Սակագների փոփոխությունն ուղղակիորեն ազդո՞ւմ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման վրա: 2015թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ նման հարց բարձրացրեց Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Հանձնաժողովի ներկայացուցիչը նրան դրական պատասխան տվեց, իսկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը զարմացավ և փորձեց շտկել իրավիճակը: «Ո՞նց, այո՛»,- զարմացավ Այվազյանը:
Հետո նա սկսեց պարզաբանել, որ հանձնաժողովի կողմից ստացվող հայտերը որևէ կապ չունեն աշխատավարձի չափի հետ, և խնդրեց այդ մասին լրացուցիչ պարզաբանում տա հանձնաժողովի անդամ պարոն Վարդանյանը:
Վ. Այվազյանն էլ բացատրեց մասնավորապես հանձնաժողովի ներկայացուցչին, որ իր պատասխանից ստացվում է այնպես, որ եթե վաղը հանձնաժողովը սակագինն իջեցնի 4-ից 5 անգամ, ապա իրենք սոված կմնան, քանի որ աշխատավարձն էլ, ասել է թե, կկրճատվի:
«Իսկ եթե տասը անգամ գազի սակագին բարձրացնեք, մարդ ա մի հատ էլ «Մերսեդես» կառնեք»,- եզրափակեց Այվազյանը: