Հայ կարատեիստները հայրենիք են վերադարձել մեդալներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի սաները Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունից վերադարձել են նշանակալի հաջողություններով և մրցանակային տեղերով:

Մարզի տարբեր համայնքները ներկայացնող և հիմնականում Քասախի մարզադպրոցում ուսանող պատանի կարատեիստներին «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր պայմաններում դիմավորել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը:

Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի ղեկավարությունը Կոտայքի մարզպետին ներկայացրել է ճապոնիայում կայացած մրցաշարին ֆեդերացիայի սաների մասնակցության և նրանց ունեցած հաղթական հաջողությունների մանրամասները` նշելով, որ իրենց ֆեդերացիայի երեք մարզիկներ աշխարհի առաջնությունից վերադարձել են մեկ I , երկու II տեղերով և համապատասխան խրախուսանքներով:

Մարզպետ Ա. Հարությունյանը շնորհավորել է պատանի մարզիկներին ու նրանց մարզիչներին և իր խոսքում վերահաստատել ինչպես այս ֆեդերացիայի սաներին, այնպես էլ մարզաշխարհի այլ ներկայացուցիչներին մշտապես աջակցելու` իր պատրաստակամությունը:

Կոտայքի մարզպետն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշն արտերկրի տարբեր մրցասպարեզներում բարձր պահող բոլոր մարզիկները լինելու են մարզպետարանի և անձամբ իր ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Մարզաշխարհի պատանի ներկայացուցիչների համար կազմակերպված հանդիսավոր ընդունելության ընթացքում Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի ղեկավարներն ու սաներն իրենց շնորհակալությունն են հայտնել Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանին` իրենց նախաձեռնություններին մշտապես աջակցելու և սպորտի բնագավառի նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու համար:

Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիան ներկայացնող պատանի կարատեիստների հետ միասին հիշարժան ֆոտոնկարահանումից հետո Կոտայքի մարզպետը զրուցել է նրանց հետ, լսել Ճապոնիայում կայացած մրցաշարի մասին նրանց ունեցած տպավորությունները, քաջալերել վերջիններիս և համոզմունք հայտնել, որ նրանք առաջիկայում ևս նորանոր հաղթանակներով հայրենիք վերադառնալու բազմաթիվ առիթներ են ունենալու:




Լրահոս