Բարեկամավանը Տավուշի մարզի սահմանամերձ, հեռավոր գյուղերից է, Նոյեմբերյան քաղաքից հեռու է 35, մարզկենտրոն Իջեւանից՝ շուրջ 60 կմ: Գյուղը գտնվում է ձորի մեջ` «կտրված մեծ աշխարհից»: Ոչ այնքան ադրբեջանական գնդակոծությունների, որքան հանապազօրյա ապրուստի միջոցների բացակայության պատճառով վերջին 15 տարում մեծ թվով բարեկամավանցիներ հեռացել են բնօրրանից: Գյուղի հողերի մեծ մասն ադրբեջանական գնդակոծության գոտում է՝ վտանգավոր տեղանքում, դրանք մշակելու հնարավորություն չկա: Սահմանամերձ շենում աշխատատեղերը բացակայում են:
Շարունակվող արտագաղթի պատճառով խիստ նվազել է դպրոցականների թիվը: 1970-ական թվականներին տեղի ութամյա դպրոցը 350 աշակերտ ուներ: Հիմա Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան դպրոցում սովորում է տասն անգամ պակաս՝ 35 աշակերտ: Բարեկամավանցի Մ. Ղարաքեշիշյանը 1994 թվականին զոհվեց գյուղի պաշտպանական դիրքում, կրթօջախի բակում տեղադրված է նրա կիսանդրին: Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը ներայացնում է դպրոցի խնդիրները: Ուսումնական շենքի վիճակն անմխիթար է: Տնօրենի վկայությամբ՝ 1997 թվականին պետբյուջեի միջոցներով շենքը նորոգել են, սակայն միայն կոսմետիկ: Ի թիվս այլ խնդիրների՝ չեն հոգացել ջրահեռացման մասին, ինչի արդյունքում անձրեւաջրերը լցվում են շենքի հիմքերը, խոնավացնում դասասենյակները: Բացի այդ, կառույցի տանիքն անցքեր ունի, որտեղից անձրեւաջրերը լցվում են ներս:
Սուր են նաեւ կրթական հիմնահարցերը: 35 աշակերտ ունեցող դպրոցում գործում են երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ, քառակոմպլեկտ դասարաններ, առաջինից հինգերորդ դասարանցիները միասին են դաս անում: Խնդիրն ավելի է բարդանում, քանի որ գյուղում նախադպրոցական հաստատություն չկա: Տնօրեն Աստղիկ Ազատյանն ասում է. «Ստիպած ենք երեխաներին Գիքորի նման «նստել-վեր կենալ» սովորեցնել, նրանց ամենատարրական բաները՝ կավիճ, գրիչ բռնել ուսուցանել»:
2011-2012թթ. ուսումնական տարում Բարեկամավանում առաջին դասարան է հաճախել 5 երեխա, դպրոցն այս տարի նույնքան շրջանավարտ կունենա: Իսկ արդեն եկող սեպտեմբերին առաջին դասարան կհաճախի ընդամենը մեկ երեխա: Օրերս «Հույսի կամուրջ» ՀԿ-ն այստեղ ներառական կրթության դասասենյակ է կահավորել, դպրոցի մի աշխատակից կզբաղվի երեխաների ներառական կրթությամբ: Աստղիկ Ազատյանի տեղեկացմամբ՝ դպրոցում նաեւ մտավոր հետամնաց երեք երեխա է սովորում, նրանցից երկուսը՝ մի ընտանիքից: Նաեւ 8-րդ դասարանցի մի տղա կա, որը տարօրինակ վարք ունի, վախեցել է, սակայն այդ երեխայի բուժմամբ ոչ ոք չի զբաղվել: Դպրոցի տնօրենն ասում է, որ ներառական կրթության դասասենյակը Բարեկամավանում կծառայի որպես մանկապարտեզ. նախադպրոցական տարիքի երեխաների ծնողները մտադիր են երեխաներին այնտեղ ուղարկել, իրենք հո չե՞ն մերժելու:
Սահմանամերձ, հեռավոր գյուղերում դպրոցն ավելին է, քան սոսկ կրթօջախ: Երեխաների ուսումնառության համար կարգին պայմաններ չլինելու պատճառով ընտանիքներն արտագաղթում են, հեռանում Հայաստանի այլ բնակավայրեր կամ արտերկիր: Մյուս կողմից՝ եթե սահմանապահը իր թիկունքում չի զգում գյուղի մանուկների շունչը, նրա համար հայրենի հողը դառնում է սոսկ տարածք: 2010 թվականը փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից հայտարարվել էր Բարեկամավանի տարի: Բացի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից մի քանի տասնյակ հեկտար աշնանացանից, այդ տարվա շրջանակներում Բարեկամավանում ոչինչ չարվեց: Ժամանակն է, որ կառավարությունը դեմքով շրջվի դեպի Բարեկամավանի խնդիրները, վաղը կարող է ուշ լինել:
Տավուշ