1960-ի մայիսի 23-ին ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում մահացավ ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը: Ծնվել է 1896-ի ապրիլի 2-ին, Արևմտյան Հայաստանի Բագառիճ բնակավայրում: Այնտեղ էլ ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912-ին։ 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին Համաշխարհային Պատերազմը սկսվելուն պես մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915-ին Թեհլերյանը տեսել է ցեղասպանությունը, ինչն անջնելի ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ 1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանելու Եղեռնի գլխավոր կազկակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում: Սակայն 1921-ի հունիսի 2-ին գերմանական դատարանը անմեղ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեք դատապաշտպանների կողմից, որոնցից մեկը բժիշկ Թեոդոր Նիեմեյերն էր՝ Քիլի համալսարանի օրենսդրության պրոֆեսոր։ Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960-ի մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում:
Այս օրը մահացել է Սողոմոն Թեհլերյանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ