Երկու օր առաջ ողջ համացանցը ողողվեց շոկային մի լուրով, որին շատերը նախընտրում էին չհավատալ: Սիրված դերասանուհու՝ Հասմիկ Ղարիբյանի՝ Կարգին Հասոյի մահվան բոթը չափազանց անսպասելի էր բոլորի համար, անգամ նրանց, ովքեր տեղյակ էին, որ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհին քաղցկեղ ուներ…
Դերասան Ռաֆայել Երանոսյանը, ով Հասմիկի հետ աշխատել է մի շարք նախագծերի շրջանակներում, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ ինքը դերասանուհու հիվանդության մասին իմացել էր դեռեւս մեկ տարի առաջ՝ ԱՄՆ-ում. «Նրա ամուսինն էր ասել ինձ այդ մասին, բայց ես անգամ ինքս ինձ դա չէի խոստովանում: Մեկ ամիս առաջ ես եւ Անդրանիկ Հարությունյանը փորձեցինք հանդիպել Հասմիկին, բայց մեզ ասացին, որ նա հոգնած է, չի կարող տեսնվել…Երեւի բարին հենց դա էր. նա մեր հիշողություններում մնաց որպես պայծառ ու կենսուրախ մարդ»,-նշեց Ռաֆայելը:
Երգիչ Արամ MP3-ն էլ սիրով է հիշում Հասմիկին բնորոշ արարքները, նա փաստում է, որ դերասանուհու՝ որեւէ միջավայրում հայտնվելուց հետո մթնոլորտն ամբողջովին փոխվում էր, նա այն մարդն էր, ով կարողանում էր դիմացինին ուրախացնել ոչ միայն էկրաններից, այլեւ իրական կյանքում. «Նաեւ շատ անմիջական էր, կարող էր մտնել սենյակ, ասել. «Իյա՜, էսօր էս ինչ անճաշակ զգեստ ես հագել»: Բայց ոչ ոք նրանից չէր նեղանում…»,-հիշեց երգիչը:
«Երկու աստղ» հեռուստանախագծի շրջանակներում նրա հետ զույգ կազմած երգիչ Միստր Իքսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Հասմիկը հրաշալի կերպարանափոխվել գիտեր. ««Երկու աստղ»-ի շրջանակներում միասին կատարեցինք Ալեխանդրո Սանսի եւ Շակիրայի զուգերգը, որը ֆուրոր էր. Հասմիկի կերտած Շակիրան ավելի ուժեղ էր…»,-պատմեց Միստր Իքսը՝ հավելելով, որ Հասմիկն իսկական բեմի մարդ էր:
Երգիչը պատմեց նաեւ դերասանուհու մեծ նպատակի մասին. «Մեծ երազանք ուներ. ուզում էր հոլիվուդյան դերասանուհի դառնալ, ես ասում էի՝ դժվար է, իսկ ինքը պատասխանում էր, որ կարող է…»,-հիշեց Միստր Իքսը:
Կա մի հատկություն, որի մասին փաստում են Հասմիկի բոլոր ընկերները. նա ուներ դրական էներգիայի հսկայական պաշար, որի շնորհիվ հաճախ ստանձնում էր հաշտարարի դեր, թույլ չէր տալիս, որ իր շրջապատում մարդիկ երբեւէ վիճեն…
«Ժողովուրդը» միանում է Հասմիկ Ղարիբյանի հարազատներին եւ ընկերներին ուղղված ցավակցություններին:
Աննա Բաբաջանյան