ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԳՏԵԼ

Դեռեւս մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր Հայաստանի խոշոր գործարարների հետ` հստակեցնելու կառավարության հետ աշխատանքի նոր կանոնները: Վարչապետը պահանջել էր այսուհետ դուրս գալ ստվերից եւ աշխատել բացառապես օրինական դաշտում: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՀՀ վարչապետը օրերս կրկին հանդիպում է ունեցել գործարարների հետ՝ հստակեցնելու համար, թե այս ամիսների ընթացքում ինչ արդյունք են գրանցել:

Նշենք, որ գործարարների հետ մայիսի 14-ի հանդիպմանը ՀՀ վարչապետն իր ելույթում նշել էր. «Հստակ պատկերացնում եմ ձեր դերը բնակչության զբաղվածության, եկամուտներ ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ կատարելու եւ ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում: Հատկապես կարեւորում եմ ձեր ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում»: Նա նաեւ հավելել էր, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ եւ պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն:
Այնուհետեւ վարչապետը հայտարարել էր, որ մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ է տվել հայաստանյան խոշոր գործարարներին՝ կա՛մ նրանք սեփական ցանկությամբ կսկսեն աշխատել հավասար դաշտում եւ դուրս կգան ստվերից, կա՛մ այդ նպատակին հասնելու համար կառավարությունը կօգտագործի իր լծակները: «Մենք պայմանավորվել ենք բոլորի հետ միասին, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում եւ բոլորը ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը, եւ մինչեւ հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն, իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում»,-նշել էր վարչապետը:
Հիշեցնենք նաեւ այն գործարարների անունները, որոնք ներկա էին գտնվել ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Մանվել Բադեյան, Ալիկ Պետրոսյան (ՄԱՊ-ի Ալիկ), Հակոբ Հակոբյան (Մարտունեցի), Հակոբ Հակոբյան (Կիլիկիայի Հակոբ), Արտակ Սարգսյան (Սասի Արտակ), Արայիկ Գրիգորյան, Սամվել Ալեքսանյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Գուրգեն Արսենյան, Մելիք Մանուկյան (Շշերի Մելո), «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյան, «Մաքս-Գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյան եւ այլք:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է զրուցել նրանց հետ՝ պարզելու համար, թե անցած վեց ամիսների ընթացքում որքանով են դուրս եկել ստվերից, արդյոք կրկին հանդիպել են ՀՀ վարչապետին եւ ինչ հարցեր են քննարկել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ
-Պարո՛ն Բադեյան, տեղեկություններ կան, որ օրերս գործարարները կրկին հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետի հետ: Դուք մասնակցե՞լ եք այդ հանդիպմանը:
-Չէ՛, ես տեղյակ չեմ, ես այդ հանդիպմանը ներկա չեմ եղել:
-Անցած հանդիպումից շուրջ 6 ամիս է անցել, ի՞նչ եք արել այս ընթացքում, արդյո՞ք հետեւել եք ՀՀ վարչապետի հորդորին ու այժմ առանց ստվերի եք աշխատում:
-Ես էդ հարցին արդեն 65 անգամ պատասխանել եմ: Այլեւս բան չունեմ պատասխանելու, հոգնել եմ արդեն:

«Մաքս-Գրուպ» ընկերության սեփականատեր, Աժ նախկին պատգամավոր ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Պարո՛ն Մանուկյան, ՀՀ վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գործարարների հետ, Դուք ներկա եղե՞լ եք այդ հանդիպմանը:
-Չէ՛, այս անգամ ես ներկա չեմ եղել, ես քաղաքում չեմ եղել:
-Վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ գործարարներից պահանջվեց աշխատել առանց ստվերի: Արդյո՞ք այս վեց ամիսների ընթացքում Դուք գործել եք վարչապետի հորդորով: Ի՞նչ է փոխվել:
-Մենք ունեինք իքս առաջընթաց, վարչապետի ասելուց հետո ունեցանք իքս պլյուս 15 տոկոս առաջընթաց: Մենք վաղուց ենք ստվերից դուրս եկել, մենք ստվերում չենք էլ եղել:Հիմա ավելի հեշտ է, ավելի հարմար է աշխատելը:
-Այսինքն՝ վարչապետի հորդորը նպաստել է, որ օրինականության դաշտում գործե՞ք:
-Իհարկե: Դե, ով դժգոհ է, իրենցից հարցրեք՝ ովքեր են դժգոհ, ովքեր են գոհ, կամ ինչի համար են դժգոհ, ես անձամբ դժգոհ չեմ: Մեր բիզնեսը աճում է, ու վարչապետի հորդորն էլ ահագին ազդեցություն է ունեցել:
-Դուք մեզ հետ զրույցում նշել էիք, որ ցանկանում եք վարչապետի հետ հանդիպել ու ներկայացնել, թե ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որ գործարարը սկսի ստվերային դաշտում աշխատել: Հանդիպել ե՞ք, վարչապետն ընդունե՞լ է Ձեր նկատառումները:
-Հանդիպել ենք, քննարկել ենք ու հետաքրքիր լուծումներ ենք գտել: Մի անգամ եմ վարչապետի հետ հանդիպել, հո չի կարող ամեն օր վարչապետը մեր հետ հանդիպել, մենք ո՞վ ենք: Գործնական առաջարկություններ ենք արել վարչապետին, վարչապետն էլ գտել է, որ դրա համար մեխանիզմներ է պետք մշակել եւ այլն, եւ այլն: Դա ժամանակի խնդիր է, չեն կարող այսօր ընդունել, մեխանիզմն առաջարկել ենք, իրենք արդեն պետք է մտածեն, մենք մեր առաջարկություններն արդեն տվել ենք իրենց, իրենք կքննարկեն, հետո ինչ-որ որոշումներ կկայացնեն: Ինձ թվում է՝ բոլորի համար դրական որոշումներ կլինեն:
-Այսինքն՝ գո՞հ եք Հովիկ Աբրահամյանի գործունեությունից:
-Այո՛, ես տեսնում եմ քայլերը, աշխատասիրությունը, ջանասիրությունը, խնդիրները, որոնք դնում են… դնելուց գոնե գոհ եմ, թե ինչ արդյունք կտա, դրա մասին ասելը դեռ շուտ է:
Հ. Գ. Մյուս գործարարները ոչ մի կերպ չհամաձայնեցին այս թեմայով խոսել` հայտարարելով, թե ասելիք չունեն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳԻՆՆ ԱՆՈՐՈՇ Է

Երեւանի ներքաղաքային տրանսպորտի սակագինը քննարկող հանձնաժողովը տեւական ժամանակ է՝ որեւէ նոր առաջարկություն չի ներկայացրել: Սակայն չնայած տիրող հարաբերական անդորրին՝ առաջիկայում սակագնի թանկացման հեռանկարը շարունակում է մնալ օրակարգում: Ի վերջո կթանկանա՞ հանրային տրանսպորտի ուղեվարձը, թե՞ ոչ: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժվարացավ տալ այդ հարցի միանշանակ պատասխանը, մինչդեռ նկատենք՝ անցած տարի ամռանը Տարոն Մարգարյանը եւս ուղեվարձի թանկացման որոշումը կայացնելուց հետո, ի թիվս քաղաքապետարանի այլ պաշտոնյաների, թանկացումը համարում էր անխուսափելի:

-Պարո՛ն Արեյան, հասարակական տրանսպորտի սակագների բարձրացում ի վերջո լինելո՞ւ է:
-Ներքաղաքային տրանսպորտի սակագների վերաբերյալ այս պահի դրությամբ որեւէ կանխատեսում չեմ կարող անել: Պետք է ասեմ, որ տրանսպորտի սակագինը քննարկող հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը, ես այս պահի դրությամբ որեւէ կոնկրետ բան չեմ կարող ասել: Հստակություն չկա: Իմ կողմից պարզապես ճիշտ չի լինի որեւէ բան հայտարարելը: Այնպես է, որ հանձնաժողովի աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Ինչպես արդեն նշեցի` որեւէ հստակ կերպով մատնանշված նորություն չկա, բայց եթե, այնուամենայնիվ, թանկացումներ լինեն, բնականաբար, տրանսպորտի սպասարկման որակի մեջ էլ պիտի դրական փոփոխություններ լինեն: Տրանսպորտի սակագների թանկացումը կամ էլ դրա շուրջ իրականացվող բոլոր գործընթացները հեշտ ու հանգիստ ձեւաչափով կարգավորվող չեն: Պետք է վերանայվեն մի շարք հարցեր, օրինակ` երթուղային ցանցը, սպասարկման որակը, մեքենաների կահավորանքը, մաքրությունը, չվացուցակը եւ այլն:
-Եթե, այնուամենայնիվ, սակագների թանկացում լինի, եւ այն դարձյալ բողոքի համընդհանուր ալիք բարձրացնի, ինչպիսին կլինի Ձեր արձագանքը:
-Չկա մի երկիր ու քաղաք, որտեղ որեւէ ապրանքի կամ ծառայության գնի «մազաչափ» թանկացումն անգամ ոգեւորությամբ ընդունվի: Նրանք, ովքեր չեն ցանկանում վճարել, դրսեւորում են քաղաքացիական էմոցիա: Երբ օրենքը սկսեց կիրառվել, այդ էմոցիաները պետք է գնան:
-Պարո՛ն Արեյան, Երեւանի փողոցներում վճարովի ավտոկանգառներից` «կարմիր գծերից» օգտվելուց բացի՝ քաղաքացիները ստիպված են լինում վճարել նաեւ ավտոկարգավարներին: Ստացվում է` քաղաքապետարանի թողտվության արդյունքում քաղաքացիները կրկնակի վճարում են կատարում:
-Օրենքով կարգավորված է այդ հարցը, կարմիր գծերը վճարովի են, իսկ մյուս վճարման մասին կարող եմ ասել, որ ծառայողական ավտոկայանատեղիների մասին է խոսքը, իսկ ավտոկարգավարներն օրինազանցություն են անում: Ավագանու որոշումով է այդ ամենը կարգավորվում: Ծառայողական ավտոկանգառների դեպքում մուծվում է տարեկան վճար եւ տուրք: Օրենքը հստակ ասում է, որ քաղաքացին այլեւս վճար չի տալիս: Եթե ավտոկարգավարները վերցնում են գումար, դա օրինազանցություն է: Այլ բնորոշում չեմ կարող տալ դրան:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ՈՒՄ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ Է
Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը, որին ներկա էր նաեւ Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը: Նիստին, սակայն, հնարավորություն չեն ունեցել մասնակցելու միջխորհրդարանական հանձնաժողովում ԲՀԿ-ն ներկայացնող Տիգրան Ուրիխանյանը եւ Վահան Բաբայանը: Նրանք, մտնելով դահլիճ, պարզեցին, որ իրենց անունները ցուցանակների վրա գրված չեն, այսինքն՝ իրենց համար սեղանի շուրջ տեղ հատկացված չէր: Պատգամավորները վրդոված դուրս եկան դահլիճից: Հետո պարզվեց, որ ՕԵԿ-ական պատգամավորներ Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի, ինչպես նաեւ՝ ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանի անուններն էլ չեն եղել ցանկում:
Ժամեր անց Ազգային ժողովը պարզաբանում տարածեց, թե իրականում ԲՀԿ-ական երկու պատգամավորների անուններով ցուցանակներ եղել են սեղանին դրված, պարզապես հեռու են եղել, եւ Ուրիխանյանն ու Բաբայանը չեն ցանկացել հեռու նստել: Պարզաբանման վերջում նշված է նաեւ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը ցավում է վերոգրյալ միջադեպի համար եւ վստահեցնում, որ այսօրինակ միջոցառումներն այսուհետ ավելի բարձր մակարդակով կկազմակերպվեն: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի պարզաբանումը, սակայն, իր մեջ պարունակում ԲՀԿ պատգամավորներին հասցեագրված մեղադրանք. «Չէի ասի, թե որեւէ անախորժություն է եղել: Բոլորի համար էլ տեղեր հատկացված էին, բոլորի անունները եղել են: Համաժողովը բաց է եղել նաեւ լրագրողների համար: Ոչ մի խնդիր էլ չի եղել, թող շուտ գային»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հերմինե Նաղդալյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, այս թողտվության մեղավորները ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ Վիկտոր Բիագովն ու նրա երկու երիտասարդ աշխատակցուհիներն են, որոնք իրենց աշխատանքային պարտականությունները հավուր պատշաճի չեն կատարել:

 

ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶՆԵՐՈՎ
Երբ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը, դատախազության մի շարք աշխատակիցներ զանգվածաբար դուրս եկան այդ կառույցից: Նրանց մի մասն այժմ աշխատում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ՝ կոմիտեում, մի մասը թոշակառու է դարձել: Պարզվում է՝ ՀՀ գլխավոր դատախազության նախկին աշխատակիցներից շատերն էլ տարբեր գերատեսչություններում հիմնականում խորհրդականների պաշտոններ են զբաղեցնում: Սամվել Սինանյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականն է, Հակոբ Ղարախանյանը՝ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին է խորհուրդներ տալիս, Դավիթ Սարգսյանն էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության նախագահ Արմեն Հայրապետյանի խորհրդականն է: Դե, Արտակ Հարությունյանն էլ նշանակվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ:

 




Լրահոս