Միացյալ նահանգները չի պատրաստվում ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի նորընտիր ղեկավարներին և չի աշխատելու նրանց հետ: Նման դիրքորոշման մասին երկուշաբթի հայտարարել է պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Մենք չենք աշխատելու այդ առաջնորդների հետ», – ասել է Փսակին՝ ողջունելով նույն դիրքորքշումն արտահայտող եվրոպական ղեկավարների հայտարարությունները:
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը ճանաչի հանգստյան օրերին անցկացված ընտրությունների արդյունքները, դա ավելի կուժեղացնի նրա մեկուսացումը: Սակայն նա չի խոսել այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի մասին:
ԱՄՆ-ն նաև շարունակում է պնդել Մինսկի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Փսակիի խոսքով՝ որոշ անհրաժեշտ քայլեր դեռևս չեն ձեռնարկվել: