ԳԼԽԱՎՈՐ ՓՈՍՏԻ ՇԵՆՔԸ Ե՞ՎՍ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունը  մտադիր է  վաճառել  Երեւանի գլխավոր փոստի շենքը:  Կառավարությունում  կարծում են, որ այն շատ ավելի արդյունավետ կլինի օգտագործել որպես էլիտար բնակելի շենք կամ հյուրանոցային համալիր:
«Ժողովուրդ»-ը եղավ Սարյան փողոցում գտնվող «Հայ փոստ»-ի շենքում՝ պարզելու համար՝ արդյոք ճիշտ են այդ տեղեկությունները: Քանի դեռ չէինք ներկայացել, փոստի աշխատակիցներն ասացին, թե նման խոսակցություններ երկար ժամանակ է, ինչ լսել են, բայց չեն կարող ասել՝ որքանով են դրանք իրական: «Ճիշտն ասած, մոտ մի ամիս առաջ էլ էկան, ասեցին՝ բա խաբա՞ր եք, շենքը ուզում են ծախեն, մենք էլ ստեղ հեռախոս բան ենք ծախում, ասեցինք՝ դե եթե նման բան կա, մեզ մի քիչ շո՛ւտ ասեք, որ մենք մեր գլխի ճարը տեսնենք, հետո ստեղի ղեկավարներից հարցրինք, ասեցին՝ հլը հաստատ բան չգիտենք, ու էսօր էլ ձեզանից ենք լսում, որ նման բան կա: Ո՞վ իմանա՝ ինչ ա լինելու, օրական մի օրենք են փոխում, մի բան են անում, ես շատ իմանամ՝ մեր գլխի գալիքը որն ա լինելու, անտեր երկիր ա, ով ինչ ուզում անում ա»,-վրդովված ասաց այդ շենքի առաջին հարկում հեռախոսների վաճառքով զբաղվողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:
Երբ զրուցում էինք մոտ 30-ամյա այս տղամարդու հետ, հանկարծ մեր շուրջը հավաքվեցին առաջին հարկի մի խումբ աշխատողներ ու սկսեցին հետաքրքրվել, թե ինչ է պատահել: Երբ նրանց հարց ուղղեցինք, թե տեղյակ են, որ հնարավոր է՝ «Հայ փոստ»-ի շենքը վաճառեն, միաբերան ասացին. «Ա՛յ աղջիկ ջան, էտի շուտվա խոսակցություն ա, մենք դրա մասին ահագին ժամանակ ա՝ լսում ենք, բայց մեր ղեկավարներից հարցնում ենք, ասում են՝ մենք տենց բաներից խաբար չենք, որ բան լինի՝ կասենք, ու մեզ բան չեն ասել: Դե մենք էլ աշխատում ենք, ոնց տեսնում եք, էս շենքն էլ հլը չեն ծախել, բա Դուք որտեղի՞ց եք տեղյակ, եթե տենց բան կա` մի բա՛ն արեք, թող չծախեն, հազիվ ենք հարմարվել, աշխատում ենք»:
Իսկ շենքի վերեւի հարկերում շատ կտրուկ հրաժարվում էին մեզ հետ զրուցել` պատճառաբանելով, որ իրենք ոչ մի բանից տեղյակ չեն եւ չեն կարող ասել` ճիշտ են մեր տեղեկությունները, թե ոչ: «Ես որ չգիտեմ, ես աշխատում եմ, բայց ինձ չեն ասել՝ ծախում են շենքը, թե չէ, տեղյակ չեմ, բայց սուտ կլինի, որ ասեմ առաջին անգամ Ձեզանից եմ լսում, միշտ էլ էդ խոսակցությունները եղել են, մոտ մեկ ամիս առաջ էլ տենց խոսում էին»,-ասաց այդ շենքի աշխատողներից մեկը եւ արագ քայլերով հեռացավ:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ «Հայ փոստ»-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի հետ, սակայն փոստի մենեջերն ասաց, որ տնօրինությունից մարդ չկա տեղում, եւ իրենք չեն կարող ասել, թե երբ են վերադառնալու, ուստի մեր հարցին կպատասխանեն գրավոր՝ օրվա ընթացքում: Այնուհետեւ զրուցեցինք «Հայ փոստ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Գեւորգ Աբրահամյանի հետ, որը նշեց, թե նման տեղեկություն չունեն. «Կարծում եմ՝ Ձեզ ճիշտ ինֆորմացիա չեն տվել, մենք նման տեղեկություն չունենք»:
Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի եւ «Հայ փոստ»-ի գլխավոր շենքի հնարավոր վաճառքի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, թե նման բան չկա. «Դա պետական գույք է, եթե վաճառվի, ապա պետք է վաճառվի պետության որոշումով, նման նախագիծ, նման քննարկումներ ընդհանրապես գոյություն չունեն, դրանք ընդամենը ստահոդ խոսակցություններ են»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս