Զգուշացե’ք, երեխաներ են.Ն. Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով, մայիսի 25-ից հունիսի 3-ը կազմակերպվելու է “Զգուշացեք` երեխաներ են” խորագրով տասնօրյակ՝ նպատակը վերջին զանգի օրը երթևեկության անվտանգության ապահովումն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ օրերին ոչ ոք չի մնա անպատիժ և ոչ մի միջադեպ չի վրիպի ՃՈ տեսադաշտից։ Ոստի, վարորդներին ու հետիոտնին նա հորդորեց խուսափել հնարավոր խախտումներից:
“Խնդրում և պահանջում եմ ծնողներից, որ այդ օրը ղեկը չհանձնեն անչափահաս երեխաներին: Իսկ վարորդներին կոչ եմ անում լինել առավել զգոն, խուսափել շտապողականությունից, երեխաներ տեսնելիս կանգնել և ճանապարհը զիջել նրանց”,- ասաց Նորիկ Սարգսյանը: Վերջինս տեղեկացրեց, որ նման դեպքեր հայտնաբերելիս, մեքենայի ղեկին նստած անչափահասը կտուգանվի 20 հազար, իսկ նրան ավտոմեքենա տրամադրած անձը` 10 հազար դրամ:
 Նորիկ Սարգսյանի խոսքով, ավտոմեքենաների պատուհաններից կախված երթևեկելու դեպքում ևս ՃՈ-ն կանգնեցնելու է մեքենան և զգուշացնելու է՝ թեև դրա համար վարչական տուգանք սահմանված չէ: Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ 2010թ. մայիսի 25-ից հունիսի 3-ի ժամանակահատվածում տեղի է ունեցել 5 ավտոպատահար, որի հետևանքով մեկ անչափահաս զոհվել է, իսկ չորս մարդ վիրավորվել: Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն էլ նշեց, որ վերջին զանգի օրը անվտանգության պայմաններն ապահովելու համար ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ինքը և այլ աշխատակիցներ այցելում են Երևանի և մարզերի դպրոցներ: “Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով գնում ենք դպրոցներ, հանդիպում երեխաների, մանկավարժների, տնօրենների հետ և զգուշացնում ենք նրանց հնարավոր խնդիրների մասին”,- նշեց Նելլի Դուրյանն ու ավելացրեց, որ հատուկ զգուշացված է՝ արգելվում է ոգելից խմիչքների օգտագործումը:




Լրահոս