
Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստին զուգահեռ քաղխորհրդի նիստ է անցկացրել նաեւ ՕԵԿ-ը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցներին հայտնել է, որ իրենք նախարարական 2 պորտֆել են ունենալու՝ գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների: Միեւնույն ժամանակ նշվել է, որ ՕԵԿ խմբակցությունում կլինեն այն անունները, որոնք արդեն հրապարակվել են: Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի փեսայի ընկերներին՝ ՕԵԿ ընտրացուցակում ընդգրկված Նելսոն Զուրոյանին ու Դավիթ Կարապետյանին, ապա նրանք մանդատ չստանալուց հետո տեւական ժամանակ է՝ սառեցրել են իրենց հարաբերությունները ՕԵԿ-ի հետ: Ըստ մեր տվյալների՝ նրանց ասվել է, որ առաջիկայում մանդատից կհրաժարվեն Իշխան Խաչատրյանն ու Սամվել Թադեւոսյանը՝ ԱԺ-ում ճանապարհ բացելով երիտասարդ ՕԵԿ-ականների համար: