Բնակիչները բողոքում են Գրանդ Քենդիի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էրեբունի վարչական շրջանում գտնվող Մասիսի 99/3 շենքի բակում հավաքվել են մոտավորապես 7-8 տասնյակ բնակիչներ։ Նշված հասցեում է գտնվում փախստականների համար կառուցված չորսհարկանի բնակելի շենքը, որտեղ բնակվում է մոտավորապես 150 ընտանիք և 350 բնակիչ։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն իրենց բողոքն են հայտնում այն կապակցությամբ, որ իրենց շենքի հարևանությամբ գործող “Գրանդ Քենդի” ընկերությանը պատկանող արտադրամասի ղեկավարությունը որոշում է կայացրել փակել նշված արտդրամասի և շենքի հարևանությամբ գոյություն ունեցող նեղլիկ մի փողոց, որտեղով միշտ անցել են նշված շենքի բնակիչներն ու հարևանությամբ գտնվող մոտ երկու տասնյակ բազմաբնակարան շենքի բնակիչներ։
Բնակիչները Գ. Շամշյանին պատմել են, որ նշված փոքրիկ հատվածը մի քանի օր առաջ “Գրանդ Քենդիի” աշխատակիցների կողմից բետոնապատվել է, սակայն բնակիչները կոտրել էին այդ բետոնը։ Գործարանի աշխատակիցները փորձել են բնակիչների մի մասին համոզել, մի մասին վախեցնել, որպեսզի իրենք այդ ճանապարհով չգնան և գնան այն հատվածով որտեղով անցնում է երկաթուղային տրանսպորտը, ինչը անթույլատրելի է անվտանգության կանոններից ելնելով։ Իսկ որոշ ժամանակ առաջ անգամ մահվան դեպք էլ է եղել, երբ բնակիչներից մեկը, որը խուլ ու համր է եղել, փորձել է անցնել երկաթգծի վրայով ու չի նկատել մոտեցող գնացքը և մահացու վրաերթի ենթարկվել։ Ի դեպ, նշված հանրակացարանում ապրում են նաև մեծ թվով խուլ ու համր մարդիկ։ Բնակիչները Գ. Շամշյանին պատմել են նաև, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում դիմում բողոքներ են ներկայացրել ոստիկանություն, դատախազություն, թաղապետարան, քաղաքապետարան, մարդու իրավունքների պաշտպանին և ոչ մի արձագանք չի եղել։
 




Լրահոս