Լևոն Տեր-Պետրոսյանն իմ քաղաքական առաջնորդը չէ. Նիկոլ Փաշինյան. irakan.info

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքաղաքական զարգացումների, ՀԱԿ-ի հետ հարաբերությունների, նախագահական ընտրություններում հնարավոր առաջադրման, իշխանությունների հետ գործարքների գնալու և այլ հարցերի մասին Irakan.info-ն զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր հանրային-քաղաքական միավորման Կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի հետ.

Պարոն Փաշինյան զրույցը սկսենք Քաղաքացիական պայմանագրից, վերջին ասուլիսի ժամանակ Դուք կրկին խոսեցիք իշխանափոխության անհրաժեշտության մասին, սակայն խոսելով եռյակի հանրահավաքի մասին շեշտեցիք`մեր պատկերացրած իշխանափոխությունն այն է, որը կայանում է, միևնույն ժամանակ նշեցիք, որ նախընտրում եք կեղծ խոսքերով մարդկանց հրապարակ չբերել, բացի այդ` դեռ չունեք այն ամբողջական քաղաքական թիմը, որով կարող եք ներկայանալ հասարակությանը, որքա՞ն ժամանակ է պետք, որ ՔՊ-ն իր թիմն ունենա` իր պատկերացրած իշխանափոխությունն իրականացնելու համար:

-Երբ ասում ենք իշխանափոխություն, առաջին հերթին նկատի ունենք բովանդակության փոփոխություն` իշխող բովանադակության փոփոխություն…. Ինչու՞ ենք ասում Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը պիտի հեռանան, արդյոք նրա՞ համար, որ մենք անձնական խնդիրներ ունենք կամ մեզ վատություն են արել, իրար հետ գործ ենք արել` չենք կարողացել ինչ-որ բան կիսել: Ոչ, իհարկե: Այդպես ասում ենք, որովհետև խնդիր ունենք այն բովանդակության հետ է, որն իրենք ներդնում ու իրագործում են Հայաստանում: Այսօր կարող ենք ասել, որ մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, և շատ մեծ թվով մարդիկ համաձայն են այս շեշտադրման հետ, սակայն այս արձանագրումը բավարար չէ իշխանափոխություն իրականացնելու համար:

Հարկավոր է շատ հստակ մարդկանց բացատրել, թե ինչն ենք մենք այս իրավիճակից պատրաստվում փոխել և ինչպես ու ինչ ենք ակնկալում ստանալ այդ փոփոխության արդյունքում: Սա մենք անվանում ենք Ապագայի Հայաստանի նախագիծ: Մենք խորապես համոզված ենք` քանի դեռ այդպիսի ապագայի նախագիծ չկա ընդդիմադիր գործունեության հիմքում, իշխանափոխություն տեղի չի ունենալու, բայց միայն նախագիծը բավարար չէ: Հարկավոր է ունենալ քաղաքական թիմ: Անհրաժեշտ է, որ այդ նախագիծը որդեգրեն և ներկայացնեն մարդիկ, ովքեր`
ա. հավատում են այդ նախագծին, դա իրենց հավատամքն է:
բ. Հանրությունը պետք է վստահի այդ մարդկանց` այդ նախագիծն իրականացնելու լիազորություն տա:

Եվ ուրեմն, մենք ասում ենք` էն Հայաստանում, որտեղ իշխանություն կլինի ՔՊ-ն, այդ Հայաստանում քաղբանտարկյալներ երբեք չեն լինի` որևէ պայմանով, մյուս կողմից ասում ենք` հետաքննելու և բացահայտելու ենք Մարտի 1-ի սպանությունները. սա նշանակում է, որ մենք բացահայտելու ենք այդ սպանությունները, բայց Մարտի 1-ի գործոնը չենք օգտագործելու որևէ քաղաքական հակառակորդի նկատմամբ հետապնդում իրականացնելու համար` անկախ նրանից, թե ինչքանով չենք սիրում այդ քաղաքական հակառակորդին, անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայտարարություններ ենք արել:

Ես ունեմ համոզմունք, որ շատ կոնկրետ մարդիկ պատասխանատու են Մարտի 1-ի հանցագործությունների համար, բայց այդ մարդիկ չեն դատապարտվի, քանի դեռ դրա համար չկան ՀՀ օրենսդրությամբ և միջազգային հայտնի օրենքներով դե յուրե ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր: Ասում ենք` մեր իշխանության ժամանակ որևէ մակարդակի ընտրություն չի կեղծվի, սա ասում ենք ոչ թե որպես ռետորիկա, այլ որպես պայմանագիր` Հայաստանի հանրության հետ … Վերադառնամ անձերին` ինչո՞ւ են անձերը կարևոր:

Եթե էս նույն բանն ասում է մի մարդ, որի իշխանության տարիներին օրինակ եղել են քաղբանտարկյալներ, կեղծվել են ընտրություններ, մարդիկ իրավունք ունեն չհավատալ նրա խոստմանը: Սա է պատճառը, որ մենք արձանագրում ենք նոր քաղաքական օրակարգի և նոր քաղաքական թիմի ձևավորման անհրաժեշտությունը:

ՀՀ հպարտ քաղաքացիները, ինչպես Դուք եք սիրում ասել, մարդիկ, ովքեր ոչ միայն ՔՊ-ին են գաղափարակից, այլ նաև Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին, ի՞նչ եք կարծում, ինչքա՞ն պետք է այդ մարդիկ սպասեն Ձեր ասած ապագա տեսլականի հույսերով:

-Իրենք ոչ մի րոպե սպասելու կարիք չունեն, հենց այսօր անելիք ունեն. ի՞նչ կարող են իրենք անել: Եթե անմիջապես ուզում են մասնակցել այս պրոցեսին, կարող են և պետք է դառնան «Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամ, եթե չեն ուզում անմիջապես մասնակցել այս պրոցեսին, կարող են մասնակցել ՔՊ միավորման ֆինանսավորմանը:

Կարծում եմ, որ քաղաքական գործունեության ֆինանսավորումը Երրորդ Հանրապետության ամենապրոբլեմատիկ հարցերից է: Ովքե՞ր են Հայաստանում ֆինանսավորում քաղաքականությունը, մենք կարող ենք այդ հարցի վերաբերյալ կռահումներ անել, բայց չգիտենք այդ հարցի պատասխանը: ՔՊ-ն շատ կարևոր սկզբունք է փորձում որդեգրել, որ իր քաղաքական գործունեությունը ֆինանսավորեն ՀՀ անհատ քաղաքացիները, սփյուռքահայերը: Մենք այսպես ենք ասում` եթե մեզ պետք է 1000 դրամ, մենք պետք է գտնենք ոչ թե մի հոգու, որ մեզ կտա 1000 դրամ, այլ պետք է գտնենք 1000 հոգու, որ մեզ կտա 1 դրամ:

Այս նպատակով է ստեղծվել «Քաղաքացիական պայմանագիր» հիմնադրամը, որին յուրաքանչյուր ոք կարող է անել նվիրատվություն: Այնպես որ, որևէ մեկը րոպե անգամ սպասելու կարիք չունի: Ես նամակներ եմ ստանում ամեն օր, սոցիալական ցանցերում եմ հանդիպում մեկնաբանությունների… Կան մարդիկ, ովքեր ՔՊ-ի և անձամբ ինձ վրա դնում են որոշակի պատասխանատվություն, ես, մենք` այդ պատասխանատվությունը ստանձնել ենք:

Բայց հարկ եմ համարում նշել, որ մեր կարևորագույն սկբունքն այն է, որ ի վերջո պետք է շրջենք «սուպերմեն քաղաքական գործիչների» էջը: Մեր անկախության 24 տարվա մեջ մենք անընդհատ այդ թակարդն ընկել ենք, երբ ինչ-որ քաղաքական գործիչների վերագրվում են սուպեր հատկություններ, և մարդկանց թվում է, թե ահա նրանք կգան մեսիայի նման կփրկեն երկիրը, և վերջում տեղի է ունենում հիասթափություն: Իրականում հիասթափությունը վերջում չի տեղի ունենում:

Այն սկզբում է տեղի ունենում, որովհետև մենք մարդկանց վրա փորձում ենք դնել այնպիսի բեռներ, որ նրանք չեն կարող տանել: Մենք ամեն ինչ դնում ենք մի լիդերի վրա, և հույս ենք ունենում, որ ինքը կբարձրացնի 1000 կգ-անոց ծանրաձողը: Վերջում նա դուրս է գալիս հարթակ` Ազատության հրապարակ և արձանագրում, որ չի կարող բարձրացնել 1000 կգ-անոց ծանրաձողը, և մենք զարմանում ենք, թե ինչու չկարողացավ բարձրացնել: Ինչո՞ւ չկարողացավ, որովհետև ոչ մի մարդ ի վիճակի չէ դա անել, բայց դա չի նշանակում, թե 1000 կգ-անոց ծանրաձողը մի բեռ է, որ հնարավոր չէ բարձրացնել: Հնարավոր է, եթե այդ պատասխանատվությունը դրված է ոչ թե մեկ, այլ 10, 20 հոգու վրա:

Քաղաքացիական պայմանագրի հաջորդ կարևոր խնդիրն է` քաղաքական լիդերի ինստիտուտը փոխարինել քաղաքական լիդերության ինստիտուտով, որովհետև քաղաքական լիդեր լինելը շնորհ չէ, պատվավոր կոչում չէ, ընդամենը դերակատարում է, քաղաքական լիդերն առանց քաղաքական թիմի զրո է, ոչինչ, ինքը որևէ բան անել չի կարող, և Քաղաքացիական պայմանագրի խնդիրը այդ համակարգային տրանսֆորմացիան կազմակերպելն է, որտեղ լիդերը ինքը ոչ թե սուպերմեն է, այլ սուպեր թիմի ներկայացուցիչ` առաջինը հավասարների մեջ, որտեղ այդ հավասարներից յուրաքանչյուրն ունի իր կոնկրետ պարտականությունը, ռեալ ազդեցությունը որոշումների վրա:

Մեզ հարկավոր է մի կառույց, որտեղ որոշումները կայացվում են ոչ թե մի սուպեր լիդերի կողմից, որտեղ «ինքը» ասում է, մյուսները «չեստ» են տալիս, այլ տեղի է ունենում իրական քննարկում, բանավեճ, լիդերի քննադատությունը չի ընկալվում որպես թշնամանք, որպես դավադրություն, որտեղ գործում է ընտրական համակարգը և որտեղ տեղի են ունենում պարբերական «իշխանափոխություններ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս