Հայ ազգային կոնգրեսի կազմից երեկ դուրս է եկել երկու կուսակցություն՝ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն»-ը եւ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած Հայաստանի լիբերալ կուսակցությունը:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նիստը երեկ տեւեց մոտ երեք ժամ: Սակայն այդ ընթացքում «Հանրապետություն»-ը ոչ թե քննարկում էր ՀԱԿ կազմում մնալ-չմնալու հարցը, քանի որ դա վաղուց էր որոշված, այլ՝ հայտարարության տեքստը: Իրենց այս քայլը «Հանրապետություն»-ը մեկնաբանել է ՀԱԿ-ի հետ ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արտաքին քաղաքական հարցերի շուրջ ռազմավարական ու մարտավարական սկզբունքային տարաձայնություններով: «Կիսելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտության Հայ Ազգային Կոնգրեսի համոզմունքը՝ արտաքին քաղաքական, ներքաղաքական խնդիրների լուծման հարցում, ունենք ռազմավարական ու մարտավարական սկզբունքային տարաձայնություններ, որոնք, ցավոք, ժամանակի մեջ ոչ միայն չեն հաղթահարվում, այլեւ խորանում են: Ուստի «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը, տարածքային կազմակերպությունների ակտիվի հետ քննարկման արդյունքում, միաձայն որոշեց դադարեցնել իր անդամակցությունը Հայ Ազգային Կոնգրեսին»,-ասված է հայտարարության մեջ: Նրանք հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել բոլոր այն ուժերի հետ, «որոնք իրենց խնդիրն են համարում կայուն արժեհամակարգի եւ ժողովրդավարական չափանիշների հիման վրա Հայաստանում համակարգային փոփոխությունների իրականացումը»:
Երեկ «Հանրապետության» գրասենյակում բավական լարված վիճակ էր: Տպավորություն էր, որ իրենք գիտակցում են՝ ՀԱԿ-ից դուրս գալը սխալ է, սակայն գնում են այդ քայլին: Իսկ քաղխորհրդի անդամներից Ռաֆիկ Մկրտչյանը պարզապես կոպտում էր կուսակցությունում գտնվող լրագրողներին եւ մեր թղթակցից էլ հաշիվ է պահանջել, թե ինչու է թերթը գրել, որ 2005թ. այս կողմ «Հանրապետություն»-ը համագումար չի արել: «Հիմա դրել, մեր կենսագրությո՞ւնն եք ուսումնասիրում»,-զայրացել է նա: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ իրականում «Հանրապետություն»-ում ՀԱԿ-ից դուրս գալու որոշումը միաձայն չի ընդունվել, քաղխորհրդի անդամներից շատերը դեմ են եղել այդ քայլին, սակայն, ի վերջո, հանուն կուսակցական համերաշխության եւ Արամ Սարգսյանի «խաթեր» համար չեն առարկել, որ որոշման մեջ գրված լինի «միաձայն» բառը: Որեւէ մեկնաբանություն քաղխորհրդի որոշման մասին «Հանրապետության» անդամներից ստանալ չհաջողվեց. վկայակոչելով տարածած հայտարարությունը՝ «Հանրապետության» անդամները հրաժարվեցին որեւէ բառ ասելուց:
Ինչ վերաբերում է Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած Լիբերալ կուսակցությանը, ապա իրենց հաղորդագրության մեջ որոշումը մեկնաբանել են Կոնգրեսի՝ 7 մանդատները վերցնելով: «Կուսակցությունը գտնում է, որ պետք է վայր դնել այդ մանդատները եւ չմտնել խորհրդարան: 2008թ.-ից սկսած համաժողովրդական շարժման համար յոթ մանդատը համարժեք չէ դրված նպատակներին, շարժում, որը մարտի 1-ին տվել է տասը զոհ, ունեցել է ավելի քան 100 քաղբանտարկյալներ, հազարավոր մարդիկ դարձել են հալածյալներ»,-ասված է հայտարարության մեջ: Նաեւ նշված է, որ ՀԼԿ այն անդամները, որոնք ցանկանում են մնալ ՀԱԿ կազմում եւ դուրս գալ կուսակցությունից, ազատ են իրենց որոշման մեջ: Նշենք, որ արդեն իսկ նման գործընթաց սկսվել է. ՀԼԿ քաղխորհրդի անդամ, նկարիչ Վահրամ Հարությունյանը դեռ օրեր առաջ էր «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել, որ ինքը եղել եւ շարունակելու է մնալ ՀԱԿ անդամ, լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Երեկ պարոն Հարությունյանը վերահաստատեց իր մտադրությունը: Մեր տեղեկություններով՝ ՀԱԿ կազմում շարունակում են մնալ այդ կուսակցության շատ այլ անդամներ: Ի դեպ, համառ լուրեր են շրջանառվում, որ ՀԼԿ-ն այդպես էլ չի կարողացել քաղխորհրդի նիստ անել՝ քվորումի բացակայության պատճառով, եւ սա ընդամենը Հովհաննես Հովհաննիսյանի տարածած հաղորդագրությունն է:
Իսկ Հայ ազգային կոնգրեսն առայժմ չի շտապում մեկնաբանել կատարվածը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ընդամենը ասել է մեկ նախադասություն. «Բարի ճանապարհ եմ մաղթում»: Իսկ «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը նշել է. «Յուրաքանչյուր ուժ, որ դուրս է գալիս ՀԱԿ-ից կամ ուզում է դուրս գալ, ցավալի է, բայց ես պետք է ասեմ, որ ՀԱԿ-ը կշարունակի ապրել, լավ նորություններ էլ կան, որոշ ուժեր, նոր մարդիկ ներս են գալիս»:
ԿՈՆԳՐԵՍԸ ԼՔՈՒՄ ԵՆ ԶՈՒՅԳԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ