«Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալը Ֆրանսիայից թմրամիջոց է ձեռք բերել և ապօրինի իրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 6 անձի:

Մինչ դատական վարույթում ձեռքբերված ապացույցների համաձայն՝ նախկինում հինգ անգամ դատապարտված Տ. Ղանդիլյանը, «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելիս, իր ազգական Մ. Ղանդիլյանի օժանդակությամբ Ֆրանսիայում բնակվող Ա. Նազարյանից 2013 թվականի նոյեմբերի սկզբներին, իրացնելու նպատակով, ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց` 289 հատ «Սուբոտեքս» տեսակի դեղահաբ, որոնք պահվել են Մ.Ղանդիլյանի բնակարանում: Դրանցից 36 հատը, Մ. Ղանդիլյանի օժանդակությամբ, 2013թ. նոյեմբերի 6-ին ապօրինի իրացրել է այլ անձի:

Տ. Ղանդիլյանից 10 հատ «Սուբոտեքս» տեսակի դեղահաբ է ցանկացել ձեռք բերել նաև նույն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Ա. Չալաբյանը` առանց իրացնելու նպատակի: Պայմանավորվածության համաձայն` Տ. Ղանդիլյանը Մ. Ղանդիլյանի միջոցով 2013 թվականի նոյեմբերի 7-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Դավիթ Բեկի փողոցում Ա. Մարգարյանին է հանձնել 10 հատ «Սուբոտեքս»` Չալաբյանին փոխանցելու համար:

Սակայն Ա. Մարգարյանը չի հասցրել թմրամիջոցը հանձնել Չալաբյանին, քանի որ նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ այն հայտնաբերվել և առգրավվել է:

Նույն օրը Ա. Մարգարյանին թմրամիջոցը իրացնելու կասկածանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցից բերման է ենթարկվել նաև Մ. Ղանդիլյանը:

Տեղեկանալով այդ մասին` Տ. Ղանդիլյանը կապվել է իր բարեկամուհու` Ք. Գրիգորյանի հետ և խնդրել շտապ գնալ Տ. Ղանդիլյանի բնակարան` թմրամիջոցներն այնտեղից դուրս հանելու համար:

Ք. Գրիգորյանը Մ.Ղանդիլյանի բնակարանում գտել է թմրամիջոցները և թաքցնելու նպատակով պահել իր մոտ, ապա դրանք փոխադրել Թբիլիսյան խճուղի և հանձնել այլ կնոջ` Ս. Ժամկոչյանին, որոնք էլ նոյեմբերի 8-ին հայտնաբերվել են ոստիկանների կողմից` Ժամկոչյանի անձնական խուզարկությամբ:

Նշված 6 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և ձեռքբերված ապացույցների հիման վրա Տ.Ղանդիլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով), Մ. Ղանդիլյանին՝ 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (հանցակիցների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջձանառություն), Ա. Մարգարյանին՝ 34-38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ա. Չալաբյանին՝ 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ք.Գրիգորյանին՝ 268-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ծանր հանցագործությունը պարտակելը), Ս.Ժամկոչյանին՝ 268-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի):

Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն, և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է այն։

Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:




Լրահոս