ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում
Երեկ ՀՀ վարչապետ եւ Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ բացվել է ՀՊՄՀ-ի 3-րդ մասնաշենքի հիմնանորոգված դահլիճը: Դահլիճի բացումը Տիգրան Սարգսյանն այնքան է կարեւորել, որ ռոք երաժիշտների հետ բեմ է բարձրացել:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե երաշխավորված ավանդներն ինչ հերթականությամբ են հաշվարկվում: Եվ, ընդհանրապես, ո՞ր ավանդները չեն երաշխավորվում:
Գաբրիել Հարությունյան (74 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշենք, որ առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում, առաջին հերթին հաշվարկվում են ավանդատուի՝ բանկում առկա դրամական միջոցները, այնուհետեւ բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները, եւ վերջում դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսները: Իսկ ընդհանրապես չեն երաշխավորվում այն ավանդները, որոնք
– ճանաչվել են հանցավոր ճանապարհով ձեռքբերված դրամական միջոց,
– պատկանում են բանկի ղեկավարին եւ նրա ընտանիքի անդամներին,
– պատկանում են բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ նրա ընտանիքի անդամներին,
– ներդրվել են ներդրման պահին բանկի սահմանած տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
– սեփականատերը հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ սոցիալական բոլոր թիրախավորված խմբերը, այդ թվում՝ ազատամարտիկները, 2006թ. սահմանված առաջնահերթություններով, ստացել են իրենց ավանդների փոխհատուցումները: Այդ ընթացքում ավելի քան 60.000 քաղաքացու վճարվել է շուրջ 10 մլրդ դրամի փոխհատուցում:
ՀԱՐՑ. Եթե մաքսային արժեքի որոշման մեթոդի ընտրության հետ կապված անհամաձայնություններ են առաջանում, ապա անձը ո՞ւմ կարող է դիմել:
Գեւորգ Խաչատրյան (37 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Խաչատրյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ տարածքային (տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային) մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում վերջիններս, ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում կազմում եւ հայտարարատուին են տրամադրում վերադաս մաքսային մարմնի սահմանած ձեւով մերժման եզրակացություն, որտեղ հիմնավորվում է հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, եւ նշվում է այն վերադաս մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող է բողոքարկման համար դիմել հայտարարատուն: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափի կամ որոշման եղանակի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն, մերժման եզրակացությունն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում, կարող է բողոքարկել վերադաս մաքսային մարմին կամ դատարան: Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է 30-օրյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում եւ տեղյակ պահել հայտարարատուին:
Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն օրենքը թույլ է տալիս առաջացած անհամաձայնությունների դեպքում սահմանված ժամկետում դիմել համապատասխան բաժին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
ՀԱՐՑ. Տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով տղաս եւ ընկերս այրվել են: Ղեկին եղել է տղաս եւ բախվել է գազատար խողովակին: Նրանցից ոչ մեկի անունը ԱՊՊԱ-ի մեջ չկա գրված: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ ենք դրամական փոխհատուցում ստանալ, թե ոչ:
Գագիկ Կարապետյան (48 տարեկան, ատամնաբույժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ԱՊՊԱ-ն դա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն է: Հետեւաբար, ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է երրորդ անձանց (հետիոտին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի ուղեւորին) պատճառված գույքային եւ անձնական վնասները: ԱՊՊԱ պայմանագիրը չի ծածկում մեղավոր վարորդի կյանքին, մեքենային եւ այլ գույքին պատճառված վնասները: Ուստի տվյալ դեպքում ապահովագրական ընկերությունը, որի հետ կնքել են ԱՊՊԱ պայմանագիր, կհատուցի մեքենայում գտնվող միայն ձեր ընկերոջը պատճառված անձնական վնասները: Հավելենք նաեւ, որ եթե Ձեր որդին պայմանագրով չի հանդիսացել լիազորված վարորդ, ապա ապահովարգրական ընկերությունը Ձեր որդու ընկերոջ վնասները հատուցելուց հետո հետադարձ պահանջի իրավունքով կարող է հատուցված գումարի չափով պահանջ ներկայացնել Ձեզ:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն ապահովագրական ընկերություններում բավականին բարդ մեխանիզմ է գործում, եւ ստացվում է, որ նախքան ԱՊՊԱ կնքելը, պետք է յուրաքանչյուր կետին հատ առ հատ ծանոթանալ: Իսկ կոնկրետ այս դեպքում ստացվում է, որ Գ. Կարապետյանը դեռ պետք է ինքը փոխհատուցում տրամադրի, այլ ոչ թե պահանջի: Համաձայնեք, որ այս ոլորտը դեռ երկար կայացման ճանապարհ պետք է անցնի: