Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Բ.-ի պաշտպան Վահագն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Վահագն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնի Գառնիի բաժանմունքի աշխատակիցը դուրս է եկել իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, ահազանգի հիման վրա մեկնելով բժշկական կենտրոն, խոշտանգումների է ենթարկել Մարինե Ա.-ին, ում կասկածել են Արմեն Բ.-ին մարմնական վնասվածք պատճառելու մեջ:
Նույն օրը Մարինե Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ բերման և անձնական խուզարկության ենթարկելու արձանագրություններ կազմելիս դրանցում մտցվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Բացի այդ, Մարինե Ա.-ն իր բջջային հեռախոսով ձայնագրել է խոշտանգումների ժամանակ տեղի ունեցած խոսակցությունը, իսկ ոստիկանության նույն աշխատակիցը տեղեկանալով այդ մասին, հրահանգել է մեկ այլ ոստիկանի` կնոջից վերցնել հեռախոսն ու ջնջել ձայնագրությունը:
Վահագն Մ.-ն նշել է նաև, որ ՀՀ ոստիկանության Աբովյանի քննչական բաժնի աշխատակիցը, ստանալով Մարինե Ա.-ի դիմումը, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ապօրինություններ կատարելու մասին, այն Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու փոխարեն, ուղարկվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, որտեղ դիմումին պատշաճ ընթացք չի տրվել` դրանով իսկ էական վնաս պատճառելով Մարինե Ա.-ի իրավունքներին և օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն: