ՈՉԻՆՉ ԿԱԽՎԱԾ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես այս խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանական ուժերն անընդհատ խոսում էին աննախադեպ թափանցիկության եւ քաղաքական նոր որակների ներդրման  պատրաստակամության մասին:  Թե որքանով դա նրանց հաջողվեց, վիճահարույց հարց է, սակայն որ արդեն  ընտրություններից անմիջապես հետո իշխանական ուժերը` ի դեմս ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, մոռացան քաղաքական նոր որակների ու թափանցիկության մասին` փաստ է: Այդ են վկայում հետընտրական վերջին օրերի զարգացումները, որոնք ընթանում են բացառապես անդրկուլիսային  մակարդակներում: Դրանց մասին հասարակությունը տեղեկանում է լավագույն դեպքում այս կամ այն լրատվամիջոցի «հավաստի աղբյուրներից» կամ էլ ստիպված լինում եզրակացություններ անել` հիմնվելով այս կամ այն քաղաքական  գործչի «անձնական կարծիքի» վրա: «Թափանցիկ քաղաքականության  ջատագովները» նախընտրում են իրենց  բանակցություններն անցկացնել հույժ գաղտնի` գիշերային հանդիպումների ժամանակ: Հետաքրքիր է` ինչո՞ւ: Սեփական ժողովրդից ի՞նչ ունեն թաքցնելու հարգարժան «ազգընտիրները»: Եթե նրանց բանակցությունների առարկան իսկապես խարսխված է երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրների լուծման համար անհրաժեշտ  գործակցության ուղիների փնտրտուքով, ապա ինչն է խանգարում դա անել բաց` հանրության աչքի առջեւ, այնպես, ինչպես, օրինակ` Հունաստանում, որի քաղաքական ուժերը, մի քանի օր տեւած հրապարակային բանակցություններից հետո  ընդհանուր հայտարարի չգալով որոշեցին նոր ընտրություններ անցկացնել: Մեզանում, սակայն, բոլոր հարցերը լուծվում են «գիշերային հանդիպումների» ընթացքում, երբ  հանրությունն, «այս կյանքից հոգնած», զբաղված է սերիալներ դիտելով` անտեղյակ, թե առավոտյան իրեն ինչպիսի փաստի առջեւ են կանգնեցնելու  «աննախադեպ թափանցիկության» քարոզիչ իշխանությունները: Իսկ այս ամենի պատճառն այն է, որ առարկան, որի շուրջ բանակցում են քաղաքական ուժերը, ամենեւին էլ քաղաքական չէ, եւ ոչ էլ` առավել եւս, ազգային: Նրանք բանակցում են  շատ կոնկրետ անձնական շահերի շուրջ, հետեւաբար` ինչ կարիք կա առանց այդ էլ հոգսերի տակ կքած ժողովրդին հիմա էլ «ծանրաբեռնել» ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական առեւտրի մանրամասներով, թող հանգիստ իրենց սերիալները դիտեն, մեկ է` նրանցից  այլեւս ոչինչ կախված չէ: Ինչպես երեկվա հերթական գիշերային հանդիպումից` ՀՀԿ ԳՄ նիստից  հետո ասաց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը. «Ի՞նչ կարիք կա շտապելու, հենց կոալիցիան լինի, միանգամից հայտարարելու ենք` հարցնեք, չհարցնեք»:  Եվ իրոք, ի՞նչ կարիք կա հարցնելու, մեկ է` պատասխանելու են այն ժամանակ, երբ ցանկանան, եւ ի՞նչ կարիք կա շտապելու` մեկ է, համաձայնության են գալու այն ժամանակ, երբ կողմերից յուրաքանչյուրը կարողանա առավելագույնս բավարարել իր նեղ կլանային շահերը: Իսկ ժողովուրդն  այլեւս խոսելու իրավունք  չունի: Նա այդ իրավունքը ընդամենը մի քանի օր առաջ արդեն  վաճառել է` 10 հազար դրամով:




Լրահոս