Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, Կառավարության նիստում կառուցվածքային փոփոխություններ կատարելու որոշում պետք է ընդունվեր: Գործադիրի աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նիստի վերջում ներկայացրեց այդ փոփոխությունները:
«Առաջարկվում է երկու նախարարությունները միացնել և ունենալ Արտակարգ իրավիճակների նախարարություն և Տարածքային կառավարման նախարարություն, ինչպես նաև ունենալ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: Առաջարկում եմ ճանաչել այս նախագիծն անհետաձգելի», – նշեց նա:
Որոշումը հաստատվեց և կուղարկվի Ազգային ժողով:
Լրագրողների հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, թե արդյունավետ է համարում միացում կատարելու որոշումը: Լրագրողների այն հարցին, թե կկարողանա ղեկավարել նաև ՏԿՆ-ն, նախարարը պատասխանեց. «Դեռևս առաջարկ չի եղել: Որ լինի, կմտածեմ»: