ԿԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԴԵՌ ՓՆՏՐՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քաղաքացի Գուրգեն Աղաջանյանի հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Դատական նիստը դարձյալ հետաձգվեց, քանի որ ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանը պաշտոնապես չէր ծանուցվել նիստի մասին, նամակը կրկին հետ էր եկել:
Դատական հայցն այն մասին է, որ քաղաքացի Աղաջանյանը վիրավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի ու վարչության ներկայիս պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի մասին «Ժողովուրդ»-ը նյութ է հրապարակել: Նախկին ու ներկա պաշտոնյաները գործում ներգրավված են որպես երրորդ անձ, բայց դատարան չեն ներկայանում:
Հիշեցնենք, որ քաղաքացի Գուրգեն Աղաջանյանից «Ժողովուրդ»-ն օրինական մի նամակ էր ստացել, որտեղ նշված էր, թե ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը եւ ներկայիս վարչության պետ Արման Սահակյանի տեղակալ Աշոտ Մարկոսյանն օրենքի խախտմամբ գումարներ են աշխատել: Մենք, պահպանելով էթիկայի բոլոր կանոնները եւ ներկայացնելով երկու կողմերի տեսակետը (այդ թվում եւ Կարինե Կիրակոսյանի), նյութ էինք հրապարակել: Սակայն հաջորդ օրը խմբագրություն էր եկել ոմն Գուրգեն Աղաջանյան ու հերքում էր պահանջում: Դրանից հետո նա հասկացավ, որ խիստ վիրավորվել է Կիրակոսյանի եւ Մարկոսյանի փոխարեն ու դիմեց դատարան` 800 հազար դրամի փոխհատուցման պահանջով: Դատական հաջորդ նիստը կկայանա մեկ ամիս հետո:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս