Արցախի ճանաչման մասին օրինագծի քննարկումն անցել է խախտումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտագնա նիստ, որի ժամանակ քննարկվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած օրինագիծը, որի նպատակն էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Այսօր կայացած ասուլիսում Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց նիստի մանրամասները: Նա նշեց, թե որոշում է կայացվել նիստը դռնփակ անցկացնել:

«Հանձնաժողովը, խախտելով ԱԺ կանոնակարգի համապատասխան կետը, առանց նիստը հաստատելու միանգամից անցավ իմ հարցի քննարկմանը և պահանջեց լրագրողներին և Արցախի ներկայացուցիչներին՝ դուրս գան դահլիճից: Ներկա էր նաև Արցախի խորհրդարանի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը, ով ցանկություն ուներ իր տեսակետը հայտնել, նրան նույնպես զրկեցին նիստին մասնակցելու իրավունքից»,- ներկայացրեց նա:

Փոստանջյանի խոսքով, նախագծին «դեմ» է քվեարկել միայն Ալեքսանդր Արզումանյանը, մյուս պատգամավորները պարզապես չեն քվեարկել, արդյունքում օրենքի նախագիծը դրական եզրակացություն չի ստացել:

 




Լրահոս