«Հանրապետություն» կուսակցությունն այսօրվա նիստում որոշելու է Հայ ազգային կոնգրեսի կազմում իր մնալ-չմնալու հարցը: ԱԺ պատգամավորի իր մանդատից հրաժարվելու մասին հայտարարություններից հետո «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չէր բացառել, որ իրենք դուրս կգան նաեւ ՀԱԿ-ից: Սակայն, ըստ նրա, դա պետք է որոշել կուսակցությունով: Նշենք, որ «Հանրապետության» կայացվելիք որոշումը վտանգված է. բանն այն է, որ այս կուսակցությունը, հակառակ իր կանոնադրության եւ օրենսդրական պահանջի, 2005թ. հետո համագումար չի անցկացրել: Մինչդեռ նրանք պարտավոր էին 2 տարին մեկ անգամ համագումար անել: Դեռ ավելին, «Հանրապետություն» կուսակցության՝ 2005թ. ձեւավորված քաղխորհրդի անդամների մի մասն այս տարիներին հեռացել է: Այս կուսակցության աշխատակազմի ղեկավար Արտակ Զեյնալյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք իրենց քաղխորհրդի որոշումը կլինի իրավաչափ: Զեյնալյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ, ու այլեւս չպատասխանեց հեռախոսազանգերին:
ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅՍՕՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ