ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄ ՁԵՌՔԵՐՈՎ ԲՈՒԺԵԼ ՈՐԴՈՒՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կապանի դատարանում պետք է կայանար 2009-ի հունիսի 3-ին հայոց բանակ զորակոչված Սուրեն Կիրակոսյանի դատական նիստը, սակայն այն նորից հետաձգվել է: Սուրենը իրեն վատ է զգացել, նրա արյան ճնշումը եղել է 40/70, ինչի հետեւանքով տեղափոխվել է Կապանի ոստիկանության բաժին, որտեղից էլ նրան տարել են Գորիսի ՔԿՀ:
Հիշեցնենք, որ Սուրեն Կիրակոսյանը մեղադրվում է դասալքության մեջ եւ գտնվում է Գորիսի քրեակատարողական հիմնարկում: Նա արդեն 43-րդ օրն է, ինչ հացադուլի է անում: Բայց դա չի խանգարել, որպեսզի Սուրենին տանեն դատարան: «Իրենք իրավունք չունեին տղային այդ վիճակով տանել դատարանի դահլիճ: Նա բողոքում է, որ իր նկատմամբ քրեական գործը հիմնավոր չէ: Ի վերջո, նա պատշաճ բժշկական զննում չի անցել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Մենք զրուցեցինք նաեւ Սուրենի մոր` Զվարթ Կիրակոսյանի հետ, որը տեղեկացրեց. «Տղաս ցածր ճնշում ուներ՝ 40/70, ու իրեն շատ վատ էր զգում: Շտապօգնություն կանչեցին, բայց հրաժարվեց նրանց օգնությունից: Գոնե թույլ տան՝ զրուցեմ որդուս հետ, համոզեմ, որ բուժօգնությունից չհրաժարվի: Էս ի՞նչ են անում, չեմ հասկանում»:
Զինվորի մորը շատ էին զայրացրել մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքի մարզային գրասենյակի ներկայացուցիչների հարցերը. «Այդ պահին հարցնում է՝ Ձեր պահանջը, ես էլ ասում եմ, որ ժամանակին գրեցի, ի՞նչ արեցիք, իրանք էլ թե՝ պաշտպանը Ձեզ կպատասխանի: Բայց ե՞րբ կպատասխանի, ե՞րբ: Ես չգիտեմ, թե իրենք ինչի են սպասում: Ես էլ ո՞նց ասեմ, որ ուզում եմ իմ ձեռքերով բուժել որդուս ու իմ տանը ուտացնեմ ու խմացնեմ, թողե՛ք բուժեմ, էլի ուղարկեմ ծառայության»: Տիկին Զվարթը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Սուրենը միայն հասցրել է խնդրել, որպեսզի մորը փոխանցեն, որ ինքը լավ է զգում իրեն:
Կապանի ոստիկանության բաժնից մեզ տեղեկացրին, որ կալանավորը եղել է իրենց մոտ եւ հրաժարվել բուժօգնությունից. «Դատական նիստին էլ չի ներկայացել առողջության վիճակի վատթարացման պատճառով, չթույլատրեցին»:
Փորձեցեցինք Սուրենի առողջական վիճակի մասին մանրամասներ իմանալ Գորիսի քրեակատարողական հիմնարկի պետ Արթուր Մակունցից: Արդյոք Սուրենը դատական նիստին ներկայանալուց առաջ համապատասխան բուժզննում անցել է, թե ոչ: «Բուժզննումը, այո՛, կատարել ենք: Ճնշումը կարգավորված է եղել: Արձանագրությունը կազմել ենք, այդ մասին գործի մեջ գրված է: Ես նույնիսկ բժշկին չեմ վստահել, երկրորդին եմ բերել, բայց նույն արդյունքն է եղել: Բացի դա, ինքը ազատ քայլում էր եւ խոսում, ամեն ինչն էլ տեղն է»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում եւ ի՞նչ է մտածում կալանավոր զինվորի մասին ՀՀ արդարադատության նախարարությունը: «Միայն քրեակատարողական վարչության լրատվականը Ձեր հարցերին կարող է պատասխան տալ: Այս նախարարությունն ի՞նչ քայլ պետք է ձեռնարկի: Նախարարությանը նման պահանջ չի ներկայացվել»,-ասաց ԱՆ մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը:
«Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՔԿՀ-ների մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանին. «Դատարան տանելուց առաջ իր մոտ ամեն ինչ նորմալ է եղել: Եթե կարիք լինի, նրան կտեղափոխեն հիվանդանոց: Հնարավոր է, որ միայն ճնշման տատանում լինի: Բժիշկները կուսումնասիրեն եւ կտան համապատասխան եզրակացություն»:
Հավելենք, որ Կապանի ոստիկանությունից Սուրենին կրկին տեղափոխել են Գորիսի ՔԿՀ, որտեղ թույլ են տվել տեսակցել մոր եւ հոգեբանի հետ: Այդ հանդիպումից հետո, ըստ Գորիսի ՔԿՀ-ի պետի՝ Արթուր Մակունցի խոսքերի, Սուրենը խոստացել է, որ երբ վատ զգա իրեն, չի հրաժարվի բուժօգնությունից: Իսկ մինչ այդ կշարունակի իր հացադուլը: Այն դադարեցնելու հեռանկարը կախված է մայիսի 24-ին նշանակված դատական նիստի արդյունքներից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս