ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑԸ

Հայաստանի հազար խոշոր հարկատուների` երեկ հրապարակած ցուցակի համաձայն՝ այս տարվա անցած ինն ամիսներին ամենաշատը հարկեր վճարել են «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը` 30 միլիարդ 188 միլիոն դրամ, երկրորդը՝ «Ղ-Տելեկոմ» (ապրանքանիշը «Վիվասելլ») ընկերությունը` 22 միլիարդ 150 միլիոն դրամ, իսկ երրորդը` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը` 14 միլիարդ 752 միլիոն դրամ ցուցանիշով: Առաջին երկու ընկերությունների դեպքում նրանց խոշոր հարկատու լինելու հանգամանքը բնական եւ հասկանալի է՝ մեկը ողջ հանրապետությանը գազ մատակարարող ընկերությունն է, մյուսը` բջջային կապի առաջատար օպերատորը: Երրորդ ընկերությունը՝ «Ալեքս Գրիգ»-ը, զբաղվում է ապրանքներ ներկրելով, այսինքն՝ մեծ հաշվով ոչինչ չարտադրելով՝ ահռելի եկամուտներ է ստանում: «Ալեքս Գրիգի» վճարած հարկերը հիմք ընդունելով՝ կարելի է ասել, որ այդ ընկերությունն ինն ամսում շուրջ 150 միլիոն դոլարի ապրանք է ներկրել: Ի դեպ, Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները շատ են, դրանցից մի քանիսը եւս խոշորների ցանկում են, բայց ավելի ցածր հորիզոնականներում:

 

 

 

Հայաստանի իրավապահ համակարգում նոր «ռումբ է պայթելու»: Անցած երկու օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր հարուցեց ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՔԾ քննիչների նկատմամբ: Բնական է՝ նրանք «ձեռքերը ծալած չնստեցին»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Երեւանի քննչականի պետը գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ կոնկրետ քրեական գործերով տեղեկացնելով դատախազների կողմից թույլ տրված դատավարական ժամկետների խախտումների մասին: Պարզվում է՝ քրեական գործերը դատախազությունից դատախազություն են դեգերել, եւ մոտ 10 օր խախտվել է դատավարական ժամկետը, ու քննիչը չի կարողացել գործողություններ իրականացնել: Այսինքն՝ դատախազներն էլ գործել են այն նույն արարքը, ինչի առիթով դատախազությունը քննիչների նկատմամբ քրեական գործ է հարուցել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Կոստանյանի որոշմամբ նաեւ Մալաթիայի եւ Էրեբունու դատախազների նկատմամբ է քրգործ հարուցվել: Այնպես որ՝ կրքերը գնալով թեժանում են:

 

 
Այս տարվա երեք եռամսյակներում Հայաստան է ներկրվել շուրջ 36 հազար ավտոմեքենա: Այս ցուցանիշը մոտ 8 հազարով ավել է անցած տարվա թվից: Այս տարվա ինն ամիսներին ավելի շատ ավտոմեքենա է ներկրվել, քան, ասենք, ողջ 2012 կամ 2011 թվականներին: Նշենք, որ Հայաստան ներկրված ավտոմեքենաներից ռուսական արտադրության է եղել ընդամենը մոտ երկու տոկոսը: Մնացած ավտոմեքենաները եղել են արտասահմանյան արտադրության՝ գերմանական, ամերիկյան, ճապոնական եւ այլն: Տեղեկացնենք, որ ներկրված ավտոմեքենաների թվի աճի պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու հեռանկարն է: Անհատ մարդիկ, օգտագործված ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող անձինք եւ ընկերությունները շտապում են՝ որքան հնարավոր է՝ շուտ եւ շատ ավտոմեքենա ներկրել, քանի որ ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո սպասվում է, որ օգտագործված ավտոմեքենաների մաքսատուրքը շեշտակի բարձրանալու է:

 

 
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Արցախում նոր բիզնես-գործունեություն է ծավալել: Ըստ նույն տեղեկությունների՝ Ռուբեն Հայրապետյանը Շուշիում հյուրանոցային համալիր է սկսել կառուցել: Այն տարածքը, որտեղ լինելու է նորակառույց համալիրը, կոչվում է Իսաբուլախի հատված (Իսահակի աղբյուր): Տեղեկացնենք, որ նախկին պատգամավորը նոր է սկսել համալիրի շինարարական աշխատանքները: Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին «Ժողովուրդ»-ը գրել էր՝ Ռուբեն Հայրապետյանը Արցախի տարբեր գյուղերում ֆուտբոլի դաշտեր է կառուցել, ինչպես նաեւ՝ մի առանձնատուն Շուշիի «Կանաչ եկեղեցի» կոչվող տարածքին կից:

 

 

 

ԱՅՆՔԱՆ, ԲԱՅՑ ՈՐՔԱ՞Ն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հերթական հարցազրույցն է տվել իր կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներից մեկին, որում, ի թիվս այլ նկատառումների, ներկայացրել է նաեւ «նոր որակի իշխանության» իրականացնելիք քաղաքականության դրույթները: Թեեւ դրույթ հասկացությունը տվյալ դեպքում փոքր-ինչ չափազանց է այն բարի ցանկությունների շարքի համար, որոնք թվարկել է ԲՀԿ առաջնորդը: Ընդ որում, այդ ցանկությունների մեջ կան նաեւ այնպիսիք, որոնք ուղղակիորեն հակասում են իր գործարար կենսագրությանը: Ու թեեւ ԲՀԿ առաջնորդի մատնանշած դրույթներն անխտիր բոլորը արտացոլված են ՀՀԿ եւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում, փաստն այն է, որ նրանք այս բոլոր տարիների ընթացքում որեւէ բան չեն արել այդ ամենի լուծման ուղղությամբ: Իսկ Ծառուկյանի դեպքում գոնե տեսականորեն առկա է նշված խնդիրների լուծման հնարավորությունը:
Երեկվա հարցազրույցում, բացի պոպուլիստական ձեւակերպումներից, կային նաեւ մի քանի կարեւոր ուղերձներ: Առաջինն այն էր, որ Ծառուկյանը եւս մեկ անգամ փորձեց սահմանազատել իր դիրքորոշումը Տեր-Պետրոսյանի` ընդդիմախոսներին թշնամիներ համարելու հայտնի մոտեցումից: Ի հակառակ իրենց քննադատողների մեջ թշնամիներ տեսնելու ՀԱԿ առաջնորդի պնդումների՝ Ծառուկյանը հայտարարեց. « Ես ուզում եմ կրկնել եւ հավաստիացնել, որ սա ինձ համար սկզբունքային կետ է. «Բարգավաճ Հայաստանը» երկրի ներսում չունի թշնամիներ: Մեզ թշնամանք պետք չէ»: Կարծում ենք, սա շատ կարեւոր եւ ողջունելի մոտեցում է, առավել եւս, որ Ծառուկյանը դրանով նաեւ հստակ ուղերձ հղեց պետական ապարատի բազմահազար աշխատողներին առ այն, որ ԲՀԿ-ի իշխանություն դառնալու դեպքում որեւէ մեկը չի զրկվի իր աշխատատեղից` կուսակցական պատկանելության պատճառով: Այլ հարց է, թե իշխանության գալու դեպքում որքանով այս խոստումը կպահպանվի:
Հաջորդ կարեւոր անդրադարձը ստեղծվելիք մարզային շտաբների ներուժը «ճիշտ պահին, ճիշտ օրը» օգտագործելու զգուշացումն էր, որը, բնականաբար նախ եւ առաջ կապված էր սահմանադրական փոփոխությունների ճանապարհով Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու վճռականության հետ: Եվ վերջում` ամենակարեւոր հայտարարությունը, որ արեց Ծառուկյանը, հետեւյալն էր. «Ես հետդարձի ճանապարհ չունեմ»: Սա կարեւոր ամրագրում էր, անկախ այն բանից, որ նա որեւէ կերպ չուրվագծեց նաեւ իր առաջընթաց ճանապարհը` բավարարվելով «գնալու եմ այնքան, մինչեւ Հայաստանում իրավիճակը փոխվի» ոչինչ չասող հայտարարությամբ:

 




Լրահոս