Էբոլան սպառնո՞ւմ է Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը, մյուս երկրների նման, ապահովագրված չէ Էբոլա վիրուսի ներթափանցումից:

«Հանրապետության ինչպես ցամաքային, այնպես էլ օդային սահմաններում հսկողությունը խստացվել է: Սահմաններում տեղադրված են ջերմացույցեր, որոնք հնարավորություն են տալիս ֆիքսելու ուղևորի մոտ ջերմության առկայությունը կամ բացակայությունը»,-նշեց մասնագետը, հավելելով, որ ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով ամրագրված են բոլոր պատասխանատուները, պատասխանատվության ոլորտները: «Մշակվել են մեթոդական ուղեցույցներ բժիշկների համար, հուշաթերթեր թե՛ ազգաբնակչության և թե՛ զբոսաշրջիկների համար, կազմակերպվում են միջազագային գիտաժողովներ, համաժողովներ»,- ասաց Լ.Թորոսյանը: «Քանի որ բացառված չէ աֆրիկական մի շարք երկրներից հիվանդ մարդկանց ժամանումը, աշխատել ենք նաև այդ գերատեսչությունների հետ, կազմակերպել ենք համապատասխան միջոցառումներ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե արդյոք Աֆրիկայի հետ օդային սահմանների փակելու մտադրություն կա՞, Լիանա Թորոսյանը պատասխանեց. «Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թե՛ զբոսաշրջության, թե՞ առևտրի հետ կապված որևէ սահմանափակում չի առաջարկվում: Կազմակերպությունը երկրներին կոչ է անում լինել պատրաստված, լինել զգոն և ունենալ արագ արձագանքման համակարգ: Շատ մեծ ուշադրություն է դարձվում բժիշկների զգոնության և իրազեկվածության բարձրացմանը: Արդեն իսկ կազմակերպված սեմինար պարապմունքների միջոցով կրկնակի կրթական միջոցառումներ են կատարվում և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում»:

Հիշեցնենք, որ հիվանդությունը բուռն կերպով տարածվել է  այս տարվա փետրվար ամսից Արևմտյան Աֆրիկայի 3 երկրներում՝ Լիբերիայում, Գվինեայում և Սիերա-Լեոնեյում: Իսկ Reuters-ը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, հայտնում է, որ Էբոլա վարակով մահացածների թիվը հասել է 4922-ի:

Տեղեկացնենք, որ  Էբոլա վիրուսի հարուցչի հիմնական պահոցը համարվում են չղջիկները, իսկ որպես փոխանցողներ՝ այծյամները,կապիկները, խոզերը և մացառախոզերը: Հիմնականում կարևորվում է կապիկների դերը, քանի որ ի սկզբանե կապիկներն են հադիսացել փոխանցողներ:
Հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է. այն սկսվում է թեթև գրիպանման հիվանդություններով և ավարտվում ընդհուպ՝ արնազեղմամբ, արյունահոսություններով և մի շարք օրգան համակարգերի ախտահարման արդյունքում հիվանդը մահանում է:
Ներկայումս որպես սպեցիֆիկ բուժում կամ դեղորայք, պատվաստանյութ հիվանդության դեմ չկա: Բուժումը հիմնականում իրականացվում է ախտանշանային հիմքով:




Լրահոս