ԹՈՒԽՄԱՆՈՒԿԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵ՞Լ Է
ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Այն աստիճան, որ բնապահպանության նախարար Արմայիս Գրիգորյանը ստիպված է եղել այցելել Մելիքգյուղ` տեղում պարզելու իրավիճակը: Նա մարզպետ Սարգիս Սահակյանի, ԲՆ աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ քննարկել է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի, Թուխմանուկի ոսկու հանքավայրի, առկա եւ առաջիկայում շահագործվելիք պոչամբարների, ինչպես նաեւ ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցերը: Նախարարի այս այցը, սակայն, հարուցել է բնապահպանների վրդովմունքը:
Հանդիպմանը ներկա Մելիքգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Մկրտչյանը նախարարին տեղեկացրել է, որ ընկերությունը պատշաճ կերպով չի կատարել համայնքի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները: Ավելին՝ ընկերության տնօրինությունը դեռ ամիսներով չվճարված աշխատավարձերի պարտքեր ունի:
Բնապահպանները նախարարի անակնկալ այցելությունից մտահոգված են, քանի որ ապօրինաբար աշխատող հանքավայրի գործունեությունը դադարեցնելու փոխարեն նախարարը, հակառակը, ոգեւորել է «Մեգո գոլդ»-ի ներկայացուցիչներին: Նա, մասնավորապես, «Մեգե գոլդի» աշխատակիցներից մեկի հետ զրույցում ընդգծել է հետեւյալը. «Մենք ողջունում ենք մեր երկրում կատարվող ներդրումները եւ աշխատատեղերի ավելացման հեռանկարները, մենք կողմնակից ենք պատասխանատու եւ շրջակա միջավայրի վրա հնարավորինս նվազ ազդեցություն ունեցող հանքարդյունաբերությանը եւ հետեւողական ենք լինելու, որպեսզի ընկերությունը պատշաճ կերպով կատարի իր կողմից ստանձնած բնապահպանական եւ սոցիալական բոլոր պարտավորությունները»:
Ըստ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջի՝ նախարարի այցելության ժամանակ քննարկվել է նաեւ հանքավայրի եւ պոչամբարի հարակից տարածքով հոսող գետի էկոլոգիական վիճակի հարցը: Նախարարը հանձնարարել է իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ եւ կատարել ջրի հետազոտություն:
Բնապահպան Գրետա Գաբրիելյանը, սակայն, վստահ է, որ այս դեպքում գործ ունենք բնությանը հասցվող անթույլատրելի եւ անուղղելի վնասի հետ, քանի որ բաց հանքն աշխատում է ապօրինաբար: «Մենք բազմիցս նամակներով դիմել ենք նախարարին այս խնդրի շուրջ, եւ նա քաջ գիտեր, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել դրանք լուծելու ուղղությամբ: «Մեգո գոլդ»-ը չի կատարել իր պարտավորությունները: Եւ սրա համար պետք է նախարարը նախ դադարեցներ ընկերության գործունեությունը: Ավելին ասեմ` ընկերությունն արդեն լիցենզիայից զրկված է: Նա ընդամենը երկու տարի իրավունք ուներ աշխատելու բաց հանքով: Սակայն այս ամենին ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Սեփականության վայրի փորձաքննություն անցած նախագծով թույլատրված է երկու տարի: Եւ սա շատ լավ գիտի նախարարը»,- հիասթափված նկատեց Գ. Գաբրիելյանը:
Բնապահպանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց՝ նշելով, որ ոլորտի պատասխանատուները անտարբեր են առկա երկու պոչամբարների գոյության հանդեպ, մինչդեռ դրանք մեծ վտանգ են ներկայացնում հարակից համայնքների բնակչության համար:
Մասնագետի փոխանցմամբ՝ պոչամբարների վտանգավորության հետ կապված ինքը արտակարգ իրավիճակների նախարարության կողմից պաշտոնական պատասխան ունի այն մասին, որ պոչամբարների առկայությունը լրջագույն վտանգ է ներկայացնում բնակչության համար: «Ավելին՝ պոչամբարների անվտանգության վկայագրերը երկարացված չեն, չկա նշված, թե վթարի դեպքում որքան տարածք վտանգի կենթարկվի, կամ վնասի չափը որքան կկազմի: Եւ այս պայմաններում այս ընկերությանը երրորդ պոչամբարի կառուցման թույլտվություն են տալիս, այն դեպքում, երբ նույն նախագիծը դեռեւս մեկ տարի առաջ նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից բացասական եզրակացություն էր ստացել»,-լրացրեց Գաբրիելյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ համալիր փորձաքննություն է պահանջվում, քանի որ պոչամբարը վտանգավոր օբյեկտ է համարվում: Ինչը եւս չի իրականացվում:
Բնապահպանը հիշեցրեց, որ Արամայիս Գրիգորյանի նախարար նշանակվելուց հետո հասարակական խորհուրդ է ստեղծվել: «Այս անակնկալ այցելությանը նա գնացել է հենց իր կողմից ստեղծած հասարակական խորհուրդի հետ: Բայց ես չգիտեմ, թե ինչի մասին են իրենք խոսել: Այս խորհուրդում այն ՀԿ-ներն են ներգրավված, որոնք երբեւէ սրությամբ չեն բարձրաձայնել Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման վտանգների մասին: Միայն մեկ-երկու անդամով ոչինչ չի ստացվի»,-նկատեց մասնագետը:
Բնապահպանը մի կարեւոր խնդիր էլ առաջ քաշեց. ըստ նրա` օրենքով «Մեգո գոլդը» պետք է միաժամանակ ներկայացներ ե’ւ պոչամբարի, ե’ւ հանքի, ե’ւ ֆաբրիկայի նախագծերը: Սակայն ընկերությունն այդպես չի վարվել: «Հետաքրքրիր է, թե ընկերությունը հանքն ինչ պաշարների հաշվին է ընդլայնում: Արդյոք այն պաշարների, որոնք հաշվառված չեն պետական հաշվեկշռում»,-հետաքրքրվեց բնապահպանը:
Երեկ այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ «Մեգո գոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանի հետ: Սակայն նա անջատել էր հեռախոսը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Մելիքգյուղի համայնքապետ Հակոբ Մկրտչյանի հետ, ով տեղեկացրեց, որ նախարարի այցելությունից հետո հանքավայրը որոշ ժամանակով դադարեցրել է իր գործունեությունը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻԿԱ ՁՄՌԱՆԸ
Հանրապետության մյուս համայնքների նման Գյումրու քաղաքային իշխանությունները եւս նախապատրաստվում են առաջիկա ձմռանը:
Ավագանու որոշմամբ այս տարի 40 մլն դրամ է հատկացվելու քաղաքի համատիրություններին, որից 20 մլն-ը ուղղված է բազմաբնակարան շենքերի կտուրների վերանորոգմանը: Սակայն եթե հաշվի առնենք այն, որ քաղաքում վնասված կտուրներով շենքերի թիվը 300-ից ավել է, պարզ է դառնում, որ հատկացված գումարով կվերանորոգվի ընդամենը 20 շենքի տանիք:
Տեղեկացանք, որ այս տարի շենքերի նկուղներում կտարվեն ջերմամեկուսացման աշխատանքներ, որպեսզի նախորդ տարիների նման խողովակների սառեցման դեպքեր չգրանցվեն: Քաղաքապետարանն այս տարի պատրաստվում է փոխել նաեւ բազմաբնակարան շենքերի դռները. կտեղադրվեն երկաթյա դռներ, կփոխվեն ջարդված ապակիները:
Եթե բազմաբնակարան շենքերի բնակիչների հոգսը քաղաքապետարանին ինչ-որ տեղ հաջողվում է թեթեւացնել, ապա սեփական տների եւ տնակային թաղամասերի բնակիչների վիճակը նախանձելի չէ: Այստեղ ապրողների համար կացարան տաքացնելը գերխնդիր է: Այս հարցը հատկապես լուրջ է Գյումրու ավտոկայանի եւ տարբեր հատվածներում գտնվող տնակային թաղամասերի բնակիչների համար, քանի որ շատ բնակարաններում բացակայում են էլեկտրաէներգիան եւ գազը: Բնակիչներից շատերի համար շքեղություն է անգամ վառելափայտը: Ինչպես իրենք ասացին՝ 22.000 դրամ ընտանեկան նպաստով վառելափայտ գնել հնարավոր չէ:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի