Երբ ջութակահարուհի Սոնա Արզումանյանը իտալական Կրեմոնա քաղաքում տեղի ունեցած կատարողների չորրորդ միջազգային մրցույթում միջին տարիքային խմբում արժանացավ առաջին մրցանակի եւ էլի երկու հատուկ մրցանակների, հայաստանցիներից հաշված թվով մարդիկ իմացան այդ մասին, իսկ լրատվամիջոցները, չգիտես ինչու, լռեցին (իրադարձությամբ հետաքրքրվել էր միայն մեկ կայք, ընդ որում՝ ոչ պաշտոնական):
Երաժիշտների ընտանիքում մեծացած 12-րդ դասարանի աշակերտուհին երազում է, որ իր արվեստի նկատմամբ մեր երկրում ավելի մեծ հետաքրքրություն լինի, իսկ իր աշխատանքը գնահատվի: Հակառակ դեպքում չի բացառվում, որ Սոնան էլ, մի շարք երաժիշտների նման, հրապուրվի արտերկրի հրավերներով, հատկապես այն դեպքում, երբ դրա համար բոլոր նախապայմանները կան:
Միջազգային մրցույթին մասնակցելուց հետո ջութակահարուհին արտերկրում սովորելու երկու առաջարկ է ստացել. «Այդ հարցը դեռ քննարկում ենք, հստակ չեմ կարող ասել՝ որտեղ կսովորեմ, բայց լավ կլիներ, եթե արտերկրում ուսանեի, ամեն դեպքում, պետք է հաշվի առնել նաեւ ֆինանսական հնարավորությունները»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց Սոնան: Նա դժվարանում է ասել՝ իրեն հետագայում կհաջողվի իր աշխատանքին համարժեք վարձատրվել, թե ոչ.«Այսօր արվեստը չի գնահատվում, շատ դժվար է գումար վաստակելու մասին խոսելը, հույս ունեմ՝ իրավիճակը կլավանա»,-նշեց նա:
Սոնան մտածել է նաեւ երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու մասին, սակայն ցանկություն ունի շարունակելու ջութակահարի կարիերան, թեեւ նկատում է, որ մարդիկ այսօր ավելի շատ հետաքրքրված են, օրինակ, շոու-բիզնեսով, քան արվեստով, դասական երաժշտությամբ. «Դասական ժանրի երաժշտությունը, ցավոք, ամենաքիչն է հետաքրքրում մարդկանց»,-պնդում է ջութակահարուհին:
Ի դեպ, Սոնան առաջիկայում պատրաստվում է ելույթ ունենալ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Կոմիտասի անվան կվարտետի 90-ամյակին նվիրված համերգին: Խոստումնալից ջութակահարուհուն կարելի է լսել նաեւ «Նոր անուններ» կազմակերպության համերգների շրջանակներում: Սոնայի արվեստի սիրահարները ուրախանալու եւս մեկ առիթ կունենան, հավանաբար, արդեն ապրիլին. ջութակահարուհին ծրագրում է հանդես գալ մենահամերգով:
Աննա Բաբաջանյան