Մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող մայրերը դեկրետ գնալիս կստանան 100 տոկոս փոխհատուցում: Նման առաջարկմամբ է հանդես եկել ԱԺ ՀՀԿ խմբակցությունն ու այն ուղարկել սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով: Խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, դեռ քննարկվում է մեկ մլն դրամից ավել ստացող մայրերի հարցը և դեռ հստակ չէ, թե նրանք որքան փոխհատուցում կստանան: Վ. Բաղդասարյանը նաև հայտարարեց, որ չաշխատող մայրերը կստանան նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով նպաստ:
«Ներքաշեցին գործատուին, որ մեկ միլիոնից բարձր աշխատավարձ ստացողների դեպքում մնացած մասը պետք է գործատուն փոխհատուցի, որը կարծում է, թե իր բեռն ավելի է ծանրանում: Համենայնդեպս, գործատուն ինքը պետք է շահագրգռված լինի: Նույնը` հիվանդության նպաստների հետ կապված: Բոլոր առաջարկություններն ընդունված են, երբ որ հանձնաժողովի նիստն էր, քննարկումների արդյունքում վերջնական տեսքի կբերվի, հիմնական գաղափարները, որոնք ես ասեցի, արդեն կարգավորված են»,- ամփոփեց նա:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոր օրենքների հետ կապված լսումներ էր հրավիրել ԱԺ-ում, որին մասնակցում էին նաև այս հարցով մտահոգ կանայք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք կառավարությանը մի շարք առաջարկություններ արեցին:
Հիշեցնենք, որ աշխատող մայրերը օրար շարունակ բողոքում էին «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» մասին ՀՀ օրենքի դեմ, որով ցանկանում էին կրճատել աշխատող մայրերին տրվող նպաստը:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում