ՀՀ Ոստիկանությունը “Վերջին զանգի” կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Մայիսի 25-ին հանրապետության դպրոցներում կհնչի “Վերջին զանգը”, ու երեկվա աշակերտները կգնան իրենց երազանքների ճանապարհով:
Այս ավանդական, բայց և ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն և բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որևէ դիպված կամ, Աստված մի արասցե, փորձանք չմթագնի օրվա տոնականությունը: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ այս օրերին անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաև ծնողների հետ: Նպատակը մեկն է. համատեղ, համակարգված, միահամուռ ապահովել ,Վերջին զանգիե հանդիսությունների անխափան ընթացքը, մասնակիցների անվտանգությունը, պատշաճ կարգուկանոնը դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ամենուր, որտեղ իրենց տոնը նշելու են երեխաները: Դա բոլորիս ցանկությունն է, և համոզված ենք, որ այդ նպատակին ուղղված աշխատանքներն արդյունավետ կլինեն: Միևնույն ժամանակ, հարկ ենք անում մեկ անգամ ևս կոչ անել մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև: Ոստիկանությունը մայիսի 25-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների և օրինականության խախտման ցանկացած դրսևորման հանդեպ: Այդ խստությունը ոմանց կարող է նույնիսկ անհարկի թվալ, բայց մենք այլ կարծիքի ենք. ավելի լավ է մեզ քննադատեն խստության համար, քան սթափվենք, երբ դժբախտությունն արդեն պատահած կլինի…
Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:
Սիրելի՛ դպրոցականներ, շնորհավորում ենք ձեզ ,Վերջին զանգիե անմոռանալի տոնի առթիվ: Մաղթում ենք հույս, հավատ, սեր` ձեր բոլոր ձեռնարկումներում:
Թող լույսն առաջնորդ լինի ձեր ընթացքին, և հաջողությունը պսակի ձեր նպատակները` այս գեղեցիկ օրվա նշանի ներքո:
Աստված ձեզ պահապան: