ՈՐՈՇԵՑԻՆ ՈՐՈՇԵԼ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ ընտրություններից հետո առաջին անգամն էր ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստ անցկացնում: Երեկոյան ժամը 20-ին սկսված նիստը տեւեց մոտ երկու ժամ. ժամը 22-ի սահմաններում Սերժ Սարգսյանը դուրս եկավ՝ ՀՀԿ ԳՄ անդամներով շրջապատված, մի քանի րոպե էլ դրսում զրուցեց ու մեկնեց: Նիստի ընթացքում հանրապետականներին չի հաջողվել որեւէ կոնկրետ որոշում ընդունել երեկ քննարկված հարցերի վերաբերյալ:
Սերժ Սարգսյանը ՀՀԿ գրասենյակ մտնելուց առաջ փորձեց կատակել այնտեղ հավաքված լրագրողների հետ՝ ասելով. «Էս ի՞նչ է պատահել, էս ինչի՞ եք այդքան շատ հավաքվել»: Հետո էլ կոալիցիա ձեւավորելու մասին հարցին ի պատասխան ասաց. «Լավ էլ գրում եք էլի, լավ մեկնաբանում եք, շատ լավ է, շարունակե՛ք», ու մտավ ՀՀԿ շենք: Ուշագրավն այն է, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստին չէր մասնակցում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Թե որն էր նրա բացակայության պատճառը, հայտնի չէ: Հիշեցնենք, որ Աբրահամյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամին է, եւ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում լարվածությունը մշտապես հարթվում է հենց նրա միջնորդությամբ: Երեկվա նիստին մոտ մեկ ժամ ուշացումով միացել է նաեւ Սամվել Նիկոյանը, որը, շփոթված տեսքով, վազելով արագ մտավ ՀՀԿ գրասենյակ: Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստից դուրս գալուց հետո ընդամենը ասաց, որ իրենք որեւէ վերջնական որոշում չունեն կայացված: «Կտեսնենք, քաղաքական պրոցեսներ են, ինչո՞ւ եք շտապում: Հենց որ լինի, մենք միանգամից հայտարարելու ենք: Հարցնեք էլ, չհարցնեք էլ, հայտարարելու ենք»,- նշեց Սերժ Սարգսյանը:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ՀՀԿ ԳՄ նիստում հիմնական քննարկումն ընթացել է ներքաղաքական հարցերի շուրջ: Նախ ՀՀԿ-ականներն անդրադարձել են ԱԺ ընտրությունների արդյունքներին, իրենց կուսակցության ստացած ձայներին: Անդրադարձ է եղել ՀՀԿ համամասնական ցուցակի ճակատագրին. առայժմ որոշված է՝ ինքնաբացարկ է հայտնելու 69  հոգի: Թեեւ՝ չի բացառվում, որ առաջիկայում այդ թիվն ավելանա: Դեռ վերջնական որոշում չկա, թե ովքեր ինչ պաշտոն են զբաղեցնելու ապագա կառավարությունում: Կառավարության կազմը անհատական մակարդակով չի քննարկվել: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, թե կադրային որեւէ հարց իրենք չեն քննարկել, եւ հայտնի չէ, թե ով՝ որտեղ է աշխատելու:
Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ նիստում շատ ավելի երկար է տեւել կոալիցիա կազմել-չկազմելու վերաբերյալ հարցը: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ինքը հանդիպումներ է ունեցել ԲՀԿ, ՕԵԿ նախագահների եւ ՀՅԴ առաջնորդների հետ: Նա հայտարարել է, որ կոալիցիայի ձեւավորումը չպետք է լինի ինքնանպատակ, եւ դա ենթադրելու է, որ 2013թ. նախագահի ընտրություններում կոալիցիայի անդամ կուսակցությունները սեփական թեկնածու չպետք է առաջադրեն, այլ պիտի սատարեն իրեն: Ըստ նրա՝ միայն այդ դեպքում է հնարավոր, որ բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն որոշ պաշտոններ զիջի այս կամ այն ուժին: ՀՀԿ-ում մանրամասն քննարկվել է կոալիցիա կազմելու վերաբերյալ հրավերի տեքստը. ՀՀԿ-ն մտադիր է պաշտոնական հրավերով դիմել քաղաքական ուժերին՝ առաջարկելով կազմել իշխող կոալիցիա: Այս փաստն անուղղակի հաստատեց նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք կոնսուլիդացիայի եւ միասնականության  կողմնակից ենք եղել, բայց դա, բնականաբար, պետք է լինի ծրագրային դրույթների եւ նախագահ Սարգսյանի շուրջ»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նա: Ասել է թե Շարմազանովն անուղղակի կերպով հաստատել է ՀՀԿ-ում ընթացող քննարկումները, որ իրենք կոալիցիա կկազմեն միայն այն ուժերի հետ, որոնք սեփական թեկնածու չեն ունենա, այլ կսատարեն Ս.Սարգսյանին:
Ի դեպ, Շարմազանովը երեկ, իբր իմիջիայլոց, հիշեցրել է, որ դեռ գործում է  կոալիցիոն հուշագիրը, որտեղ սեւը սպիտակի վրա գրված է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը 2013թ-ին սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Այդ կուսակցություններից որեւէ այլ կարծիք չի լսվել, մեզ համար պաշտոնական է համարվում այն կարծիքը, որը համապատասխանում է տվյալ կուսակցության ղեկավար եւ նրա կողմից լիազորված անձի կարծիքին»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ իր հերթին մեկնաբանեց, թե ինչու են ՀՀԿ-ում պարտադրում կոալիցիայի անդամ դառնալուց առաջ կրկին ստորագրել փաստաթուղթ: «Ընտրություններից հետո նոր քաղաքական իրավիճակ է, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր հինգ տարվա ռազմավարությունն է մշակում»,- նշեց նա՝ հավելելով, որ արդեն ասվել են բոլոր հնարավոր սկզբունքները, որոնցից ամենակարեւորը առաջիկա ընտրություններն են:
ՀՀԿ-ն մինչեւ ԱԺ առաջիկա նիստը՝ մայիսի 31-ը, պետք է նոր նիստ հրավիրի, որի ժամանակ էլ վերջնականապես կորոշեն՝ կազմեն կոալիցիա, թե ոչ: Մինչ այդ ՀՀԿ-ն շարունակելու է իր քննարկումները կոալիցիայի պոտենցիալ անդամների հետ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս