ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումնները դեռեւս շարունակվում են, իսկ փաստաբանների մտահոգությունները օր օրի ավելանում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ այս օրերին իրենք փորձում են նախագծի շուրջ առաջացած տեսակետներն ու մտահոգությունները հասցնել ԱԺ պատգամավորներին:

Հիշեցնենք, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել դեռեւս 2012թ. սեպտեմբերի 14-ից, սակայն այդպես էլ չի մտել ԱԺ մեծ օրակարգ: Ավելին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները նախագծի շուրջ դեռ ներքին քննարկումներ են իրականացնում:
Իսկ թե օրենքի որ փոփոխությունն են փաստաբաններն առավել վտանգավոր համարում, եւ ինչ քայլեր են իրականացնում՝ իրավիճակը շտկելու համար, փորձեցինք պարզել նրանցից:
Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով` ամենավտանգավոր կետը մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացման հնարավորության սահմանումն է.«Սրա արդյունքում հեղինակներին ստիպելու են նախաքննական մարմիններին կենտրոնանալ մեղադրյալի խոստովանական ցուցմունքի վրա, առաջին օրերին ամեն կերպ ստանալ նման ցուցմունք, դեպոնացնել ու գործը համարել ավարտված: Նախաքննության առաջին օրերին մեղադրյալները հիմնականում գտնվում են նախաքննական մարմինների լիակատար ազդեցության տակ, եւ նման կարգավորմամբ մեղադրյալի ցուցմունքները ոչ միայն դառնալու են «ապացույցների թագուհի» (37 թիվ), այլեւ քրեական դատավարությունն, ըստ էության, ավարտվելու է դեռեւս չսկսած, առաջին իսկ օրերին, դեպոնացումից անմիջապես հետո»:
Ըստ փաստաբանի` նախագծի հեղինակներն ասում են, թե դատավորի մոտ դեպոնացումը երաշխիք է, որ խոշտանգումները կնվազեն: «Նախ՝ մեկ- երկու դատավորներ կան, որ տեսնելով վնասվածքները, ընթացք կտան դրանց, կամ կհրաժարվեն դեպոնացնել (նրանց կանվանեն գործ փչացնող հակապետական տարր), մյուսները ձայն չեն էլ հանի: Բացի այդ, խոսքը չի գնում միայն խոշտանգումների մասին, առաջին օրերին առանց խոշտանգելու էլ` խիստ հոդվածով մեղադրանք չառաջադրելու, մեղմ խափանման միջոց կիրառելու խոստում տալով էլ քննչական մարմինն ինչ ցուցմունք ուզի կստանա: Այդ դեպքում դատավորն անգամ եթե ուզի, չի էլ կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել նախքան դեպոնացումը»:
Նրա խոսքով՝ արդեն 3 տարի է, ինչ Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը մասնակցում է նախագծի շուրջ պարբերաբար կազմակերպվող քննարկումներին, եւ այս հարցը մշտապես բարձրացվել է բոլոր հանդիպումների ժամանակ. «Բացի այդ, բազմաթիվ անգամ փաստաբանների պալատը առանձին գրավոր առարկություններ է ուղարկել աշխատանքային խմբին, որտեղ այս հարցը եւս բարձրացված է եղել, սակայն անարդյունք: Հիմա էլ աշխատանքները շարունակում ենք՝ փորձելով մեր տեսակետները հասցնել ԱԺ պատգամավորներին»,- ասաց Վարոսյանը՝ հավելելով, թե որոշ կետերի, դրույթների վերաբերյալ նախագիծը փոփոխվել է, բայց կարեւորագույն կետերը, որոնք իրենց կողմից ամենավտանգավորն են համարվում, Էապես փոփոխություն չեն կրել:
Իսկ ահա փաստաբան Հովիկ Արսենյանի խոսքով՝ օրենքի գերակայության բացակայության պայմաններում օրենք ընդունելը մեկ բան է, կյանքի կոչելը՝ մեկ այլ բան. «Կամք եւ ցանկություն է պետք հատկապես իրավապահ մարմիններին, դատական իշխանություններին՝ այն իրականացնելու համար»:
Չնայած փաստաբանների լուրջ մտահոգությանը, ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանի խոսքով՝ օրենքը մինչեւ չաշխատի, չեն կարող նրա վատ կամ լավ կողմերը բացահայտել. «Այն բավականին ծավալուն է եւ կոնստրուկտիվ փոփոխության է ենթարկվում: Ավելին՝ կարելի է ասել՝ ավելի եվրոպականացվում է եւ եվրոպական զարգացած երկրների օրինակներ կան այնտեղ»:
Հավելենք, որ եվրոպացի շատ մասնագետներ բացասական կարծիք են արտահայտել այս նախագծի շուրջ՝ պնդելով, որ նախագիծը վտանգավոր դրույթներ է պարունակում: Թերեւս սրանով է պայմանավորված, որ օրինագծը 2012-ից ԱԺ-ում է՝ դեգերելով մի քառօրյայից մյուսը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՊՈՒՏԻՆԸ ՎԵՐՆԻՍԱԺՈՒՄ

Մայրաքաղաք Երեւանում հայտնվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով հուշանվերներ: Մասնավորապես, «Վերնիսաժի» հուշանվերներ վաճառող գրեթե բոլոր տաղավարներում վերջին մեկ ամսում կարող ես հանգիստ ձեռքբերել դրանք: Մաքսային Միությանն անդամակցելու ճանապարհին, թերեւս, սրանք առաջին «ծաղիկներն են»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ովքեր են այս «հատուկ» հուշանվերների գնորդները, վաճառողներից մեկը պատասխանեց. «Ռուսները, մեկ- մեկ էլ՝ խոպանչիները: Սա գնում, հետները տանում են, որ իրենց այնտեղ չնեղացնեն (ժպտում է-խմբ.): Լավ էլ վաճառվում է: Չենք դժգոհում»: Զրույցի ավարտին նրանից հետաքրքրվեցինք՝ կա՞ն գնորդներ, ովքեր պահանջում են Սերժ Սարգսյանի դիմանկարով հուշանվերներ: Մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց:

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ

Առաջիկայում Հայաստանի ձու արտադրող ընկերությունների տնօրենները պատրաստվում են դիմել ՀՀ մաքսային ծառայություն պահանջով` խստացնել հավկիթի ներկրման պայմանները: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ՊԵԿ մամլո խոսնակ Նելլի Մանուչարյանից հետաքրքրվել՝ մաքսային ծառայությունը պատրա՞ստ է ընդառաջել գործարարներին, թե ոչ: Սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ձու արտադրող ընկերությունները նամակով դիմել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` խնդրելով ուսումնասիրել ձվի շուկան:
Տեղեկացնենք, որ 2014-ի հունվարի 1-ից մինչ փետրվարի 23-ը մեր հանրապետություն ներկրվել է 2 մլն 282 հազար 400 հատ հավկիթ, իսկ փետրվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում` 324 հազար հատիկ սննդային հավկիթ:

 

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՉԵՆ

Փետրվարի 3-ին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, մեղադրանք էր առաջադրվել Գյումրիի քաղաքպետ Սամվել Բալասանյանի տան մոտ սպառնալիքներ եւ կրակոցներ հնչեցնելու համար: Նա մեղադրվում էր ՀՀ քր. օր. 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանի կինը՝ Նոնա Ղուկասյանն, ասաց որ իրենք այս գործով հետաքրքրված չեն: Ավելին՝ ինչպես պարզեցինք Նոնա Ղուկասյանից` Սպարտակ Ղուկասյանին ընդամենը մեկ անգամ են հրավիրել ոստիկանություն հարցաքննության եւ այլեւս որեւէ հարցաքննություն չի եղել:

 

 

 

 

 

 

 
ԲԼԹ

 

«Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձեւավորելու ուղղությամբ»:

Սերժ Սարգսյան
Ի՞նչ ջանքերի եւ Եվրոպական միության հետ համագործակցության ի՞նչ գործուն կառուցակարգերի մասին է խոսքը, երբ մի անգամ` 2013-ի սեպտեմբերի 3-ին արդեն («մեծ եղբոր» ճնշման ներքո) միանգամից հօդս ցնդեցին դրանից առաջ արված բոլոր ջանքերի արդյունքները: Իսկ արդյունքում ակնհայտորեն փոխվեց ԵՄ ներկայացուցիչների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Հիմա Սերժ Սարգսյանը համագործակցության նոր տարբերակներ էլ կարող է գտնել, քանի որ նա այդ հարցում լավ կոմբինատոր է, սակայն ինչպե՞ս կարելի է հույս դնել «մեծ եղբորից» կախման մեջ գտնվող մարդու վրա:

 

«Քեզ կոռեկտ պահի, լսի, օրենք խախտելն ուրիշ բան է, սուտ խոսելն ուրիշ բան: Հլա մի հատ մոտիկ արի ասեմ, ինչի՞ ես բորբոքվում: Ես քո կենսագրությունը գիտե՞ս, որ գիտեմ, մի հատ քեզ հանգիստ պահի»:

Հովիկ Աբրահամյան lragir.am
Ինչո՞ւ ենք զարմանում, երբ մեր ԱԺ պատգամավորները հայհոյում են, օգտագործում փողոցային բառապաշար, երբ ԱԺ նախագահն է նման ձեւով խոսում քաղաքացիների հետ: Անկախ նրանից՝ թե ինչ պետք է բացատրեր ֆերմերին, բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում անընդունելի է նման խոսելաոճը, կենսագրության մասին սպառնալից ակնարկներ անելը: Պաշտոնյաները հաճախ մոռանում են, որ ժողովուրդն էլ գիտի իրենց կենսագրությունը: Իսկ Հովիկ Աբրահամյանն ավելի ճիշտ կաներ նման ձեւով խոսելու իր կարողությունները գոնե երբեմն կիրառեր ԱԺ դահլիճում՝ հայհոյող ու անվայել պահվածքով պատգամավորներին սանձելու համար:

 

«Ես կարծում եմ, որ ինտեգրացիոն պրոցեսը, որը սկսել ենք Մաքսային միության հետ, շարունակում է մնալ մեր առաջնահերթ խնդիրմերից մեկը»:

Վահրամ Ավանեսյան
Հետաքրքիր է, որ դեռ մեր իշխանավորների մեջ մնացել են «կարծիք» հայտնողներ, իսկ առավել հետաքրքիր է, որ բոլոր այդ «կարծիքները» համընկնում են միմյանց, այսինքն` կա մի կարծիք, եւ դա իշխանության կարծիքն է: Հիմա նույն հաջողությամբ էկոնոմիկայի նախարարն այնպիսի հանդիսավոր կերպով է հայտարարում ՄՄ մտնելն իրենց առաջնահերթ խնդիր լինելու մասին, կարծես թե դարի բացահայտում է անում եւ կարծես թե իշխանություններն այլընտրանք ունեն: Միակ այլընտրանքը, որ այսօր մնացել է Հայաստանի իշխանություններին, դա մեր ԲՀԿ-ն է, մնացած հարցերում արվում է այն, ինչ պետք է արվի:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս