Առողջապահության նախարարը՝ առանց ձեռքերի ծնված երեխայի դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մալաթիա բժշկական կենտրոնում օրեր առաջ գրանցված դեպքին, երբ առանց ձեռքերի ու ոտնաթաթի երեխա էր ծնվել, իսկ բժիշկն այդ մասին հղիության ընթացքում չէր իմացել:

«Ցավալի դեպք է եղել, արատներով երեխա է ծնվել, դա արտառոց իրավիճակ է, որը պահանջում է համապատասխան քննարկում»- նշեց նախարարը: Նա ընդգծեց, որ առողջապահության նախարարությունում այս շաբաթվա ընթացքում այդ քննարկումը ծավալվելու է, և վերլուծություններ կարվեն:

Նախարարը հավելեց, որ արատները սովորաբար տարբեր պատճառ ունեն, և այսօր հնարավոր չէ միանշանակ ասել, թե ինչի հետ է կապված արատով ծնված երեխայի ծնունդը:

Ըստ նախարարի՝ ցանկացած զանցանք պետք է ունենա իր իրավական գնահատականը, և եթե այդ գնահատականները կան, բժիշկը կենթարկվի որևէ վարչական կամ դատական տույժի: «Բայց եթե այդ ժամկետները սպառվում են, չեմ կարծում, որ պետք է մարդուն, ով չի զրկվել բժշկական գործունեություն ծավալելու հնարավորությունից, հնարավորություն չտալ աշխատել»,- հայտարարեց նա:




Լրահոս