Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանում հյուրընկալվել են ոլորտի մի շարք աշխատակիցներ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ջերմորեն շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը բարձր է գնահատել ոլորտի աշխատակիցների բարդ և պատասխանատու աշխատանքն ու շնորհակալություն հայտնել նվիրված աշխատանքի համար։
«Քաղաքապետի որդեգրած ծրագրային քաղաքականության մեջ առանձնահատուկ է ուշադրությունը սոցիալական ոլորտին: Եվ պատահական չէ, որ տարեցտարի մենք ընդլայնում և կյանքի ենք կոչում նորանոր ծրագրեր՝ ուղղված մեր բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագրերի իրագործման հարցում մեծ է սոցիալական աշխատողների դերը»,-ընդգծել է Կամո Արեյանը:
Սոցիալական աշխատողի օրվա, ինչպես նաև սոցիալական ոլորտում երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի առողջապահության, սոցիալական ապահովության և ծրագրերի բաժինների 13 աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրով:
Ոլորտի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:
Շնորհակալություն հայտնելով ուշադրության և գնահատանքի համար՝ պարգևատրվածները նկատել են, որ քաղաքապետի կողմից նման վերաբերմունքի արժանանալը հաճելի է, նաև՝ պարտավորեցնող: