Վերջին օրերին ընտրությունների արդյունքներից, կոալիցիա կազմել-չկազմելուց, ՀԱԿ-ի պառակտվելուց առավել` հետաքրքիր կերպով հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց Հայաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների թեման: Ընդ որում, ի տարբերություն նշված առաջին երեք հարցերի, այս դեպքում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր ընդգծված ու շատ հստակ վերաբերմունքը: Այսինքն՝ սա մի թեմա է, որը կարող է պայթեցնել «պսեւդոեվրոպիզացիայով» տառապող, բայց իրականում խորապես ավանդական հայ հասարակությանը: Եվ եթե քաղաքական, սոցիալական կամ բնապահպանական խնդիրների վերաբերյալ այդ հասարակության իրական մենթալիտետը կարող է եւ բավական իներտ դրսեւորվել, ապա այս դեպքում իրավիճակն այլ է` եւ ոչ միայն խնդրի շուրջ մեր ներքին, այլեւ ավելի շատ արտաքին ընկալման տեսանկյունից: Հետեւաբար` Հայաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների թեմայի շահարկումը կարող է դառնալ լրջագույն գործիք` հասարակական կարծիքը ոչ միայն ետընտրական գործընթացներից շեղելու (այս հարցում, ի շնորհիվ մեր չափազանց «սկզբունքային» ընդդիմության, դրա կարիքն առանձնապես չկա էլ), որքան առաջիկա զարգացումներում անհրաժեշտ պահին եւ անհրաժեշտ ձեւով այդ գործիքն օգտագործելու համար:
Ինչպես տեսանք, նման մի հնարք արդեն իսկ օգտագործվեց նախընտրական փուլի վերջին օրերին` Սերժ Սարգսյանի` Մաշտոցի պուրակ կատարած «անսպասելի» այցի արդյունքում: Ընդ որում իրականացվեց բավականին անտաղանդ ձեւով, ինչի արդյունքում, իհարկե, սպասելի քարոզչական էֆեկտը չտվեց: Սակայն, ինչպես հայտնի ֆիլմում ասում է Մոխրոտիկի PR-ի պատասխանատուն` «ÿ վպ ՉՏսՔպովՌՍ, ÿ ՑՏսՖՍՏ ցփցրՖ», այնպես էլ այս դեպքում, համապատասխան տեխնոլոգներն ու նրանց խորհուրդները հլու-հնազանդ կատարող Սերժ Սարգսյանը դեռ միայն սովորում են, եւ այս առումով Մաշտոցի պուրակի բեմականացումը կարելի է ասել` «գեներալնի ռեպետիցիան» էր` նախագահական ընտրություններին ընդառաջ այլ նմանատիպ տեխնոլոգիաներ կիրառելու համար: Այլ հարց է` թե որքանով էին պուրակի համար պայքարող ակտիվիստները կազմում այդ ամենի մասը, ամենեւին չենք բացառում, որ այստեղ նրանք ավելի շատ փորձանմուշի կարգավիճակում էին, սակայն իրենք էլ գլխի չէին ընկնում:
Հիմա անդրադառնանք սեռական փոքրամասնությունների հարցին. այստեղ եւս, չի բացառվում, որ կոնկրետ ԼԲԳՏ (ասենք, որ սա հայհոյանք չէ, այլ փոքրամասնությունների անվանումների հապավումը) որոշ ակտիվ անդամներ (նկատի չունենք սեքսուալ առումով) իրոք այս ամենի զոհն են: Սակայն խնդիրը միայն դա չէ. ի տարբերություն Մաշտոցի պուրակի, այստեղ գործ ունենք ոչ թե տաղավարների, այլ մարդկային ճակատագրերի հետ, որոնք կարող են վտանգվել այս հարցի միտումնավոր սրման արդյունքում: Եւ նախագահական ընտրություններին պատրաստվող Ս. Սարգսյանը պետք է հասկանա, որ ավանդապաշտ հանրության բազմահազար «քյարթ» ներկայացուցիչներն էլ «Տարոն ջանը» չեն, որ ինչպես ասի` այնպես էլ վարվեն:
ԽԱՂ ԿՐԱԿԻ ՀԵՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ