հրաժարական է տվել, եւ դա իր գործն է, այդ մասին ես ոչինչ չեմ կարող ասել: Միայն կարող եմ ասել, որ նա պարկեշտ, բանիմաց երտասարդ պաշտոնյա էր: Դե, իր գործն է:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«ՆԱԻՐԻՏ»-Ի ՀԱՇԻՎՆԵՐՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԿԴՐՎԵ՞Ն
«Էներգոկոր» ՓԲԸ-ն հոկտեմբերի 7-ին դիմել է դատարան՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով:
Տեղեկացնենք, որ այս ընկերությունը գործում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Սակայն «Ժողովուրդ»-ի ջանքերն ընկերության որեւէ ներկայացուցչի գտնելու ուղղությամբ ապարդյուն անցան: «Էներգոկոր» ՓԲԸ-ի մասին որեւէ տեղեկություն ոչ մի տեղ գրանցված չկա: Միայն հայտնի է, որ ՀՀ պետական ռեգիստրում գրանցված այդ ընկերության հիմնադիրները Կարեն եւ Գարիկ Արաբյաններ եղբայրներն են:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց հրազդանցիների շրջանում հետաքրքրվել ընկերության մասին: Վերջիններիս փոխանցմամբ՝ սեփականատերեր Արաբյանները 90-ականներին են միայն ակտիվ գործունեություն ծավալել: Նրանք այդ տարիներին նոր են վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից ու զբաղվել են ջերմամեկուսիչ սարքերի, նյութերի եւ գեներատորների արտադրությամբ: Բայց հրազդանցիների համոզմամբ՝ այսօր նրանք նշված հասցեում գործունեություն չեն ծավալում: Չի բացառվում՝ կրկին վերադարձել են Ռուսաստանի Դաշնություն:
Նշենք, որ պաշտոնական փաստաթղթում, որ տեղադրված է համացանցում, նշված չէ՝ «Էներգոկոր»-ը ինչու եւ որքան գումար է պահանջում «Նաիրիտ»-ից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս այդ ընկերության ներկայացուցիչները դիմել են նաեւ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ «Նաիրիտ»-ի հաշիվներն արգելանքի տակ դնելու պահանջով: Ի վերջո «վերեւներից» համոզել են նրանց հետ վերցնել իրենց դիմումը, քանի որ աշխատավարձի վճարման խնդիրներ կան, չէ՞ որ գործարանի հարյուրավոր աշխատակիցներ դեռ չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերը: Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Նաիրիտ»-ի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանը, այժմ արգելանքը հաշիվների վրայից հանված է: Բացի այդ՝ խոսնակը տեղեկացրեց, որ իր տեղեկություններով այս ընկերությունը հայցը հետ է վերցրել:
Իսկ թե ինչ հանգուցալուծում կունենա այս պատմությունը, բազմաթիվ ֆինանսական խնդիրներ ունեցող «Նաիրիտը» երբ եւ ինչ գումարներով կմարի կուտակված պարտքերը, ցույց կտա ժամանակը:
Հ.Գ. Հիշեցնենք, որ նախկինում էլ «SandbadTir INTL Transport Co.LTD» իրանական ընկերությունն էր դատարան դիմել՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտը»: Որոշ ժամանակ անց՝ երկու կողմերի միջեւ բանակցություններ սկսվեցին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՏՆՕՐԵՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ
Դիլիջանի բնակչուհի, 1963թ. ծնված Սեդա Քոչարյանին մեղադրանք էր ներկայացվել առ այն, որ նա 2008թ.-ից մինչեւ 2013թ.-ը Աննա Ապրեսյանին դրդել, համոզել է տարբեր անձանցից եւ կազմակերպություններից պարտքով վերցնել գումարներ եւ տալ իրեն, իսկ հետագայում հրաժարվել է դրանք վերադարձնել` սպառնալով վնասել Ա. Ապրեսյանին եւ նրա ընտանիքի անդամներին: Իրավիճակի արդյունքում Աննա Ապրեսյանը 2013թ. հունվարի 8-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատանը ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Բացի այդ՝ Ս. Քոչարյանը մեղադրվել է նաեւ այն բանում, որ 2012թ. մարտից մինչեւ սեպտեմբեր խարդախությամբ, Աննա Ապրեսյանի վստահությունը չարաշահելով եւ խաբեությամբ, նրա միջոցով Արարատ Ալիխանյանից հափշտակել է 2 միլիոն դրամ գումար: Ս. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով («Ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ») եւ 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով»): Ս. Քոչարյանը 2008թ.-ից մինչեւ 2012թ. հոկտեմբերը եղել է Դիլիջանի ավտոկայարանի տնօրենը, Աննա Ապրեսյանը` նույն ավտոկայարանի տոմսավաճառը: Այս գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում սկսվել է 2013թ. հոկտեմբերի 16-ին:
Սակայն մեկ տարի անց՝ 2014թ. մարտի 25-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է ՀՀ քր.օր.-ի 110 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ս. Քոչարյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել եւ նրան անհապաղ ազատ արձակել հենց դատական նիստերի դահլիճից: Այդ վճռի դեմ ավագ դատախազ Ն. Չիլինգարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը հունիսի 23-ին որոշել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. մարտի 25-ի արդարացման դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով՝ նոր քննության:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում (դատավոր` Զոյա Զաքինյան) սեպտեմբերի 3-ից ընթանում էր այս գործով քննությունը: Հոկտեմբերի 28-ին դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով եւ 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում Սեդա Քոչարյանին անմեղ ճանաչել եւ նրան արդարացնել: Զարմանալի է, որ Ս. Քոչարյանը կարծես այնքան էլ ուրախ չի եղել եւ հազիվ լսելի ձայնով շնորհակալություն է հայտնել դատավորից:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ