13.500 ՄԱՐԴ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա ինն ամիսների ընթացքում 13 հազար 5 հարյուր մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Այսպես` 2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը եղել է 3 միլիոն 13 հազար 900 մարդ: 2014թ. հունվարի 1-ին այդ թիվը եղել է 3 միլիոն 17 հազար 100 մարդ, այսինքն՝ մշտական բնակչության թիվը նվազել է 3 հազար 2 հարյուր մարդով: 2014-ի առաջին ինն ամիսներին ՀՀ մշտական բնակչության բնական աճը` ծնվածների եւ մահացածների տարբերությունը, կազմել է 10 հազար 402: Այսինքն՝ մշտական բնակչությունը մեր երկրում գործնականում նվազել է 13 հազար 600 մարդով:
Տեղեկացնենք, որ մշտական բնակչությունն իր մեջ ներառում է ՀՀ քաղաքացիներին, նաեւ նրանց, ովքեր արտագաղթել են, բայց ՀՀ քաղաքացիությունից չեն հրաժարվել: Այսինքն՝ այդ թվի նվազումը նշանակում է՝ այդքան մարդ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է: Ի դեպ, այս տարվա ինն ամիսների տվյալներով՝ Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել ավելի քան 94 հազար ՀՀ քաղաքացի:
Հայաստանի տասնյակից ավել ԲՈՒՀ-երի ռեկտորներ կասկածվում են չարաշահումներ թույլ տալու մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «սեւ ցուցակում» են հայտնվել այնպիսի ԲՈՒՀ-եր, ինչպիսիք են Երեւանի պետական համալսարանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, Գավառի պետական համալսարանը եւ այսպես շարունակ: Չարաշահումների փաստի առթիվ, ըստ մեր տեղեկությունների, դատախազության հրահանգով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Կոտայքի մարզի Քաղսի համայնքում դեկտեմբերի 14-ին գյուղապետի հետաքրքիր ընտրություններ են սպասվում: Միմյանց դեմ պայքարելու են Հանրապետական կուսակցության երկու ներկայացուցիչներ՝ գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանը եւ գյուղապետի նախկին թեկնածու Սահակ Ալեքսանյանը: Գործող գյուղապետը համարվում է Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հավատարիմը, նրա շնորհիվ է միշտ ընտրվել: Իսկ մյուս թեկնածուն նախորդ ընտրություններում պարտվեց: Տեղեկացնենք, որ Սահակ Ալեքսանյանը հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է, ով նախորդ ընտրություններին չէր խառնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ Ապերը որոշել է օգնել հորաքրոջ որդուն: Ի դեպ, Ապերն էլ ծագումով այդ գյուղից է եւ համապետական միջոցառումների ժամանակ նրան հաճախ կարելի է տեսնել Հրազդանում: Իսկ թե նախընտրական քարոզչությունն այս անգամ ինչ ընթացք կունենա, հեղինակությունների եւ գյուղապետի թիմակիցների միջեւ ինչ բախումներ կլինեն, ցույց կտա ժամանակը: Առայժմ իրավիճակը խաղաղ է:
2014թ. երրորդ եռամսյակի խոշոր հազար հարկ վճարողների ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող «Ղ-Տելեկոմ»-ը` ապրանքանիշը «Վիվա Սելլ», անցած տարվա համեմատ պակասեցրել է վճարումները: Այս տարի «ՎիվաՍելլը» վճարել է 22 մլրդ 150 մլն 578 հազար դրամի հարկեր, 2013թ.-ին՝ նույն ժամանակահատվածում, այդ ցուցանիշը եղել է 22 մլրդ 303 մլն 924 հազար դրամ: Սակայն վճարած հարկերի թիվը նվազեցնելով հանդերձ՝ «ՎիվաՍելլը» ցուցակի իր դիրքը բարելավել է` 3-րդից բարձրացել է 2-րդ հորիզոնական: Կապի ոլորտի մյուս գիգանտը՝ «Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, այս տարվա ինն ամիսներին վճարել է 12 մլրդ 882 մլն 235 հազար դրամ հարկ, անցած տարի «ԱրմենՏելը» 11 մլրդ 544 մլն 844 հազար դրամով հինգերորդն էր: «Օրանժ Արմենիա» ընկերությունն այս տարի խոշոր հարկատուների ցուցակում 20-րդն է՝ 3 մլրդ 442 մլն 673 հազար դրամով, անցյալ տարի եղել է 39-րդը` 2 մլրդ 20 մլն դրամով: Ստացվում է, որ «Վիվա Սելլի»-ի գործերն այնքան էլ լավ չեն. փող չկա:
ՑՆՑՈՒՄՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Մինչ մեր իշխանությունները զբաղված են Հայաստանի առջեւ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում բացվելիք զարգացման հեռանկարների մասին վարդագույն հեքիաթներ պատմելով, միջազգային պատժամիջոցների տակ հետզհետե կքող Ռուսաստանի տնտեսությունն արագ տեմպերով անկում է ապրում: Ռուբլու՝ արդեն 28 տոկոսից ավել արժեզրկումն իր հետեւից բերելու է բազմաթիվ ցնցումներ, որոնք ուղղակիորեն անդրադառնալու են Հայաստանի տնտեսության վրա: Ընդ որում, մի կողմ թողնելով Հայաստանում առկա հսկայական ռուսական կապիտալի, հազարից ավել ռուսական ձեռնարկությունների գործունեության եւ հայ-ռուսական հետագա տնտեսական ծրագրերի վրա ռուբլու անկման հետեւանքների կանխատեսումները՝ նշենք, որ շատ ավելի արագ եւ ցավոտ է լինելու Ռուսաստանից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների կրճատումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 10 տոկոսը գոյանում է հենց Ռուսաստան «խոպան գնացած» մեր հայրենակիցների ուղարկած փողերի շնորհիվ, եւ հիմա` ռուբլու 28 տոկոսանոց անկման դեպքում, ըստ տարբեր մասնագիտական գնահատականների, մեր երկիր մտնող դրամային փոխանցումները կնվազեն գրեթե նույնքան, լավագույն դեպքում` 20 տոկոսով, ինչը կազմում է ավելի քան կես միլիարդ դոլար:
Թե ինչպիսի հարված կլինի մեր տնտեսության համար այդ չափով դրամական հոսքի դադարեցումը, կարծում ենք` դժվար չէ պատկերացնել: Առավել եւս, որ դրանից շեշտակիորեն ընկնելու է ՀՀ այն քաղաքացիների կենսամակարդակը, ովքեր այդ փոխանցումներից զատ եկամտի այլ աղբյուր չունեն: Իսկ դա, ինչպես հայտնի է, կազմում է Հայաստանի քաղաքացիների զգալի մասը: Այնպես որ, տնտեսական անկումն ու մարդկանց կենսամակարդակի շեշտակի վատթարացումն անխուսափելի են, համենայն դեպս՝ առաջիկա մի քանի ամիսների կտրվածքով:
Այս իրավիճակում Հայաստանի միակ ելքը հնարավորինս շատ օտարերկրյա ներդրումների ապահովումն է, երկրում արտադրական հզորությունների հիմնումն ու արտահանման խթանումը: Սակայն ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ առայժմ որեւէ գործնական քայլ չեն ձեռնարկում: Փոխարենը նրանք զբաղված են դատարկախոսությամբ եւ սեփական թագավորի մերկությունն ի ցույց դնելու անշնորհակալ գործով: Հակառակ դեպքում եռյակի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրած պահանջները ծաղրի ենթարկելու փոխարեն, ՀՀԿ-ականները կներկայացնեին կոնկրետ փաստարկներ: Զորօրինակ՝ օտարերկրյա ներդրումների հետ կապված կպարզաբանեին, թե ինչու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանում օտարերկրյա ներդրումների մակարդակը շեշտակիորեն ընկավ, եւ սփյուռքի՝ մեր հայտնի մեծահարուստ գործարարները մեկը մյուսի հետեւից հիասթափված` դադարեցրեցին Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մինչդեռ ՀՀԿ-ականների հուսահատ պնդումները, թե ընդդիմությունը չի կարող «բռնի ուժով փայ մտնելու» օրինակներ ներկայացնել, ջայլամիզմի զավեշտալի դրսեւորումներ են: