Մայիսի 4-12-ը Վիեննայում կայացավ դասական երաժշտության պատանի երաժիշտների «Եվրատեսիլ-2012» մրցույթը, որին Հայաստանը մասնակցեց առաջին անգամ: Մեր երկիրը ներկայացրեց վանաձորցի քանոնահար Նարեկ Կազազյանը, որն էլ զբաղեցրեց 3-րդ տեղը: Պատանի երաժիշտը մրցույթին ներկայացրեց Ծովինար Հովհաննիսյանի «Էքսպրոմտ»-ը, Նիկոլո Պագանինիի «Վենետիկյան պարահանդես»-ը եւ Խաչատուր Ավետիսյանի «Անընդհատ շարժում»-ը, որն էլ հաղթանակ բերեց:
Նարեկը ծնվել է 1995թ. Վանաձորում: Սովորել է Վանաձորի թիվ 9 դպրոցում, միաժամանակ ուսանել է Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում:
-Ինչպիսի՞ տպավորությամբ ես վերադարձել Վիեննայից:
-Այդպիսի նվագախմբի հետ նվագելն ինձ համար ամենամեծ ու ամենաուրախալի տպավորությունն էր:
-Գո՞հ ես արդյունքներից:
-Իհարկե գոհ եմ: Ճիշտն ասած՝ դժվար է առաջինը ներկայացնել քո երկիրը: Մենք մտավախություն ունեինք, քանի որ ազգային գործիք պետք է ներկայացնեինք, բայց կիսաեզրափակչից հետո եզրափակչում տեսնելով մարդկանց բարի դեմքերը՝ զգացինք, որ հավանել են գործիքը:
-Որտե՞ղ ես սովորել այդքան լավ նվագել:
-Սովորում եմ Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի առաջին կուրսում, Անահիտ Հովսեփյանի ղեկավարած կուրսում, որը ամբողջ մրցույթի ժամանակ իմ կողքին էր: Իր ներկայությունն այնքանով էր կարեւոր, որ եթե ինքը չգար, ես հաստատ կարող եմ ասել, այս արդյունքը չէր լինելու:
-Այս մրցույթը քո ամենամե՞ծ ձեռքբերումն է:
-Ճիշտ է, էլի ունեցել եմ խոշոր մրցույթներ, բնականաբար, միշտ առաջին տեղեր, բայց «Եվրատեսիլ» անունն արդեն ուրիշ է: 3-րդ մրցանակ ստանալ պրոֆեսիոնալ ժյուրիից, որը գնահատում է քո կատարողական արվեստն ու հնարավորությունները, ոգեւորող է:
-Մրցույթի մասնակիցները հետաքրքրվեցի՞ն մեր ազգային նվագարանով:
-Իհարկե, մենք հնարավորինս ներկայացրինք մեր քանոնը:
-Հիմա ի՞նչ ծրագրեր ունես:
-Կրկին փորձում եմ մրցույթներ գտնել, չեմ ուզում նստել «Եվրատեսիլ»-ի տպավորությունների տակ ու մտածել, որ «Եվրատեսիլ» եմ գնացել ու վերջ:
-Ի՞նչ տվեց քեզ մրցութը:
-2000 եվրո մրցանակ, 1200 եվրո տվեց նաեւ Վիեննան, ինչպես նաեւ սերտիֆիկատը եւ 3-րդ մրցանակը: Ժյուրիի Լեհաստանի անդամը հայտարարել է, որ 1-ից 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պետք նվագեն Լեհաստանում, այսինքն՝ արդեն նաեւ հրավեր ունեմ:
-Ուրիշ ի՞նչ մրցանակներ ունես:
-Մրցույթների շատ եմ մասնակցել: 2009թ. Կրեմլում Հայաստանը ներկայացրել եմ «Ծագող աստղեր» փառատոնին, որի ժամանակ դիպլոմ ստացա ՌԴ առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւայի կողմից, իսկ 2010-ի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանն արժանացա «Պատանի վիրտուոզ» հատուկ մրցանակին, ինչպես նաեւ երիտասարդական 6-րդ բաց Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր եմ:
-Առաջիկա ի՞նչ համերգային պլաններ ունես:
-ԱՄՆ, Լոնդոն եւ Լեհաստան ուղեւորություններ ունեմ, որտեղ կմասնակցեմ համերգների, իսկ մենահամերգ առաջիկայում կլինի:
-Ի՞նչ նպատակներ ունես:
-Ավելի շատ նպատակս այն է, որ քանոնը ճանաչելի դարձնեմ աշխարհին:
Լոռի