Կուրիս գյուղի Սբ. Ամենափրկիչ եկեղեցին կտեղափոխվի Ագարակ քաղաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեռևս 2008 թ., Կուրիսի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հետագա պահպանության խնդիրներից ելնելով, ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները տեղում ուսումնասիրել են եկեղեցու և նրա պահպանական գոտու տեխնիկական վիճակը:
Ուսումնասիրման արդյունքում փաստվել է, որ դեռևս խորհրդային տարիներին հանքի բաց շահագործման արդյունքում, խախտվել է պահպանական գոտու ռեժիմը, վնասվել է տարածքի շուրջ 60 տոկոսը, իսկ եկեղեցին հայտնվել է մոտ 12 մետր բարձրություն ունեցող զառիթափ լանջի եզրից 2.5-3.0 մետր հեռավորության վրա: Բացի նշվածից՝ հանքի շահագործման հետևանքով՝ պահպանվածության առումով անհամեմատ վատթարացել է հուշարձանի տեխնիկական վիճակը:
Հանքավայրի սեփականաշնորհումից հետո այդ հատվածում հանքարդյունաբերական աշխատանքներ չեն իրականացվել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և նկատի ունենալով մասնագետների հնչեցրած կարծիքները հուշարձանի հետագա պահպանության վերաբերյալ՝ առաջարկվել է Սբ. Ամենափրկիչ եկեղեցին տեղափոխել Ագարակ քաղաքի տարածք: Այդ առաջարկին համակարծիք են եղել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի մասնագետները: Երկարատև բանակցություններից և պարզաբանումներից հետո “Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ն տեղեկացրել է, որ նախատեսում է ձեռնարկել եկեղեցու տեղափոխման աշխատանքներըև միաժամանակ խնդրելով իրենց տրամադրել համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերը: Պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության պատվերով 2012 թ. “Հուշարձանների վերանորոգում և վերականգնում” ծրագրով կատարվում են եկեղեցու ուսումնասիրման և տեղափոխման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ: Հուշարձանի տեղափոխման աշխատանքները սահմանված կարգի համաձայն իրականացնելու նպատակով՝ բոլոր շահագրգիռ կողմերիև ՀՀ մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Սյունիքի թեմի, “Ագարակի քաղաքապետարանի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ի և նախաձեռնող կազմակերպության պատասխանատուների մասնակցությամբ կատարվել է եկեղեցու՝ Ագարակ քաղաք տեղափոխման համար նոր տարածքի ընտրություն, համաձայն որի՝ Ագարակի համայնքային ավագանին 2012 թ. մարտի 24-ի N 9-28 որոշմամբ 0.5 հա հողատարածք է հատկացրել այդ նպատակի համար: Կատարվել են տարածքի տեղագրական հանույթի և երկրաբանական ուսումնասիրման աշխատանքներ:
Կազմվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել “Պատմամշակութային հուշարձանի տեղափոխման թույլտվություն տալու մասին” որոշման նախագիծը: Հուշարձանի չափագրման և նախագծման աշխատանքներին զուգահեռ սկսվել են նաև հուշարձանին հարող տարածքի պեղման աշխատանքները:
ՀՀ մշակույթի նախարարություն




Լրահոս