ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՐՈՇՆԵՐՈՎ ՊԱՅՔԱՐ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաները նոր թափ են ստանում: Երեկ «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչները երթով գնացել են ՀՀ ֆինանսների նախարարություն` պահանջելով, որպեսզի անձամբ նախարար Դավիթ Սարգսյանը հանդիպի իրենց հետ ու պարզաբանումներ տա, թե ինչու է ՀՀ ՍԴ որոշումից հետո, երբ ժամանակավորապես կասեցվել է օրենքի կիրառումը, նախարարությունը սպառնում պատասխանատվության ենթարկել կուտակային համակարգի վճարումներ չկատարողներին: Դ.Սարգսյանի փոխարեն ցուցարարների մոտ իջել էր նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը, ով առաջարկել է պատվիրակություն կազմել ու բարձրանալ նախարարի մոտ: Սակայն ցուցարարները մերժել են այդ առաջարկը եւ մեջքով շրջվել դեպի նախարարությունը: Նրանք ի նշան բողոքի, մանրադրամներ են նետել նախարարության շենքի վրա: Բացի այդ, կարճ ժամանակով փակել են փողոցը, որից հետո ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակտիվիստներին: Ավելի ուշ բոլորն ազատ են արձակվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ակտիվիստներից Դավիթ Մանուկյանը նշեց, որ իրենք չեն ընդունել նախարարի մոտ բարձրանալու առաջարկը, քանի որ գնացել էին ոչ թե «կուլիսների հետեւում բանակցելու», այլ՝ նախարարից պարզաբանումներ պահանջելու համար: «Մենք «Քոմեդի քլաբի» չենք ուզում մասնակցել»,-նշեց նա:

 

 

Դեռ 2011թ. հուլիսին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն աջակցելու մասին, նույնիսկ ստեղծել համապատասխան խորհուրդ: Բայց արի ու տես, որ դրանից հետո, այս տարիների ընթացքում, ՀՀ-ում ՓՄՁ-ն գնալով ավելի վատ վիճակում է հայտնվել: Այդ մասին վկայում են անգամ պաշտոնական տվյալները: 2011թ. ՀՀ-ում գործել է մանրածախ առեւտրի 19 հազար 862 օբյեկտ: Այդ ժամանակ մինչեւ 5 աշխատող ունեցող գերփոքր խանութների քանակը կազմել է 12 հազար 520, իսկ փոքրերինը` 752 հատ: Իսկ ահա 2013թ. մանրածախ առեւտրի օբյեկտների քանակը նվազել է` կազմելով 17 հազար 91 հատ, իսկ գերփոքր խանութների թիվը դարձել է 11 հազար 597, փոքրերինը` 744 հատ: Փաստորեն, ճիշտ էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երբ ժամանակին առաջարկում էր. «Եթե վարչապետը մի 8 ամսով արձակուրդ վերցնի, եթե նախարարները մի տարի նախարարություններում չերեւան, այո, կհաջողվի 10-12 տոկոս աճ ապահովել»:

 
Գերագույն խորհրդի եւ ԱԺ նախկին պատգամավոր, «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ չնայած հավաստիացումներին «Նաիրիտ»-ը չի կարող բնականոն կերպով գործարկվել: ««Նաիրիտ»-ն արդեն 4 տարի գոյություն չունի: Խաբում են ժողովրդին, փող չեն ուզում տալ, կերակրում են ստերով: 400 միլիոն պարտք ունեն, հիմա ասում են՝ ռուսները գալու են 500 միլիոն փող ներդնեն, որ ի՞նչ անեն: Պարտքը տան 400 միլիոնի, էն 100 միլիոնը ի՞նչ անեն, իրար մեջ կիսեն, թողնեն գնա՞ն»,- տարակուսանքով հայտարարեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ Աժ իշխող խմբակցությունները մերժել են «Նաիրիտ»-ի գործով հանձնաժողով ստեղծելու գաղափարը, քանի որ չեն ուզում, որպեսզի այդ գումարների փոշիացման հեղինակներն ի հայտ գան: «Քննարկելու բան էլ չկա, պարզապես չեն ուզում, որ այդ լափած փողերի տեղերն իմացվեն, եւ կոնկրետ անձինք բացահայտվեն, այդքան բան»:

 

 

Այս տարվա հունվարին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրատվամիջոցներին հարցազրույց էր տվել եւ ասել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի «հիմնադիր հայրն է»: Ամիսներ անց «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախարարի այդ հարցազրույցը ՀՀ կառավարությունից են պատրաստել եւ ուղարկել լրատվամիջոցներին, ապա նոր Ասատրյանին տեղյակ են պահել, որ իր անունից հարցազրույց է հրապարակվել: «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել նախարարից, սակայն վերջինս հարցը լսելուց հետո ժպտաց եւ ասաց. «Դուք կարող եք վերլուծական, հիմնավոր, ավելի առարկայական, մեր քաղաքացիների համար կարեւոր նշանակություն ունեցող թեմաներին անդրադառնաք ու տարբեր ասեկոսեներ չտպագրեք»: Հիշեցնենք, որ Ա. Ասատրյանին արձագանքել էր երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով. «Հասկանում եմ, որ «խոսուն փաստերի սիրահար նախարարին դժվար է գլուխ հանել այս ամենից, բայց պետք է ձգտել դրան»:

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՂԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

 

Երբ 2005թ.-ին փոփոխություններ կատարվեցին «Կուսակցությունների մասին» օրենքում եւ խստացվեցին գրանցման չափանիշները, շատերը ողջունեցին դա` հույս հայտնելով, որ այդպիսով կմաղվեն սնկի նման բազմացող «մարդ կուսակցությունները»: Կատարված փոփոխություններով որպես պարտադիր պայման դիտվեց կուսակցության` նվազագույնը երկու հազար անդամների, ինչպես նաեւ ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում` Երեւանում, տարածքային գրասենյակների առկայությունը: Իհարկե, դեռ այն ժամանակ «մեկ զապորոժեցի մեջ տեղավորվող» քաղաքական ուժերի ղեկավարները փորձեցին աղմուկ բարձրացնել, թե այդպիսով փորձ է արվում Հայաստանում սահմանափակել քաղաքական գործունեության դաշտը եւ խաղից դուրս թողնել փոքրաքանակ, սակայն խիստ սկզբունքային ուժերին: Սակայն անցած տարիները ցույց տվեցին, որ իշխանությունները հետեւողական չեղան օրենքի կիրառումն ապահովելու հարցում:
Եթե այսօր Հայաստանի որեւէ մարզում, անգամ Երեւանում փորձենք գտնել այդ 80 կուսակցությունների գրասենյակները, կհամոզվենք, որ դրանց մեծ մասը գոյություն ունի պարզապես թղթի վրա, կամ էլ` կուսակցապետի սեփական տանը: Ընտրությունից ընտրություն բավականին մեծ շահույթ ապահովող «կուսակցություն-ՓԲԸ-ների» բիզնեսը թեեւ անցած տարիներին որոշակիորեն անկում ապրեց, այդուհանդերձ` դեռեւս շարունակում է կենսունակ մնալ: Եվ եթե վերջին խորհրդարանական ընտրություններում իշխող Հանրապետականը որոշեց օգտվել այդպիսի «մեկուկեսմարդանոց» ուժերի լիդերների ծառայություններից, ապա ընդդիմադիր ՀԱԿ-ը, ընդհակառակը` ձերբազատվեց դրանցից:
Հայաստանի քաղաքական դաշտում կիսամարդ կուսակցությունների հետ կապված անգամ այնպիսի զավեշտալի դեպքեր կան, երբ նույն կուսակցության` «Հզոր հայրենիք»-ի մի փոխնախագահը ընդգրկված է Հանրապետական կուսակցությունում, մյուսը` «Բարգավաճ Հայաստան»-ում: Եվ, փաստորեն, ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության ընթացքում նրանք միմյանց դեմ ելույթներ են ունենում: Պատկերը նույնքան տխուր է նաեւ համեմատաբար հայտնի եւ կայացած ուժերի դեպքում: Եթե փորձենք հանրության մեջ հարցախույզ անել եւ պարզել, թե մարդիկ ում են ճանաչում օրինակ` «Ազգային միաբանություն»-ում` բացի Արտաշես Գեղամյանից, ՀՔԴՄ-ում` բացի Խոսրով Հարությունյանից, ԱԺՄ-ում` բացի Վազգեն Մանուկյանից, ՍԻՄ-ում` բացի Հայկ Բաբուխանյանից, ԱԻՄ-ում` բացի Պարույր Հայրիկյանից եւ այլն, ապա կտեսնենք, որ Հայաստանում այսօր ռեալ գործում է 5-6 քաղաքական ուժ, որոնց կեսն էլ, այդուհանդերձ, չի ապահովում օրենքի պահանջը` անդամների եւ գրասենյակների առկայության մասով:
Եվ եթե պետռեգիստրը իսկապես պատրաստվում է ձեռնամուխ լինել կուսակցությունների` գրանցման պայմանների համապատասխանեցմանը, ապա այն մեծ հաշվով դրական ազդեցություն կունենա քաղաքական դաշտի կայացման վրա:




Լրահոս