Նոր անուններ Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում, մայիսի 29-ից հունիսի 1-ը կիրականացվի “Նոր Անուններ” պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցելու են հրավիրված մինչեւ 18 տարեկան շուրջ 40 շնորհալի պատանի երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից (Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Մալթա, Ուզբեկիստան, Կորեա), ովքեր երեւանյան ունկնդրին կներկայանան ինչպես նվագախմբային, այնպես էլ մենանվագ կատարումներով: “Նոր անուններ”-ի այս տարվա մասնակիցների թիվը շուրջ մեկ տասնյակով ավելի է մեկնարկային տարվա մասնակիցների քանակից: Տարբերվում է նաեւ աշխարհագրությունը: Համերգները կկայանան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբերի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հետ համագործակցությամբ: Մասնակիցների մեծ մասը միջազգային եւ հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ եւ տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ են, ովքեր բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհի հայտնի բեմերում: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 29-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (սկիզբը` ժ.14.00-ին) Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ (դիրիժոր` Հարություն Արզումանյան): Փառատոնային հաջորդ համերգների կկայանան մայիսի 30-ին եւ 31-ին նույն համերգասրահում (սկիզբը՝ ժ. 18.00), որոնց շրջանակներում երեւանյան հանդիսատեսը կունկնդրի պատանի երաժիշտների մենանվագ կատարումները: Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի կունենա Երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Փառատոնային օրակարգը կներառի նաեւ մասնակիցների համար մշակութային ծրագիր (այցելություններ Երեւանի կարեւորագույն մշակութային հուշարձանները, զբոսանք Սեւանա լճում, այց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին), որը պատանի երաժիշտներին թույլ կտա ոչ միայն առավել մտերմանալ, այլեւ օտարազգի մասնակիցերին կներկայացնի Հայաստանը եւ հայ մշակույթը:




Լրահոս