ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՆԱԻՐԻՏ»-Ն ԱՊԱԳԱ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ

Գերագույն խորհրդի եւ ԱԺ նախկին պատգամավոր, «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե «Նաիրիտ»-ը չի կարող բնականոն կերպով գործարկվել` չնայած այն հավաստիացումներին, թե ռուսական ընկերության ներդրումներից հետո գործարանը կսկսի նորմալ աշխատել: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ իշխանությունները սուտ տեղեկություններ են տարածում ու խաբում են ժողովրդին:

 

-Պարոն Ներսիսյան, «Նաիրիտ» գործարանի վաճառքի շուրջ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցությունները շարունակվում են: Ինչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինեն բանակցությունների արդյունքները:
-«Նաիրիտ»-ն արդեն 4 տարի գոյություն չունի: Խաբում են ժողովրդին, փող չեն ուզում տալ, կերակրում են ստերով: 400 միլիոն պարտք ունեն, հիմա ասում են՝ ռուսները գալու են 500 միլիոն փող ներդնեն, որ ի՞նչ անեն: Պարտքը տան 400 միլիոնի, էն 100 միլիոնը ի՞նչ անեն, իրար մեջ կիսեն, թողնեն գնան: Սա է լինելու, քանի դեռ Հայաստանը շրջափակման մեջ է, քանի դեռ ապրանքատար գնացքներով ՀՀ-ն արտադրանքը չի կարողանում արտահանել: Եվ մի բան էլ` Սոխումի երկաթուղու բացվել- չբացվելով մեր կյանքում էական ոչինչ չի փոխվելու: Սոխումի երկաթուղին չի դիմանա այդ ծանր ապրանքներին: Քանի դեռ մենք այդ հնարավորությունները չունենք, քանի դեռ այն հումքային բազան, որ գոյություն ուներ, այլեւս չկա ՌԴ-ում, «Նաիրիտ»-ը որեւէ ապագա չի կարող ունենալ: Դրանք մոգոնած ստեր են:
-Բայց եթե ներդրումներ լինեն, միթե հնարավոր չի լինի գործարանը նորմալ շահագործել:
-Ինչով աշխատեն: Հայաստանում, որպես հումք, բացի աղաջրից, ոչ մի բան չունեն, միայն Աբովյանի հորերից աղաջուր կբերեն Երեւան, կդարձնեն քլոր, ժավել, սոդա ու վերջ: Մնացածը ի՞նչ, ոչ մի օրգանական նյութ Հայաստանում գոյություն չունի, որ՞ հիմքով պետք է կաուչուկ արտադրեն: Իսկ ացետելինային տարբերակով արդյունավետ չէ:
-ԱԺ ՀՅԴ խմբակցությունն առաջարկել էր «Նաիրիտ»-ի գործով հանձնաժողով ստեղծել…
-Ճիշտն ասած` չեմ հասկանում, այդտեղ հարցը ոչ թե հանձնաժողով ստեղծելն էր… ինչ են ուզում քննարկել: Եթե ուզում են քննել, թե ինչպես է պատահել, որ 18 -20 միլիոն ամսական աշխատավարձեր է ստացել «Նաիրիտ»-ի վերնախավը՝ ասենք Տիգրան Սարգսյանի եղբայրը, տնօրենը`Վահանը, չգիտեմ էլ ով, եթե դա են ուզում հետաքննել, թող հետաքննեն: Թող քննեն հասկանան, թե որտեղից են առաջացել այդ պարտքերը, որովհետեւ այդտեղ մենակ աշխատակիցների պարտքը չէ: Բայց «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար շատ նեղ, խիստ մասնագիտական կառույց պետք է զբաղվի, ինչի արդյունքը բացասական է լինելու: Եթե մի հատ սուպեր, պրոֆեսիոնալ հանձնաժողով ստեղծեն, ապա այդ հանձնաժողովը միանշանակ ասելու է` ոչ:
-Ըստ Ձեզ, ինչով էր պայմանավորված այն, որ իշխանական ուժերը՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, դեմ քվեարկեցին «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ նախագծին:
-Ես կարծում եմ, որ իշխանությունները չեն ուզում, որպեսզի այդ գումարների փոշիացման հեղինակներն ի հայտ գան: Քննարկելու բան էլ չկա, պարզապես չեն ուզում, որ այդ լափած փողերի տեղերն իմացվի եւ կոնկրետ անձինք բացահայտվեն, այդքան բան:
-Տեսակետ կա, որ իշխանությունների կողմից հանձնաժողովի ստեղծման հարցի տապալումը պայմանավորված է նրանով, որ «Նաիրիտ»-ի գումարների փոշիացման հարցում շոշափվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր անունը: Ինչ եք կարծում, իսկապե՞ս ՀՀ վարչապետի եղբայրն այդ ամենում մեղք ունի:
-Ես չեմ կարող ասել, որովհետեւ ես Տիգրան Սարգսյանին ճանաչել եմ, երբ որ շատ երիտասարդ տնտեսագետ էր, իսկ եղբայրներն էլ երեխա էին, ես իրենց չեմ ճանաչել: Իսկ այդ առումով բան չեմ կարող ասել, ես էլ եմ լսել, մամուլում ես էլ եմ կարդացել, բայց ես չեմ կարծում, որ Մելքոնյան Վահանը, որն այնտեղ գլխավոր տնօրեն էր, բանկերի միության նախագահը… բանկերով են այդ ամբողջ աֆիորաները արել, էլի… մենակ Տիգրան Սարգսյանի եղբայրը դժվար թե կարողանար նման բաներ անել: Նա ընդամենը տեղակալի կարգավիճակ է ունեցել, ուրեմն Մելքոնյան Վահանը մորքուր է եղել կամ էլ ինչ է` Անգլիայի թագուհի՞ է եղել այնտեղ: Հիմա նման մորքուրներ էլի կան, որ իրենք բան չեն անում այնտեղ, իրենք իրենց տանն էլ չեն կարող հարցեր լուծել, ուր մնաց թե` «Նաիրիտ»-ի հարցի նման հարց լուծեն: Սա այլ խնդիր է, ու կարծում եմ, որ ՀՅԴ-ում շատ լավ հասկանում են, թե ինչ են անում: Իսկ դրա համար պետք է վարչապետը պատասխան տա, էներգետիկայի, էկոնոմիկայի նախարարները պետք է պատասխան տան, պետք է գան` ասեն, չէ՞ ոնց են էդ գումարը ծախսել: Ախր իրենք հիմա չեն կարում ասեն, թե որտեղից է գոյացել այդ գազի պարտքը:

 

 

 

 

 

 

 

Ր. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎՍ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ

Երեկ Դուբլինում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության 2014թ. լիագումար նստաշրջանում ելույթ է ունեցել նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ԵԺԿ-ին կոչ է արել այլեւս երբեք չվավերացնել կեղծված ընտրությունները եւ չընդունել նրանց, ովքեր չեն վայելում ժողովրդի դե յուրե վստահությունը:

Րաֆֆի Հովհաննսիյանն իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդի ժողովրդավարական ընտրությանը եւ կոչ արել խաղաղ ու սկզբունքային լուծում գտնել ներկա ճգնաժամից դուրս գալու համար: «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ` պարզելու, թե ինչու կանխավ հայտարարվեց, որ «Ժառանգություն»-ը չի մասնակցելու Դուբլինում կայանալիք նիստին, սակայն հետո որոշվեց, որ Ր. Հովհաննիսյանը ելույթ պետք է ունենա:
-Համագումարին մենք միշտ մասնակցել ենք ու երբ ցանկանանք` կարող ենք այդ ժամանակ մասնակցել: Համագումարն այնպես չէ, որ մեզ հրավիրեն կամ չհրավիրեն, մենք մասնակցում ենք միշտ, երբ որ ցանկանում ենք: Այլ բան է, որ համագումարներին զուգընթաց, երբեմն էլ առանձին կազմակերպում են ԵԺԿ ղեկավարների գագաթաժողով: Դրան մասնակցում են ԵԺԿ անդամ այն կուսակցությունների ղեկավարները, որոնք կառավարության ղեկավար են կամ երկրի նախագահ: Կան աշխատանքային խմբեր, որոնք կարող են մասնակցել ցանկացած պահի, կա քաղաքական վեհաժողով, որին եւս կարող ենք մասնակցել ցանկացած ժամանակ՝ առանց հրավերի, կա համագումար, որը բարձրագույն մարմինն է, որին մենք մասնակցում ենք միշտ:
-Դուբլինում ելույթ է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը, սակայն այդ ընթացքում Ր. Հովհաննիսյանը դահլիճում չի եղել: Որն է պատճառը:
-Պարոն Հովհաննիսյանը ելույթ է ունեցել այսօր եւ խոսել է ավտորիտարիզմը չհանդուրժելու մասին: Նա կոչ է արել նաեւ շտկել անցյալի սխալները, հարգելով ազատության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սեփական չափանիշները: Նրա խոսքով? այս համատեքստում ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ԵԺԿ-ն ինքը եւ հատկապես Հայաստանի իշխանություններն են պատասխանատու երկրի անընդունելի ներքին վիճակի եւ արտաքին քաղաքական ընտրությունների համար: Քննարկումը նվիրված է եղել ԵԺԿ անելիքներին, գործողությունների ծրագրերին: Ինքը ներկայացրել է, թե ինչ խնդիրների պետք է անդրադառնա ԵԺԿ-ն՝ ՀՀ-ի հետ կապված: Ի՞նչ աներ այնտեղ, ինչ է՝ բարձրանար դահլիճում գոռգոռա՞ր: Այնտեղ բանավեճի ֆորմատ, քննարկման ֆորմատ չկա:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԲԱՄՕ-Ի ՇՈՒՐՋ

Անցել է 8 ամիս, սակայն «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանի սպանության գործով դեռեւս ձերբակալվածներ չկան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նույնիսկ Ռուսաստանի իրավապահ համակարգը մինչ օրս չի կարողանում հասկանալ, թե ինչ թշնամիներ կարող էր ունենալ գործարարը, որպեսզի այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնեն: Հիշեցնենք, որ գործարարին սպանել էին 2013 թ. հունիսի 11-ին, Մոսկվայի «Lotte Plaza Hotel» հյուրանոցի մոտակայքում:
Սպանվածի եղբայրը՝ Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ իրական մեղավորները կպատժվեն, քանի որ սպանության կծիկը գնալով բացվում Է։ «Սակայն ես իրավունք չունեմ անուն տալ։ Երբ ամեն ինչ պարզ լինի, հասարակությունն այդ մասին կիմանա»,- ասել էր դեսպանը: Ինչպես երեւում է, Ռուսաստանի իրավապահ համակարգը այդքան էլ շահագրգռված չէ գործարարի սպանությունը բացահայտելու հարցում:

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԿԼԻՆԻ

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսուհետ հաշվետու է լինելու Ազգային ժողովին: Երեկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է այդ հարցն ու ընդգրկվել ԱԺ քառօրյայի օրակարգում: Նոր օրինագծի համաձայն՝ ԱԺ լիագումար նիստում պատգամավորները կարող են հարցեր ուղղել գլխավոր դատախազին:
Որոշվել է, որ նոր գլխավոր դատախազը ԱԺ-ին հաղորդում կներկայացնի մյուս տարվանից՝ 2015 թվականից:
Հիշեցնենք, որ այս օրինագծին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, սակայն հետո, ԱԺ-ում արդեն արդարադատության նախարարը հայտարարեց, որ կառավարությունը խնդիր չունի, այլ, պարզապես, առաջին ընթերցման էր ներկայացվել բավականին ձեւափոխված տարբերակ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից պարզել.
-Ինչու նախկինում այդ պրակտիկան չէր կիրառվում եւ Աղվան Հովսեփյանը ԱԺ-ին հաշվետվություն չէր տալիս:
-Մենք այժմ ասում ենք, որ հիմա նիստում է ներկայացնելու, թե չէ նախկինում էլ է ներկայացվել:
-Արդյոք Աղվան Հովսեփյանի անձով չէ՞ր պայմանավորված հաշվետվությունների բացակայությունը. ասել է թե՝ նա ԱԺ-ին լուրջ չէր վերաբերվում:
-Ոչ:

 

ԵՂԵԼ Է ԼՂՀ-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու նա մարտի 5-ին` իր եղբոր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյանը օրը, այդպես էլ Եռաբլուր չգնաց. «Ես Ղարաբաղում եմ եղել, ԼՂՀ իշխանությունները հրավիրել էին միջոցառման, իրենք հոբելյանական տարիներին մի շարք միջոցառումներ են անցկացնում, դրա համար այնտեղ եմ անցկացրել»: Հարցին, թե ինչու իր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը եւս Եռաբլուրում չի եղել, պատասխանեց. «Եղբայրս էլ հիվանդանոցում է եղել, մայրիկիս մոտ, քանի որ նա շատ վատ էր»:




Լրահոս