Բանկային վիճակագրություն. կանայք ավելի պարտաճանաչ վարկառուներ են, քան տղամարդիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում սպառողական վարկավորման շուկան արմատական փոփոխություններ է կրել, և առաջացել է վարկային պորտֆելի ռիսկերի ճիշտ գնահատման և կանխատեսման խիստ անհրաժեշտություն: Ռիսկերի կանխատեսումն ու վերահսկումը ժամանակակից բանկային համակարգում իրականացվում է տնտեսության զարգացման տարբեր սցենարների հիման վրա:

ՀՀ բանկերում վարկային պորտֆելի ռիսկերի գնահատման գործընթացի, կանխատեսումների մասին առավել մանրամասն զրուցեցինք «Յունիբանկ»-ի ավագ ռիսկ-մենեջեր Սերգեյ Քոչարյանի հետ:

– Կպատմե՞ք, թե բանկը տեղեկատվության վերլուծությունն ու վարկային ռիսկերի գնահատումը ինչ մեթոդով է իրականացնում:

– Մանրածախ բիզնեսը որպես զարգացման հիմնական ուղղություն ընտրած բանկերը մասսայական վարկավորում վաղուց իրականացնում են ավտոմատացված սկորինգային համակարգերի միջոցով: Վարկային սկորինգը հաճախորդի վարկունակության գնահատումն է նրա սոցիալական նկարագրի հիման վրա, որն էլ ստանում ենք վիճակագրական վերլուծության շնորհիվ:

Որպես հիմնական ցուցանիշներ դիտարկվում են հաճախորդի ֆինանսական դրությունը և վարկային պատմությունը: Դրանով պայմանավորված՝ մենք վերանայեցինք ռիսկերի գնահատման մոտեցումները ևս: Այս պարագայում բանկը կարևորում է բանկային պորտֆելի վինտաժային վերլուծությունը, որում նմանատիպ հատկանիշներ (սեռ, տարիք, ընտանեկան կարգավիճակ և այլն) ունեցող վարկառուներն առանձնացվում են ըստ խմբերի և վարկերի տրամադրման ժամանակահատվածների, սովորաբար` ամսական կամ եռամսյակային կտրվածքով, ու դիտարկվում են դրանց վարքագծերը ժամանակի ընթացքում:

Հենց վինտաժային վերլուծությունն է, որ հնարավորություն է տալիս հասկանալ, թե հաճախորդների որ խմբերին է առավել նպատակահարմար վարկավորելը, ում առաջարկել նոր վարկատեսակը, ինչպիսի տենդենց է նկատվում շուկայում, ինչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել: Այս հարցերին հստակ պատասխաններ տալու, շուկայական փոփոխություններին արագ արձագանքելու և դրական արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ է հավաքագրել և վերլուծել մեծ ծավալի տեղեկատվություն:

«Յունիբանկ»-ում վիճակագրական տվյալները հիմնված են 13 տարվա գործունեության արդյունքների վրա և դրված են մեր սկորինգային համակարգի հիմքում: Ինչպես տեսնում եք, նման մոտեցումն իրեն արդարացնում է: «Յունիբանկ»-ում հաստատվում են ներկայացված վարկային հայտերի մոտ 51%-ը, իսկ 90 օրից ավելի ժամկետանց վարկերի մակարդակը չի գերազանցում 2%-ը, այն դեպքում, երբ 30.06.14թ. դրությամբ մեր կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 54,8 մլրդ դրամը:

– Ելնելով «Յունիբանկ»-ի վիճակագրությունից` կներկայացնե՞ք վարկառուների ամենապարտաճանաչ խմբերը:

– Ինչպես ցույց է տալիս մեր վիճակագրությունը, կանայք առավել բարեխիղճ հաճախորդ են հանդիսանում, քան տղամարդիկ: Եթե տղամարդկանց մոտ 7.5%-ը վարկերի գծով վճարումները ժամանակին չի կատարում, ապա կանանց մոտ այդ ցուցանիշն ընդամենը 5% է: Տարիքային արտահայտությամբ՝ ամենապարտաճանաչ խումբն են 40-50 տարեկան վարկառուները, իսկ ապրելատեղի ցուցանիշով` Շիրակի մարզի բնակիչները:

– Ի՞նչը կարող է մերժման հիմք հանդիսանալ պոտենցիալ վարկառուի համար:

– Գոյություն ունեն վարկառուի գնահատման տարբեր չափանիշներ, որոնք, ինչպես ասացի, ներառված են մեր սկորինգային համակարգում: Կարևոր նախապայման է հաճախորդի վարկային պատմությունը: Եթե պոտենցիալ վարկառուն ունի բացասական վարկային պատմություն, ապա, ամենայն հավանականությամբ, ավտոմատ համակարգը կմերժի հայտը: Եվ հակառակը` դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդին բանկը տրամադրում է ավելի մեծ գումարով վարկ` նվազագույն փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Մինչև վարկառուին ևս մեկ վարկ առաջարկելը, անհրաժեշտ է սպասել որոշ ժամանակ, օրինակ` 6 ամիս՝ հասկանալու համար, թե որքան պարտաճանաչ է տվյալ հաճախորդը կատարում վարկի գծով վճարումները:

Բանկի համար ևս մեկ կարևոր չափանիշ է DTI (Debt-To-Income) ցուցանիշը: Դա պարտավորության և հաճախորդի եկամուտների հարաբերակցությունն է: Այսինքն, բանկն ինքը շահագրգռված է վարկ տրամադրելու այն հաճախորդին, որն իսկապես ի վիճակի է այն մարել: Այստեղ կցանկանայի նշել նաև հասարակության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը:

Օրինակ՝ ոչ բոլոր հաճախորդներն են տիրապետում վարկային քարտի հետ աշխատանքին` ամսական վճարումներ, մարման կարգ, շրջանառության ապահովում…

Երբեմն վարկառուն կարող է խախտել մարման կարգը և ժամկետանց վճարում ունենալ ոչ թե միտումնավոր, այլ` զուտ չիմանալու արդյունքում: Կարծում եմ այս ուղղությամբ ևս դեռ շատ աշխատանքներ ունենք անելու, որպեսզի սպառողների համար բանկային պրոդուկտները դառնան առավելագույնս պարզ և հասկանալի:




Լրահոս