ՀԱՐՑ. Ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ տարբեր բանկերում եւ փոխանակման կետերում դրամի փոխարժեքն էականորեն տարբերվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքներից: Ինչպե՞ս կարող է բացատրվել տարբերությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից հաջորդ օրվա ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը սահմանվում է ամեն օր՝ ժամը 17:45-ին` հիմք ընդունելով տվյալ օրվա մինչեւ ժամը 16:00-ն ՀՀ ԿԲ հաշվետու սուբյեկտների կողմից իրականացված գործառնությունների միջին կշռված փոխարժեքը, որը, որպես կանոն, տարբերվում է առանձին բանկերի կողմից նշվող փոխարժեքներից: Բնականաբար, հաջորդ օրը եւս արտարժույթի շուկայում նոր զարգացումների արդյունքում հնարավոր են փոխարժեքի տատանումներ եւ շեղումներ հաշվարկային փոխարժեքից, որոնք արդեն չեն կարող ազդել նախորդ օրը սահմանված գործող հաշվարկային փոխարժեքի վրա: Դրանք իրենց հերթին ազդեցություն կարող են ունենալ տվյալ օրը՝ ժամը 17:45-ին, հաջորդ օրվա համար սահմանվող հաշվարկային փոխարժեքի վրա:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես վերջին օրերին մեկ անգամ եւս զգացվեց, թե որքան փխրուն է արտարժույթի շուկան, ու ինչ արագ են նրա վրա ներգործում դոլարի թանկացման միտումները: Ինչ վերաբերում է նախորդ օրով սահմանված կուրսին, ապա տարբերությունն առավելապես բանկերի միջամտության հետեւանք կարելի է համարել: