Հայաստանի քաղաքացիների միայն 10.3%-ն է կարծում, որ օբյեկտիվորեն լավ է ապրում և գոհ է իր վիճակից, 3.3%-ը լավ է ապրում, սակայն դժգոհ է, 49%-ը վատ է ապրում, սակայն համակերպվել է իր վիճակին, 37.4%-ը օբյեկտիվորեն վատ է ապրում և դժգոհ է իր վիճակից: Այս տվյալները հրապարակված են այսօր կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ “Հայաստանում կյանքի որակի ինդեքսը 2011 թ.-ին” սոցիոլոգիական հետազոտությունում, որի շրջանակներում հարցվել են 2000 քաղաքացիներ:
Հայաստանում աշխատատեղերի առկայությունը բավարար է համարում հարցվողների 6.9%-ը, գների մակարդակը՝ 9.9%-ը, ինքնաթիռի տոմսերի գների մատչելիությունը՝ 12.9%-ը, աշխատանքային իրավունքների պաշտպանվածության աստիճանը՝ 15.1%-ը, երկրում կարիերայի հնարավորությունները՝ 18.5%-ը, հիպոթեքային (բնակարանի) վարկերի մատչելիությունը՝ 21%-ը, դոլարի կուրսի կայունությունը՝ 21.6%-ը, բնակչության ընդհանուր կենսամակարդակը՝ 26.4%-ը, ընտրական գործընթացները՝ 28.4%-ը, սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակը՝ 28.7%-ը, առողջապահական ծառայությունների մատչելիությունը՝ 29.2%-ը, երկրում օրենքների կիրառելիությունը՝ 29.8%-ը: