ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

ԼՈՌՈՒ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԸ ՓԱԿՎԵԼՈՒ ԵՆ

Մարտի 10-ից ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր եւ Ալավերդի քաղաքների տեղական գանձապետական բաժինները (ՏԳԲ) փակվելու են: «Ժողովուրդ»-ին ահազանգած ՏԳԲ աշխատակիցները զայրացած են ու վիրավորված ՀՀ կառավարության գործելաոճից, քանի որ ոչ ոք չի հետաքրքրվում իրենց հետագա ճակատագրով: Նշենք, որ ՏԳԲ-ների փակման արդյունքում ավելի քան 200 մարդ գործազուրկ կդառնա:

ՏԳԲ-ները ստեղծվել են նախկին շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ֆինանսական բաժինների հենքի վրա: Սկզբում կար 46 ՏԳԲ: Հետո ավելացավ եւս 3-ը՝ Բաղրամյանում, Ծաղկահովիտում, Մարալիկում: ՏԳԲ-ների հիմնական գործառույթը բյուջեների կատարումը հաշվառելու եւ բյուջետային ծախսերի նկատմամբ նախնական հսկողության կազմակերպումն է: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ կառավարության նիստում հաստատվեց 10 գանձապետարանների լուծարման մասին որոշումը: Դրանք են՝ Ապարան, Արարատ, Արտաշատ, Եղեգնաձոր, Եղվարդ, Թալին, Հրազդան, Մասիս, Չարենցավան, Ջերմուկ քաղաքների գանձապետական բաժինները: Իսկ ՏԳԲ-ների աշխատանքի ամբողջական ավտոմատացման շնորհիվ դրանց լուծարման՝ գանձապետական համակարգի օպտիմալացման գործընթացը նախատեսվում է ավարտել արդեն 2014թ.-ին:
Թեեւ ՏԳԲ-ները ենթարկվում են ՀՀ ֆինանսների նախարարությանը, սակայն համապատասխան կառույցի աշխատակիցներից եւ ոչ ոք այս ընթացքում «չի բարեհաճել» հանդիպել եւ զրուցել փակվող բաժինների մասնագետների հետ: Նրանց պատմելով, աշխատանքի ազատման «գրությունը» մարզպետարանից է եկել:
Այս պահին Լոռու մարզի Ստեփանավան եւ Վանաձոր քաղաքների ՏԳԲ-ները դեռ շարունակում են աշխատել: Բայց դրանց աշխատակիցների հետագա ճակատագիրն առայժմ հայտնի չէ, նրանք օր օրի սպասում են աշխատանքից ազատման մասին գրությանը:
Կառավարության իրականացրած «բարփոխման» արդյունքում աշխատանքից ազատված մարդիկ հայտնվել են ծանր կացության մեջ եւ այլ աշխատանք չգտնելով` պատրաստ են արտագաղթել: Նրանց մի մասը բազմանդամ ընտանիք ունի, որի ամբողջ հոգսն ընկած է իրենց ուսերին:
Աշխատակիցներից մեկը` 53-ամյա Սամվելը (անունը փոխված է), «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված հայտարարեց. «Սկզբում կառավարությունն էր լուծարում, իսկ հիմա առանց համապատասխան որոշում ընդունելու, օրենքի խախտումներով են փակվում: Հիմա Ֆինանսների նախարարությունը գրություն է գրում մարզպետին ու այդպես մարդկանց ազատում են աշխատանքից: Շրջանցում են օրենքներն ու մեզ էլ գցում ծանր վիճակի մեջ: Համայնքներում մեծ դժվարություններ են, համայնքապետերը լրացուցիչ գումարներ են ծախսում, մասնագետներ չունեն, որ այդ աշխատանքներն ինքնուրույն կատարեն: Պատկան մարմիններն իրենց այս քայլով կարծում են, որ տնտեսում են, բայց նման բան չկա, որովհետեւ համայնքներում արդեն սկսել են մեծ գումարներ ծախսել: Իսկ համայնքապետերը հասարակ վճարման հանձնարարագիր չեն կարողանում գրել, ուր մնաց` համակարգչով ինչ-որ գործողություն անեն»:
«Ժողովուրդ»-ը հարցի շուրջ զրուցեց նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի հետ: Նա տեղեկացրեց, որ աշխատանքից ազատվածների թվում կան մասնագետներ, ովքեր դիմել են եւ արդեն աշխատում են գանձապետական համակարգի կենտրոնական ապարատում` կատարելով ռիսկերի վրա հիմնված գնահատում հենց նախնական հսկողության ոլորտում: Գլխավոր գանձապետը նաեւ նշեց, թե ինքը վստահ է, որ մարզերում եւ համայնքներում հաստատ կլինի հանրային ֆինանսների ոլորտի լավ մասնագետի կարիք:
Ի դեպ, աշխատանքից ազատված մարդիկ 6 ամիս մնալու են կադրերի ռեզերվում եւ աշխատավարձ են ստանալու:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 
ՀՌԻՓՍԻՄԵՆ ԿՄԵԿՆԻ ԻՍՐԱՅԵԼ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին բժիշկներն արգելել են զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, եւ նա նշանակվել է Հայաստանի ծանրամարտի պարմանուհիների եւ օրիորդների հավաքականի գլխավոր մարզիչ։ Իսկ ահա մեր մեկ այլ ծանրորդուհի՝ Լոնդոնի օլիմպիական խաղերի, ինչպես նաեւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, արծաթե եռակի մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանը նախապատրաստվում է ապրիլի 5-16-ը Իսրայելում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Նշենք, որ նա ամուսնացել է 2012 թվականի հոկտեմբերին եւ ներկայումս մեծացնում է որդուն։

Փետրվարի 19-23-ը կայացած ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնությունում Հռիփսիմեն 202 կգ երկամարտի արդյունքով հաղթեց + կգ քաշային կարգում։ Հիշեցնենք, որ Լոնդոնի օլիմպիական խաղերում հայ մարզուհին բրոնզե մեդալ էր նվաճել երկամարտի 294 կգ արդյունքով: Ոսկե մեդալակիր չինուհի Լուլու Զուուն երկամարտում ցույց էր տվել 333 կգ արդյունք՝ 1 կգ-ով գերազանցելով ռուսաստանցի Տատյանա Կաշիրինային։ Այս օրերին Հռիփսիմեն Ծաղկաձորում անցկացվող ուսումնամարզական հավաքում նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը։ Իսկ ութ ամսական Աշոտիկին խնամում է տատիկը։ «Ամբողջ ընտանիքով օգնում են ինձ, որպեսզի կարողանամ լիարժեք պարապել»,-մեզ հետ զրույցում նշեց մարզուհին։ «Ամեն կերպ կփորձեմ բարելավել արդյունքս, հաջող հանդես գալ Եվրոպայի առաջնությունում, որտեղ հիմնական մրցակիցս լինելու է ռուս մարզուհին։ Սակայն, եթե մեդալ չնվաճեմ, կշարունակեմ է՛լ ավելի քրտնաջան մարզվել, որպեսզի հաջողության հասնեմ աշխարհի առաջնությունում»,-ասաց Հռիփսիմեն։
Մեր զրուցակիցը, բնական է, տեղյակ էր, որ Նազիկ Ավդալյանը մարզիչ է աշխատելու. «Իհարկե, ես շատ կցանկանայի, որ Նազիկն էլ մնար պրոֆեսիոնալ սպորտում, մասնակցեր Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, օլիմպիական խաղերին, բայց ինչ արած, բժիշկները թույլ չեն տվել։ Ես միշտ էլ ուրախացել եմ նրա հաղթանակներով եւ հույս ունեմ, որ մարզչական բնագավառում էլ նա հաջողությունների կհասնի։ Երբ ես տղա ունեցա, եւ Նազիկը եկավ ինձ տեսության, ասաց, որ ինքն էլ է տղայի սպասում, ես շատ ուրախացա»։
Մենք շնորհավորեցինք Հռիփսիմեին կանանց տոնի կապակցությամբ եւ հարցրեցինք, թե ինչպես է նշելու Մարտի 8-ը։ Պարզվեց, որ նա, ամենայն հավանականությամբ, այդ օրը կլինի Ծաղկաձորում, իսկ թե ինչ է նվիրելու ամուսինը, չգիտի։ Ընդհանրապես սիրում է ծաղիկներ, հատկապես մուգ կարմիր վարդ, սիրում է նաեւ անակնկալներ։ Ինչ վերաբերում է Ապրիլի 7-ի տոնին, ապա Հռիփսիմեն այդ օրը կլինի Իսրայելում, որտեղ, ինչպես նշեցինք, անցկացվելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

 

 

 
ՓՀԷԿ-Ը ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է

Օրերս Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղում կայացել են «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի շինարարության վերաբերյալ հասարակական լսումներ: Գետահովտի գյուղապետ Արթուր Ղազարյանը «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնեց, որ շինարարական կազմակերպությունը նախագծում դեռ որոշ փոփոխություններ պիտի կատարի: Մասնավորապես` խոսքը վերաբերում է հէկ-ը սնուցող ջրատար խողովակի տրամաչափը 1000 միլիմետրից 1200 դարձնելուն եւ ՓՀԷԿ-ը սնուցող խողովակաշարի երկարությունը 1 կիլոմետրով երկարացնելուն: Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը մեզ ասաց, որ «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէներջի» ՍՊԸ-ն գյուղի համար բարեգործական ծրագրեր է կատարել. կառուցել է Գետահովտի գիշերային լուսավորության ցանց, գյուղին նվիրաբերել է «ԴՏ-75» մակնիշի տրակտոր, նորոգել է մանկապարտեզի խոհանոցի, ճաշարանի եւ զուգարանի տարածքը: «Մեգաէներջի» ՍՊԸ-ի տնօրեն Լորիս Եղայանն ասաց, որ «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի համար ազդակիր համայնք է հանդիսանում նաեւ Ենոքավանը, որի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանը ներկա է եղել փետրվարի 17-ին Գետահովտում կայացած հասարակական լսումներին: Լորիս Եղոյանի ներկայացմամբ` փոքր հէկ-ի նախագծմամբ զբաղվող «Գիդիպինվեստ» ընկերության աշխատակիցները ջրատար խողովակների տրամաչափի խնդիրը քննարկել են ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների, բնապահպան փորձագետների հետ եւ հանգել այն եզրակացության, որ 1200 մմ տրամաչափի խողովակաշարը տվյալ դեպքում ամենանպատակահարմարն է:
Հիշեցնենք, որ 2012թ. մայիս ամսից Գետահովիտ գյուղի տարածքում, «Խաչաղբյուր-2» փոքր հէկ կառուցելու նպատակով, առանց համայնքի կողմից տրված շինթույլտվության, կատարվել են շինարարական աշխատանքներ. աշխատել է ծանր տեխնիկա, բազմաթիվ ծառեր են հատվել, հողի շերտի փոփոխություն է եղել: 2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվել է ՓՀԷԿ-ի շինարարությունը: Դեկտեմբերին Գետահովտի բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` առանց շինարարական թույլտվության ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ հարուցել: Այդ դիմումը ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից` ոստիկանության Իջեւանի բաժին: Այդ ընթացքում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէներջի» ՍՊԸ ղեկավարության կողմից Գետահովիտ համայնքում զանազան ծրագրեր իրականացնելու խոստումներ են տրվել եւ փոքր հէկ -ի շինարարությունը վերսկսվել է:
Հ. Գ. 2013թ. հունվարի 26-ին Սերժ Սարգսյանը Իջեւան քաղաքում ունեցած նախընտրական ելույթում խոսեց նաեւ մարզի էներգետիկ ռեսուրսներն օգտագործելու անհրաժեշտության մասին: Տավուշի մարզի բնակիչներն այդ ելույթից եզրակացրին, որ «Խաչաղբյուր-2» փոքր հէկ -ի կառուցման հարցը վերջնականապես լուծված է:

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս