«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Անհնար է չնկատել, որ վերջին շրջանում ԲՀԿ-ականամետ լրատվամիջոցների քարոզչական տոնայնությունը եւ բառապաշարը գերագրեսիվ են դարձել: ԲՀԿ-ամետ որեւէ լրատվամիջոցի համար արդեն բացարձակապես խնդիր չէ, օրինակ, «անմեղսունակ» անվանել կամ վիրավորական բնույթի որեւէ այլ պիտակով «պատվելե այն ուժերին կամ գործիչներին, ովքեր քննադատական վերաբերմունք են դրսեւորում, ասենք, ոչ իշխանական եռյակի, կամ առանձին վերցրած ԲՀԿ-ի գործունեությանը:
Բայց, նախ, ընթացիկի մասին: ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» եռյակի լիդերների հնարավոր հանդիպման շուրջ մի տեսակ արհեստական ուշադրություն կա: Ավելի ճիշտ, տարատեսակ ցանցային լրատվամիջոցներով կարծես փորձ է արվում չափազանցված սպասումներ ձեւավորել՝ «կհանդիպե՞ն եռյակի լիդերները… », «սպասվում է եռյակի լիդերների հանդիպում… », «եռյակի լիդերները պատրաստվում են հանդիպման… » վերնագրերով մի շարք լուրեր կարելի է գտնել համացանցում եւ ոչ միայն: Այստեղ թերեւս առավել ուշագրավը «ցանկացած պահի» բառակապակցությունն է:
Իսկապես էլ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող են ցանկացած պահի հանդիպել: Ավելին, ինչպես մեզ է թվում, նրանք կարող են հանդիպել նույնիսկ օրը երկու անգամ կամ երեք (եռյակ է, ի վերջո), բայց, միեւնույն է, երբ հայտնվեն հանրահավաքային հարթակում, էլի երեքն էլ տարբեր, մեկը մյուսի հետ այնքան էլ «չբռնող» բաներ են ասելու:
Դժվար է ասել, բայց ժողովրդական խոսք կա՝ «ջրի վարարելը կտրվելու նշան է»: Գուցե հենց դրանո՞վ է պայմանավորված ԲՀԿ-ականների վերբալ ագրեսիան»: