ԲՈՂՈՔ՝ ՈՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիճակագրությունը փաստում է, որ հատկապես ընտրություններից հետո, երբ մարդկանց սպասելիքները չեն արդարանում, երկրում սկսվում է արտագաղթի նոր ալիք: Խոսքը հատկապես համապետական ընտրություններին է վերաբերում, որովհետեւ մարդիկ ՏԻՄ ընտրությունների հետ նույնպիսի սպասելիքներ չեն կապում: Պարզ ասած, երբ ընտրությունների միջոցով չեն կարողանում որեւէ բանի հասնել, երբ տեսնում են, որ իշխանությունը փաստացի վերարտադրվում է, եւ իրենց  քվեն ընդհանրապես որեւէ նշանակություն չի ունենում, սկսում են բողոքել «ոտքերով»՝ հավաքում են  ճամպրուկն  ու հեռանում երկրից: Համոզվելու համար հարկ է ուղղակի հանել տարբեր տարիների վիճակագրական տվյալները եւ տեսնել, թե քաղաքացիների միգրացիոն հոսքը հատկապես երբ է աճում:
Շիրակի մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոնից ստացված տեղեկությունների համաձայն՝ մայիսի 6-ի ընտրություններից հետո դարձյալ զգալիորեն  ավելացել է մարդկանց արտահոսքը երկրից: Անցած տասը օրերի տվյալները կենտրոնը շուտով կհրապարակի, դրանք ամփոփման փուլում են: Սակայն արդեն իսկ չեն թաքցնում, որ մտահոգվելու պատճառներ կան:  Կենտրոնի համակարգող  Ալվարդ  Մինասյանը փոխանցեց, որ միգրացիոն հոսք կան ոչ միայն Գյումրուց, այլեւ մարզի գյուղական համայնքներից: «Մարդիկ, երբ գալիս են մեր կենտրոն, պատմում են, որ հիասթափված են հերթական ընտրությունների արդյունքներից, չեն հավատում, որ էս երկրում որեւէ բան կփոխվի,  եւ դրա համար իրենց ապագան տեսնում են ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում,-նշեց միգրացիոն կենտրոնի ներկայացուցիչը` հավելելով.-Նկատվում է նաեւ այն տենդենցը, որ գյուղական համայնքներից գալիս են քաղաք, իսկ քաղաքաբնակները երկրից դուրս են գնում: Դա պայմանավորվում է սոցիալ-տնտեսական վիճակով, աշխատատեղերի պակասով»:
Իսկ Կովկասյան կենտրոնի տնօրեն Արտուշ Մկրտչյանը փաստում է, որ հայաստանցիները հիմնականում նախընտրում են Ռուսաստանի Դաշնությունը, եւ շատերն անգամ չեն ակնարկում, որ վերադառնալու ցանկություն ունեն: Նրանք դրսում հաջողակ գործարարներ են, չեն դժգոհում վարվող հարկային քաղաքականությունից, կարողանում են ինչ-որ բանի հասնել, մինչդեռ նույնը չի կարելի ասել մեր երկրի մասին, որտեղ ընտրությունից ընտրություն քաղաքացին համոզվում է հեռանկարի բացակայության մեջ: «Որեւէ մեկն առանձնապես մեծ փափագ չունի վերադառնալ այստեղ. աշխատանք չկա, վատ տնտեսական պայմաններ, բլոկադա: Երկիրն այսօր բավականին դժվար կացության մեջ է»,-շեշտեց Արտուշ Մկրտչյանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս