ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որով հաստատում է վերջերս լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ ՀՀ պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ավելի ստույգ՝ առկա է համապատասխան տեսագրություն, որն ավելորդ անգամ հաստատում է ադրբեջանական քարոզչամեքենայի սին բնույթը: Տեսագրությունն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրմանը, ինչպես նաև իրականում հստակեցնում է, թե ովքեր են իբրև թե «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները:
Տեսանյութը զանգվածային տարածման չի տրամադրվում անձի վերաբերյալ զգայուն տեղեկատվության տրամադրման էթիկական անթույլատրելիության տեսանկյունից, սակայն կարող է կոնֆիդենցիալության պահպանման համաձայնությամբ, ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին»: