ՏԱՍՆՅԱԿԻՑ ԱՎԵԼ ՌԵԿՏՈՐՆԵՐ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ ԵՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՄԵՋ
Հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները հայտնվել են աղմկալի պատմության մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մեկ տասնյակից ավել բուհի ռեկտորների կողմից թույլ տված չարաշահումների փաստի առթիվ ՀՀ գխավոր դատախազի հրահանգով քրեական գործեր են հարուցվել:
Ինչի՞ մեջ են կասկածվում ռեկտորները
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին նամակ է ուղարկել՝ հասկանալու, թե նրանք բուհի անունով մեքենա գնե՞լ են եւ ի՞նչ գումարով: Դատախազությունը տեղեկություններ է ստացել, որ պետբյուջեից հատկացված գումարները բուհի ռեկտորներն իրենց նպատակին չեն ծառայեցրել եւ իրենց համար շքեղ ավտոմեքենաներ են գնել:
«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ տասնյակից ավել բուհի ռեկտորներ են կասկածվում չարաշահումների մեջ: «Սեւ ցուցակում» են գտնվում Երեւանի պետական համալսարանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, Գավառի պետական համալսարանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ նշված բուհի ռեկտորների կողմից թույլ տված չարաշահումների փաստի առթիվ դատախազության հրահանգով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր. 308 հոդվածի 1-ին մասի` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Ռեկտորները չարաշահումների մասին
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, թե նման բան չկա, եթե նման բան լիներ, առաջինն ինքը կիմանար. «Առաջին անգամ եմ լսում, ի՞նչ չարաշահում, այս ի՞նչ բան է»: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն էլ նշեց, որ եթե իր նկատմամբ քրեական գործ հարուցված լիներ, ապա կիմանար. «Խոսքը 2012թ կատարված գնման մասին է, որը նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանի օրոք է եղել: Բուհի համար մեքենայի գնման հարցով հատուկ քննություն է ընթացել, հարցաքննել են թատրոնի հաշվապահին եւ այլ մարդկանց: Այլ մանրամասներ չգիտեմ»: Չնայած նորանշանակ ռեկտորը կատարվածի մանրամասներից տեղյակ չէր, սակայն թատրոնի պրոռեկտոր Հովիկ Մինասյանը ներկայացրեց որոշ մանրամասներ: Ըստ նրա՝ 2012թ. թատրոնում գնումների հետ կապված խնդիր է եղել. «Նախորդ ռեկտոր Արմեն Մազմանյանի ժամանակ բուհի համար մեքենա է գնվել, սակայն գնումների ընթացակարգը չի պահպանվել ու կատարվածի համար սկսվել է քննություն, մեզ կանչել են, քննել են, եւ այլ բան չգիտենք»:
Իսկ, ահա, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ. «Մենք ՀՀ գլխավոր դատախազությունից նամակ ենք ստացել, որտեղ գրված է եղել՝ դուք մեքենա գնել եք, ու ես շատ լավ տեղյակ եմ, որ բոլոր բուհերին այս հարցումը գնացել է: Մենք պատասխանել էինք, որ մեր բուհը պետական բյուջեից գումար չի ստանում, եւ մենք բուհի համար ծառայողական մեքենա ենք գնել բուհի սեփական միջոցներով: Օրինակ՝ ուրիշ բուհեր, որ պետբյուջեից գումար են ստացել, նրանք խախտում են արել, քանի որ մեքենան գնել են բյուջետային միջոցներով, ինչն արդեն խախտում է»:
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն էլ անձամբ է գնացել հատուկ քննչական ծառայություն: «Մենք մեքենա գնել ենք, բայց յուրաքանչյուրի տակ կա կառավարության որոշումը: Կարծում եմ, որ ամեն ինչ եղել է սահմանված կարգով: Ներկայացրել եմ բոլոր փաստաթղթերը, իսկ թե հետո ինչ կլինի, չգիտեմ»,- ներկայացրեց կոնսերվատորիայի ռեկտորը:
Այն, որ տասնյակ բուհերի ռեկտորների գլխին սեւ ամպեր են կուտակվել, փաստ է, իսկ թե նրանցից որ մեկի գլխին կտեղա հուժկու կարկուտը, դեռեւս հայտնի չէ: Քննությունը շարունակվում է: Չի բացառվում, որ շատ խիստ մոտեցում չլինի, քանի որ ռեկտորները շատ դեպքում կատարել են ընդամենը ոչ ճիշտ ֆինանսական բաշխում, որը կարելի է նույնիսկ քրեական հանցանք չհամարել:
Ի դեպ, երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել էր 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված էին նաեւ ՀՀ ուսումնական հաստատություններ եւ կրթական ծառայություն մատուցող 23 կազմակերպություններ, այդ թվում՝ 19 բուհ, 2 կրթահամալիր, 1 քոլեջ եւ կրթության ազգային ինստիտուտը:
Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 60-րդ տեղը: Երկրորդը Երեւանի պետական համալսարանն է՝ 67-րդ տեղ, երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 142-րդ տեղում է:
Այսինքն՝ իսկապես բուհերում «մեծ փողեր» են պտտվում, ինչը նշանակում է, որ չարաշահումներն էլ չպետք է բացառել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
«Սեւան» ՔԿՀ կալանավոր Խաչատուր Առաքելյանը հացադուլ է հայտարարել իր վաղաժամկետ ազատ արձակման դիմումը մերժելու համար: Նշենք, որ անկախ հանձնաժողովը դատապարտյալի արդեն երրորդ դիմումն է մերժում: Նրա պատժի ավարտին մնացել է 11 ամիս:
ԳՈՒՄԱՐԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ ԵՆ
Գյուղնախարարության ԾԻԳ-ը դերասան Վարդան Պետրոսյանից փոխհատուցում ստանալու հայցը փոփոխել է՝ վթարված «Նիվա» մեքենայի համար պահանջվող գումարը նվազեցնելով եւ նախկին 2 մլն 262 հազար դրամի փոխարեն պահանջելով 1 միլիոն 200 հազար դրամ: Երեկ դատարանում այդ մասին հայտարարել է գյուղնախարարության ներկայացուցիչ Հայկազ Կարապետյանը` պարզաբանելով, որ մնացած գումարը ստանալու պահանջը կներկայացվի ապահովագրական ընկերությանը: Հայցի քննարկումը հետաձգվել է։
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԵ՞…
Երեկ՝ վաղ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 225 շենքի բնակչուհի Ջուլիետա Գ.-ի դիակը հայտնաբերվել է նույն շենքի առաջին հարկի հարեւանությամբ ընկած: Armlur.am-ի թղթակցին հարեւանները պատմել են, որ կինն ընկել է իր բնակարանի 5-րդ հարկից: Արդյոք որդու ընտանիքի հետ ապրող թոշակառու կինն ինքնասպան է եղել, թե կատարվածը դժբախտ պատահարի արդյունք է, առայժմ հայտնի չէ: Սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ մահացածի հագին եղել են նրա տոնական հագուստները, ինչը մտածված ինքնասպանության վարկածի առնչությամբ կասկածի տեղիք է տալիս: Մտերիմների խոսքերով՝ կինը տառապում էր ծանր հիվանդությամբ:
3 ՏԱՐԻ ԱՌԱՋ
3 տարի առաջ՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանապետ նշանակվեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա նշանակումն այնքան էլ միանշանակ չընկալվեց, քանի որ հասարակական քաղաքական դաշտում կարծիք կար, որ Գասպարյանն իր կերպարով ավելի շատ PR կանի, քան գործ: Սակայն 3 տարիների ընթացքում կյանքը ցույց տվեց, որ Գասպարյանին, այնուամենայնիվ, հաջողվեց համակարգային լրջագույն փոփոխությունների արդյունքում փոխել ոստիկանի մասին մեր պատկերացումները: Ոստիկանին այլեւս չենք նայում հանրահավաքի մասնակից ծեծողի, լրագրողների նկատմամբ բռնություն գործադրողի, անտարբեր համազգեստավորի: Հիմա ոստիկանները նույնիսկ ժպտալ են սովորել:
Բայց չնայած դրան, անշուշտ, դեռ շատ բացեր կան այդ համակարգում: Դեռ ոստիկանությունը մեզանում չի ընկալվում որպես իրավապահ, քանի որ կամայականություններն ու զոռբայության առանձին դեպքերը շարունակում են համակարգը ներսից կրծել: Այս գործին դեռ PR-ը չի օգնում: Ոստիկանությունը պետք է դառնա այնքան թափանցիկ, որքան հերթապահ մասի ապակիներն են:
ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ
2014 թվականի երրորդ եռամսյակում, ինչպես եւ առաջին կիսամյակի ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) արձանագրել է իշխանության տարբեր կառույցների կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձեր, ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ: Երեկ հրավիրված ասուլիսում ներկայացվեց, որ լրագրողների իրավունքների խախտումների փաստերի ընդհանուր թիվը, 2013 թ. երրորդ եռամսյակի համեմատ, 2014-ի նույն ժամանակահատվածում նվազել է: Այսուհանդերձ, այս եռամսյակի տվյալները չեն կարող չմտահոգել. 2014-ի երրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք, ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 8 փաստ, տեղեկատվության ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 1 դեպք:
ԽԱՊԿ-ն իր զեկույցում մասնավորապես առանձնացրել է սեպտեմբերի 9-ին ԱԺ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ «Հակահարված» խմբի ակցիան լուսաբանելիս «Ա1+» հեռուստաընկերության աշխատակից Մարինե Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքը, սեպտեմբերի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեության խոչընդոտման դեպքը եւ այլն: Ինչպես նաեւ առանձնացվել են դատական գործերն ընդդեմ լրատվամիջոցների եւ դրանց ներկայացուցիչների, մասնավորապես՝ «Օրինաց երկիր» կուսակցությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի դատական վիճաբանությունը եւ մի քանի այլ գործեր: